×


Սուրեն Առուստամյանը՝ Հայաստան գալու, առաջին ալբոմի եւ լեգենդար երաժիշտների հետ աշխատելու մասին

«Երաժիշտներ, որոնց հետ նվագելու մասին մանկուց երազում էի, բայց չէի էլ կարող պատկերացնել, որ թեկուզ նույն սենյակում կարող ենք գտնվել երբեւէ, իսկ հիմա փաստորեն միասին ալբոմ ենք ձայնագրում»,- ասում է երգիչ, կիթառահար Սուրեն Առուստամյանը, որը վերջին տարիներին ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է օրեր առաջ Հայաստան կատարած այցի, իր առաջին ալբոմի, որ շուտով պատրաստվում է թողարկել, անվանի երաժիշտների հետ համագործակցության, տպավորությունների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ Երեւանում սպասվող համերգի մասին։

Հայաստան գալու առիթը

Այս անգամ եկել էի պարզապես ծնողներիս տեսնելու։ Վերջին անգամ 2019 թվականին էի եղել։ Ինձ համար դա երկար ժամանակ էր. 2020-ին քովիդն ու այլ հանգամանքներ խանգարեցին գալ, բայց այս անգամ ստացվեց, եկա 23 օրով։ Համ էլ մայրիկիս տարեդարձն էր, մտածեցի միասին նշենք։ Համերգ այս անգամ չէի պլանավորել Երեւանում, թեեւ ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերիս հետեւորդները գրում էին, հարցնում այդ մասին։ Այս անգամ ուղղակի որոշել էի գալ հանգստանալու, բայց մյուս անգամ անպայման համերգ էլ կլինի։

Չհասցրինք շրջել տարբեր քաղաքներում, բայց Գյումրիում եղանք, որոշ ժամանակ այնտեղ անցկացրինք։ Բավական ծաղկել է քաղաքը, ինչը շատ ուրախալի է։ Իհարկե, հասցրի նաեւ ընկերներիս տեսնել, թեեւ ոչ բոլորին, բայց կարեւորն՝ ամենամտերիմ ընկերներիս տեսա։

Սուրեն Առուստամյանը


«Կարծես մեծ դպրոց լինի, անընդհատ նոր բան ես սովորում»

Արդեն յոթ տարի է՝ ԱՄՆ-ում եմ։ Ձայնագրություններ եմ անում, համերգներ եմ ունենում, իսկ 2021-ի սկզբից աշխատում եմ առաջին ալբոմիս վրա։ Այն մարդիկ, որոնց հետ համագործակցում եմ, լեգենդար երաժիշտներ են, նրանց հետ նվագելն իմ մանկության երազանքն է եղել։ Նույնիսկ մեկ տարի առաջ չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այդ մարդկանց հետ մեկ սենյակում գտնվել, էլ ուր մնաց աշխատել։

Հուրախություն ինձ՝ այստեղ ոչ միայն հայ, այլեւ այլազգի շատ մարդիկ կան, որոնք սպասում են իմ համերգներին, հետեւում են՝ երբ կամ որտեղ եմ նվագելու, որ գան լսելու։ Բացի այդ, այստեղ աճելու, զարգանալու հնարավորությունը մեծ է: Կարծես մեծ դպրոց լինի, անընդհատ նոր բան ես սովորում, ինչը շատ կարեւոր է, որ նույն տեղում չմնաս։

Համագործակցություններ

Նոր ալբոմիս պրոդյուսերը Թիմ Քարմոնն է, որը նաեւ ստեղնաշարային գործիքներ նվագող երաժիշտ է։ Նա մեծ սիրով համաձայնեց զբաղվել ալբոմի պրոդյուսինգով, ու մարտից սկսեցինք աշխատել։ Նրա միջոցով էլ կապ հաստատվեց մյուս երաժիշտների հետ։ Թիմն ինձ հարցրեց՝ որ երաժիշտների հետ կցանկանամ աշխատել, ես էլ քանի որ գիտեի նրա շրջապատը, շատ անուններ ասացի՝ չմտածելով, որ հենց այդ նույն երաժիշտներին էլ նա ցանկանում է հրավիրել ձայնագրություններին։ Ի զարմանս ինձ՝ տարբեր օրերի այդ մարդիկ հերթով գալիս էին ստուդիա ձայնագրվելու։


Այդ ընթացքում հասցրինք աշխատել լեգենդար երաժիշտների հետ՝ Սթիվ Գեդ, Աբրահամ Լաբորիել կրտսեր, Նեյթան Իսթ, Գրեգ Լեյզ եւ այլք, որոնք համագործակցել են այնպիսի հայտնի անունների հետ, ինչպիսիք են Բոն Ջովին, Ջորջ Բենսոնը, Էրիկ Քլեփթոնը, Ջո Կոկերը, Չիկ Կորեան, Արետա Ֆրանկլինը, Դայանա Ռոսին, Քուինսի Ջոնսը, Ֆրենք Սինատրան, Փոլ ՄաքՔարթնին, Մայքլ Ջեքսոնը, Սթիվի Ուանդերը, Մարկուս Միլլերը եւ այլք։ Ձայնագրություններին մասնակցել է նաեւ ջութակահարների նվագախումբ Հունգարիայից։ Հեռակապով կապ հաստատեցինք նրանց հետ այն օրը, երբ պիտի ձայնագրվեին։

Շատ հեշտ էր նրանց հետ աշխատելը. այնքան հասարակ մարդիկ են, որ դու էլ ես զարմանում։ Ամբողջ կյանքդ նվագարկիչներով ես լսել նրանց համերգները, ու հիմա նույն սենյակում աշխատում եք միասին: Շատ պարզ մարդկանց տպավորություն են թողնում, երբեք իրենց այնպես չեն դրսեւորի, որ քեզ թվա՝ ինչ-որ բանով քեզնից առավել են։ Ուղղակի հաճույք ես ստանում նրանց հետ շփումից ու լիքը բան սովորում։


«Երգերից մեկը հայերեն է»

Տասը գործ է լինելու ալբոմում, բոլորը նոր երգեր են։ Դրանցից մեկը հայերեն է՝ «Սարերի հովին մեռնեմ» երգն է։ Մնացած բոլոր երգերն անգլերեն են։ «Սարերի հովին մեռնեմը» Թիմի առաջարկով ընտրվեց։ Հայերեն երգեր ցույց էի տվել նրան, ու կարելի է ասել՝ բոլորն էլ շատ էր հավանել, նշեց՝ անպայման պետք է հայերեն գոնե մի երգ ներառենք, որովհետեւ նախ՝ տարբերվող կլինի, հետո ես հայ հանդիսատես էլ ունեմ, որ սպասում է իմ ալբոմին, ու շատ լավ կլինի՝ հայերեն երգ էլ նրանց ներկայացնեմ։ Դա շատ ուրախալի էր ինձ համար։

«Կարեւոր է ինձ համար»

Ալբոմի թողարկումը եկող տարվա սկզբին է նախատեսվում, արդեն գրեթե ավարտել ենք ձայնագրությունները, պետք է մշակումն ու երաժշտական ձեւավորումն անենք, եւ վերջնական պատրաստ կլինի։ Հետո արդեն կլինեն համերգներ, կներկայացնենք ալբոմը: 2022-ին պլանավորում ենք նաեւ Հայաստանում համերգով հանդես գալ։

Սուրեն Առուստամյանը եւ Սթիվ Գեդը


Տեսահոլովակներ նույնպես կլինեն, դեռ չենք որոշել՝ որ երգերի հիման վրա, բայց կլինեն։ Սպասում եմ ուղղակի ալբոմը պատրաստ լինի, հետո արդեն կորոշենք մնացած անելիքները։ Սա շատ կարեւոր է ինձ համար, հատկապես որ իմ առաջին լիարժեք ալբոմն է։ Ինչպես գրողի համար գիրքը, այնպես էլ երաժշտի համար ալբոմը մեծագույն նշանակություն ունի, որպեսզի ճանաչեն քեզ ու քո երաժշտությունը։ Հետաքրքիր է՝ մեկ տարի առաջ այս ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ այսպես երազանքի նման մի բան կստացվի այս ալբոմի ձայնագրությունը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սուրեն Առուստամյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW