×


«Այն մարդկանցից չեմ, ովքեր իրենց ապրումներով կիսվում են սոցցանցերում». Անի Քրիստին՝ նոր հոլովակի եւ սթրեսի պատճառի մասին

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է այն նկարահանելու առիթի, վերջին շրջանում ունեցած ծանր ապրումների մասին, եւ ոչ միայն:

«Իմ լռությունը»

Փորձել եմ նորովի ներկայացնել «Իմ լռություն» երգը, որի հեղինակն Արսեն Գրիգորյանն է, բառերն Ավետ Բարսեղյանինն են: Պատճառն իմ շատ սիրելի ընկերներից ռեժիսոր Արթուր Մանուկյանն է: Երբ նա կրկին Լոս Անջելես եկավ, հանդիպեցինք, եւ զրույցի ժամանակ ասաց, որ այս սիրված երգի համար արդեն 10 տարի է՝ տեսահոլովակ է ուզում նկարել: Այս շրջանում նման մտադրություն, ցանկություն չունեի, բայց քանի որ Արթուրին վստահում եմ, ասացի՝ «Արի փորձենք»:

Նոր գործիքավորումը վստահել եմ իմ ավագ ընկերներից Արամ Ավագյանին: Միքսն Արսեն Բարսամյան է արել, շրթհարմոնը վստահել եմ Արտակ Ներսիսյանին, իսկ կիթառը՝ Արագաս Աբրահամյանին:



Նկարահանումներն իրականացրել ենք Լոս Անջելեսում եւ Սան Դիեգոյում: Սյուժեն շատ պարզ է ու գեղեցիկ. զբոսանք, ծովափ, մտորումներ ու գեղեցիկ տեսարաններ, որոնք շատ եմ հավանել: Մոնտաժն Էդուրադ Մատենցյանինն է:

Մոռացել է

Այս հոլովակի նկարահանման ժամանակ մի դեպք պատահեց, որ ես դեռ երկար կհիշեմ: Սան Դիեգո պետք է մեկնեինք՝ գնացքի տեսարանների համար:
Դիմահարդարման պարագաներն ու անհրաժեշտ այլ իրերս հավաքեցի եւ մեքենայով ուղեւորվեցի կայարան: Այնտեղից ընկերուհիս պետք է ավտոմեքենաս տուն տաներ: Վերջում պարզվեց, որ դիմահարդարման պարագաների պայուսակը մնացել է մեքենայի մեջ: Մենք որոշ պարագաներ գնեցինք եւ փորձեցինք տեղում
շտկել իրավիճակը:

Անի Քրիստին


Դադարը

Ստեղծագործական դադարը բավական երկար տեւեց: 2014-ին Լոս Անջելեսում կայացավ իմ մենահամերգը, որից հետո հեռուստանախագծեր են եղել, բայց նոր երգ եւ տեսահոլովակ՝ ոչ: Այդ շրջանում կյանքումդ կարծես թե ամեն ինչ կարգին է, բայց ինչ-որ բան սկսում է պակասել: Ստեղծագործողի համար շատ կարեւոր է ունենալ նմանատիպ դադարներ եւ հոգեւորով, ասելիքով լցված ներկայանալ, քան անընդհատ լինել եւ ոչինչ չասել: Ավելի լավ է ուշ-ուշ ներկայանալ, բայց ցանկալի լինել: Երկրպագուներիս «ախր շատ սպասեցինք» խոսքերն, անշուշտ, ուրախացնում են ինձ, եւ ցանկություն է առաջանում նոր բան ստեղծելու:

Անի Քրիստին


Փորձությունները

Հայրենիքիս վիշտը ես իմ ներսում եմ տանում. այն մարդկանցից չեմ, ովքեր իրենց ապրումներով կիսվում են սոցցանցերում: Արդյունքում այդ սթրեսը հանգեցրեց արյան ճնշման հետ կապված որոշ խնդիրների: Վստահ եմ՝ հաղթահարելու ենք այս փորձությունները: Հայի համար հակառակը չի կարող լինել: Ասես դժվարությունների համար ծնված լինենք, բայց գիտենք նաեւ պայքարել ու հաղթել: Ես ուրախանում եմ ամեն մի հայի հաջողությամբ:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին