Հաշվի առնելով սահմանային լարվածությունը՝ Ջազի հայկական ասոցիացիան նպատակահարմար չհամարեց իրականացնել «Yerevan Jazz Fest 2021»-ի մեկնարկի վերաբերյալ մամուլի ասուլիսը, բայց քանի որ փառատոնի բացման գլխավոր հյուրը՝ բաս կիթառահար Ռիշար Բոնան, արդեն Երեւանի ճանապարհին էր, երեկվա համերգը՝ «Ararat Jazz Night»-ը, հնարավոր չեղավ հետաձգել:
Bravo.am-ի հետ զրույցում Հայաստանի ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանն անկեղծացավ՝ դժվար ժամանակահատված է, բայց ցանկացել են պահել մշակութային ավանդույթը:
«Համավարակ, որից հետո պատերազմ ու դժվարություններ. բոլորիս համար հեշտ չէ: Որոշեցինք իրականություն դարձնել փառատոնը՝ մտածելով, որ մշակույթը եւս լինելու ու ուժեղանալու մի ձեւ է: Մշակույթը մեր իրականության այն բաղադրիչն է, որը հարկավոր է ըստ պատշաճի պահել ու ներկայացնել: Հուսով եմ ու մեծ ցանկություն ունեմ, որ մյուս տարիներին մեր փառատոնը կանցկացվի խաղաղ պայմաններում: Կուզեմ, որ այն խնդիրները, որոնք հիմա մեր առջեւ ծառացած են, էլ չունենանք երբեք: Լինի միայն առաջընթաց բոլոր բնագավառներում, ինչպես նաեւ մշակույթում»,-նշել է Կամո Մովսիսյանը:
Գրեմմիի դափնեկիր, հանրահայտ բաս կիթառահար Ռիշար Բոնան Հայաստանում արդեն երրորդ անգամ է, նրա համար հայ հանդիսատեսն արդեն յուրային ու սիրելի է: Իրեն բնորոշ էներգետիկան ներկաներին փոխանցելուց ու անմիջականության մթնոլորտում ելույթից հետո հետնաբեմում Բոնան Bravo.am-ին ասաց, որ կրկին հիանալի տպավորություններ ունի հանդիսատեսից:
Ռիշար Բոնանը
«Երեւանում հանդիսատեսը միշտ շատ ջերմ է, քանի որ դուք երաժշտական երկիր եք, երգող ազգ եք, բոլորը լավ զգում են մեղեդին: Այստեղ ամեն ինչ շատ սիրուն է, մայրաքաղաքում ամեն անգամ զբոսնում եմ ու հիանում: Երեւանից դուրս եղել եմ Գեղարդի վանքում, երբ դեռ առաջին անգամ էի այստեղ, ինձ շատ է տպավորել այդ վայրը»,-նշեց երաժիշտը:
Մինչեւ դեկտեմբերի 6-ը փառատոնի շրջանակում ելույթ կունենան հայտնի եւ սիրված ջազմեններ, ինչպես նաեւ երիտասարդ խմբեր, որոնք կներկայացնեն ջազն իրենց ինքնատիպ մեկնաբանությամբ։
Կամո Մովսիսյանը եւ Արտակ Ներսիսյանը
Հետաքրքիր է ստացվել «Yerevan Jazz Fest 2021»-ի եւ «Ոսկե ծիրան»-ի համագործակցությունը. Կինոյի տանը կցուցադրվի «Կեսգիշերին մոտ» (Round midnight) ջազային մոտիվներով ֆիլմը, որում հնչում է Հերբի Հենքոքի երաժշտությունը: ֆիլմի ցուցադրությանը կնախորդի համերգ, որի ընթացքում երիտասարդ ջազ երաժիշտները յուրովի կկատարեն կինոնկարում հնչած ստեղծագործությունները:
Հյուր քաղաքը Դիլիջանն է. Լեւոն Մալխասյանը եւ Վահագն Հայրապետյանն իրենց բենդերի հետ դիլիջանյան սառնաշունչ երեկոներից մեկը կլցնեն ջազային մեղեդիներով:
Նարեկ Վան Աշուղաթոյանը եւ Գոհար Գասպարյանը
Երեւանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, տեղի կունենա «Yerevan Jazz Fest 2021»-ի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ միջոցառումը: Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու Վահագն Հայրապետյանի ջազ տրիոն: Կհնչեն Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ Վահագն Հայրապետյանի ջազային մշակմամբ:
Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրահայտ թմբկահար Բիլլի Քոբամի եւ նրա բենդի համերգով։ Այն նվիրված է սիրված ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: