×


Ռուսական «Ձայնը» շոուի այս եթերաշրջանն ավարտին կհասցվի՝ ի հիշատակ Գրադսկիի

Ռուսաստանի Առաջին ալիքը չի ընդհատի «Ձայնը» (The Voice) երաժշտական շոուի տասներորդ սեզոնի թողարկումը, որի ժյուրիի կազմում էր այսօր կյանքից հեռացած երգիչ, կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին։

Հեռուստաալիքի մամուլի ծառայությունը ցավակցություն է հայտնել Գրադսկիի մահվան կապակցությամբ եւ հայտնել, որ արտիստը շարունակել է աշխատել նախագծի վրա՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը։

«Գրադսկին, չնայած վատառողջ լինելուն, մինչեւ վերջ չհրաժարվեց «Ձայն»-ից։ Նրա համար սկզբունքորեն կարեւոր էր մասնակցել նոր համարների պատրաստմանը եւ նկարահանմանը։ Նույնիսկ երբ նկարահանող խումբը փորձեց համոզել նրան սահմանափակել ծանրաբեռնվածությունը եւ հանգստանալ, Գրադսկին մնաց նկարահանման հրապարակում։ Ծրագրի մասնակիցների հետ համատեղ ստեղծված նրա վերջին աշխատանքները դեռ եթերում են։ Մեր պարտքն ենք համարում «The Voice»-ի 10-րդ եթերաշրջանն ավարտին հասցնել՝ ի հիշատակ Ալեքսանդր Բորիսովիչի։ Եզրափակիչ եթերների անցկացման ձեւաչափի մասին որոշումը կհայտարարվի մոտ ապագայում»,- նշված է հեռուստաընկերության հաղորդագրությունում։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին մահացել է նոյեմբերի 28-ին՝ Մոսկվայում, 72 տարեկան հասակում։ Երկու օր առաջ նա շտապ հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունք՝ ինսուլտի կասկածով։ Այս աշնան սկզբին երգիչը վարակվել էր կորոնավիրուսով։

Հ.Գ․ «Ձայնը» շոուի տասներորդ եթերաշրջանը մեկնարկել է Առաջին ալիքի եթերում հոկտեմբերի 8-ին։ Մինչեւ այսօր հեռարձակվել է ութ թողարկում։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին