Երկար ժամանակ երգչուհի Արփի Ալտոն Հայաստանում համերգով հանդես չէր գալիս. շրջագայում էր աշխարհով մեկ ու իր երգերը կատարում հիմնականում արտասահմանցի հանդիսատեսի համար:
Բայց երբ Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն առաջարկեց ելույթ ունենալ Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի տանիքում, համաձայնեց: Արդյունքում ծնվեց շատ գեղեցիկ ու մտերմիկ «Almost You» համերգային ծրագիրը՝ համեմված ջազային ստանդարտներով, հեղինակային երգերով, հայկական մեղեդիներով ու բարձրակարգ երաժշտությամբ:
«Այս երեկոյի ամենահաճելի պահը ձեզ հայերեն բարեւելն է: Վերջապես տանն եմ»,- ներկաներին այսպես ողջունեց Արփին ու ջազ կատարումներով սկսեց համերգը:
Երգչուհին նախ շնորհակալություն հայտնեց իր երաժիշտներին ու գովեց նրանց մեծ տաղանդը: «Ջազը շատ հետաքրքիր երաժշտություն է, որովհետեւ հաճախ առանց փորձերի դուրս ես գալիս բեմ եւ չգիտես, թե քեզ ինչ է սպասվում, ի՞նչ ես ստեղծելու, ի՞նչ ես նկարելու բեմում, եւ ամեն անգամ տարբեր է ստացվում: Որքան փորձում ես պլանավորել, այդքան չի ստացվում։ Տղաներին միայնակ կթողնեմ բեմում եւ շուտով կվերադառնամ նրանց մոտ»,- հայտնեց Ալտոն ու թողեց, որ երաժիշտներն իրենց ջազ իմպովիզացիաներն արարեն:
Վերադառնալուց հետո պատմեց, որ օրիգինալ երաժշտություն ստեղծելու համար բավական երկար է աշխատել: Այդ ընթացում միշտ նրա կողքին է եղել դաշնակահար մայրը, որի ձիրքը նաեւ իրեն է փոխանցվել. «Նա է մեղավորն իմ ամբողջ տաղանդի ու ազդել է իմ երաժշտական մտածողության վրա: Կան տաղանդներ, որոնք իրենց համեստության կամ կյանքի բերումով այնպես չեն ռեալիզացվում, ինչպես պետք է, մանավանդ՝ կանանց շրջանում ու մեր իրականության մեջ: Ու իմ կյանքի մեծ նպատակներից մեկն է եղել վերջապես մորս հանել բեմ, որովհետեւ բացառիկ տղանդ ունի։ Ինձ տաղանդավոր են համարում, բայց կարծում եմ՝ իր տաղանդի տասը տոկոսն էլ չունեմ: Եվ այսօր ինձ համար շատ կարեւոր է այս ելույթը։ «Մամ ջան, արի»։ Ուզում եմ ձեզ ներկայացնել ինձ համար շատ կարեւոր երկու համար»։
Ալտոն խոստովանել է, որ սովորաբար խուսափում է հայկական գործերից, պատճառն իր եվրոպական հիմքն ու մայրիկից փոխանցված գերմանական արմատներն են: Բայց հնարավորինս փորձում է իր երգացանկում նաեւ հայկական գործեր ներառել, որոնք նրա կատարմամբ յուրահատուկ են հնչում: «Երբեք չէի մտածի, որ հաջորդ գործը կարող է նման լուծում ունենալ՝ մամայի միտքն է եղել այդպես մատուցել: Զանգում ու ասում է. «Բալես, այնպիսի լավ երգ եմ մշակել»: Հետո հասկացա, որ մենք շատ գեղեցիկ գործեր ունենք, որոնք մատուցման տարբեր ձեւերի պատճառով ճիշտ գույնով չենք տեսնում»,- անկեղծացավ նա ու զարմացրեց մայրիկի նվագակցությամբ իր «Էրվում եմ» ու «Հմայակ» կատարումներով:
Երգչուհին ցանկանում էր, որ հանդիսատեսը հեռանա ոչ միայն լավ տպավորություններով, այլեւ իր հետ տանի իսկական հայկական մեղեդիներ: Այդ պահին Օպերայի բակի ռեստորաններից մեկից շատ բարձր ռաբիս երաժշտություն էր հնչում ու համերգի հակադրությունն էր: «Հասկանում եմ, որ քաղաքում շատ ուրախ է, բայց մենք ոչ այնքան հայնտի հրաշալի ժողովրդական երգեր ունենք: Կուզեմ՝ մի փոքր հատված այսօր Ձեզ հետ տանեք տուն։ Միասին երգենք, շատ հեշտ է: «Մշո գելներ երկու գետ, մեկ Մուրատ, մեկ Մեղրագետ, երթան թափվին Եփրատ գետ»: Այսքան էլ տանեք, ինձ թվում է՝ էլի քիչ չէ»,- սովորեցնելուց ու միասին երգելուց հետո ասաց նա:
Արփին ընդգծեց, որ իրեն ճանաչողները գիտեն, թե որքան է սիրում բրազիլական բոսանովան: Նրա խոսքով՝ որքան էլ մեր հայ մշակույթը գեղեցիկ ու հարուստ է, դրա հետ մեկտեղ էլ մեր պատմության ծանր օրերի պատճառով մութ ու ծանր է, իսկ բրազիլական ջազը տարածում է այն լույսը, որն այս օրերին շատ է պակասում: Ապա հայկական երգերի ու բոսանովայի անկրկնելի միքս ներկայացրեց: Դժվար թե «Հոյ, իմ Նազանի յարն» այդպիսի մեկնաբանությամբ որեւէ տեղ հանդիպած լինեք՝ գեղեցիկ, նուրբ ու կլանող:
«Շնորհակալություն, որ այստեղ եք, չէի կարծում, որ Հայաստանում ինձ շատ են լսում: Յուրաքանչյուրից անձամբ շնորհակալ եմ, որ այստեղ եք ու երեկոն ինձ հետ կիսում եք: Կուզեի ձեզ ոչ թե հաջողություն ասել, այլ մտածելու առիթ տալ, թե որքան կարճ ժամանակով ենք այստեղ, ու մեր մնացած կյանքի օրերն ու տարիներն ինչպես ենք ուզում անցկացնել։ Վերջին գործը շատ սիրելի մի երգ է՝ «What Are You Doing The Rest Of Your Life?»»,- այսպիսի խոսքերով ավարտեց համերգը:
Bravo.am-ի հետ զրույցում Ալտոն նշեց, որ այս համերգը լիովին համապատասխանում էր իր մտահղացմանը, դրա համար էլ առանց մտածելու միանգամից համաձայնել էր:
«Կոնցեպտը շատ խայտաբղետ ստացվեց: Ներկայացրի նաեւ իմ դեբյուտային ալբոմից մի քանի երգ: Ուզում էի նաեւ իմ հայկական արմատները ցույց տալ, քանի որ շատերը չգիտեն, որ հայ եմ: Հաճույք եմ ստացել ու հրաշալի համերգ ունեցել: Ինձ համար շատ կարեւոր էր իմ հանդիսատեսի հետ հանդիպումը, քանի որ վերջապես իմ տանն եմ, բայց այստեղ ելույթ ունենալն ավելի պատասխանատու է: Փորձեցի իմ ներաշխարհը երաժշտության միջոցով փոխանցել նրանց: Ես ոչ կոմերցիոն արտիստ եմ, ուղղակի արվեստագետ, եւ ինձ համար ամենակարեւորը մթնոլորտ փոխանցելն է»,- անկեղծացավ նա։
Պատմեց, որ համերգներին պատրաստվելու առանձնահատուկ արարողակարգ չունի, պարզապես այնպես է ստացվում, որ ընդհանրապես հաց չի ուտում, քաղց զգում է միայն ելույթներից հետո. «Սովորաբար, շատ ավելի հանգիստ եմ լինում, երբ օրգանիզմս սնունդ չի ստանում»։
Նաեւ ավելացրեց, որ լինելով հանգիստ մարդ՝ ավելի շատ սիրում է բալլադային երգերը, բայց հասկանում է, որ մարդիկ նաեւ ակտիվ ու ռիթմիկ երաժշտության կարիք ունեն. «Դանդաղ ասելիքով շատ ավելին եմ կարողանում ձայնով փոխանցել, քան՝ արագ ու տեմպով գործերի»։
Շատ ուրախ է, որ նաեւ իր դեբյուտային ալբոմից հեղինակային երգեր կատարեց. «Բնականաբար, մարդիկ սիրում են լսել այն, ինչ իրենց ծանոթ է: Առհասարակ նոր հնչողություն ու երաժշտություն դժվար են ընդունում: Բայց արդեն սկսել են սիրել նաեւ իմ գրածները: Սակայն դա միանգամից տեղի չի ունեցել: Մի քանի տարի առաջ թեւաթափ էի եղել, բայց հենց հիասթափության պահին կարողացա լծվել աշխատանքին ու նոր գործեր անել: Հասկացա, որ երաժշտությունն ինձ համար փրկօղակ է, որը հնարավորություն է տալիս առաջ գնալ: Գիտակցեցի, որ իմ հուսահատվելու դեպքում ոչինչ էլ չի փոխվի, պարզապես մարդիկ կմոռանան, որ ինչ-որ տաղանդավոր մարդ կար, բայց հիմա նա այլեւս ասպարեզում չէ»:
Իր վերջին համերգն անցկացրել է Փարիզում եւ եվրոպացի հանդիսատեսին ջերմության համար շատ է սիրում: Մինչ այդ Կանադայում էր, իսկ առաջիկայում մեծ շրջագայություն է ունենալու Բրազիլիայում. «Այնտեղ ինձ շատ են սպասում, ես էլ իրենց եմ շատ սիրում»։
Եթե Ալտոն չի երգում կամ ստեղծագործում, ընտանիքի ու որդու հետ է ժամանակ անցկացնում, ինչն օգնում է լիցքաթափվել ու նոր ոգեշնչումներ գտնել:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
127





