Այս տարի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 156-րդ թատերաշրջանն է: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը Bravo.am-ին պատմել է 2021-ին բեմադրված ներկայացումների, սպասվող պրեմիերայի ու իրենց խնդիրների մասին:
«Փրկության կղզին» ու «Քայլերը»
Տարվա առաջին ներկայացումը Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած «Փրկության կղզին» է եղել: Դեռ մինչեւ խաղացանկը կազմելն էին անպայման որոշել Վիլյամ Սարոյանի պիեսներից բեմադրել:
«Ուզում էինք հենց «Փրկության կղզին» լինի, քանի որ բարության մասին է, իսկ մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ դրա կարիքը շատ ունենք: Պրեմիերան հոկտեմբերին եղավ, հույս ունեմ՝ դեռ երկար կխաղանք: Որպես հիմնական թիրախային խումբ ընտրել ենք դպրոցականներին. ամեն երեխա պետք է ծանոթանա Սարոյանի հետ, մանավանդ՝ նման գործի, որում խոսվում է հոգատարության եւ սիրո մասն»:
Հաջորդ պրեմիերան նոյեմբերի 1-ին էր ու տեղի ունեցավ թատրոնի՝ Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում: Երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի գրած «Քայլեր» պիեսը բեմադրեց ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը, նկարիչն Անտոն Քեշիշյանն է: Զաքարյանը հենց թատրոնի համար է գրում, նրա հետ 2-րդ համատեղ աշխատանքն էր, առաջինը «Քեյսն» է եղել: Վերջին 3 տարիներին պիեսները հենց թատրոնի պատվերով են գրվում:
«Քայլեր» ներկայացումը
«Արդեն 6 անգամ լեփ-լեցուն դահլիճում խաղացել ենք ներկայացումը: Այն հղիության արհեստական ընդհատումների մասին է: Չարված քայլերն այն երեխաներն են, որոնք լույս աշխարհ չէին եկել ու չէին հասցրել քայլել, սիրել, երազել: Ներկայացման գլխավոր հերոսն իր կյանքի մայրամուտին հանդիպում է նրանց ու պետք է պատասխան տա՝ փորձելով ուղղել սխալները»:
Այս համամարդկային թեման ամբողջ աշխարհում է արդիական, իսկ Հայաստանում հաճախ հղիությունը սեռով պայմանավորված է ընդհատվում: Ներկայացումը խորհուրդ է տրվում դիտել հատկապես ապագա ծնողներին:
Հարությունյանը գոհ է արձագանքներից ու շատ է ցանկանում, որ մարդիկ հասկանան՝ իրավունք չունեն իրենց նպատակներն իրագործելու համար ուրիշներին կյանքից զրկել:
«Հարսանիք թիկունքում»
Գյումրու թատրոնի տնօրենը խոստովանում է՝ «Հարսանիք թիկունքումն» իր լավագույն ռեժիսորական աշխատանքը չէ, իսկ հաջողությունը պայմանավորում է առաջին հերթին թեմայի ընտրությամբ, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ու թիմային աշխատանքով:
Լյուդվիգ Հարությունյանը
Այն իրական պատմության վրա է հիմնված, ռեժիսորը Գյումրիում նկարահանված ռեպորտաժ է դիտել պատերազմի հերոսներից մեկի մասին ու այն պատմել Անահիտ Աղասարյանին, ինչի արդյունքում էլ ծնվել է պիեսը:
«Ներկայացման հաջողությունը պայմանավորված է լավ դրամատուրգով, երաժիշտով, նկարչով եւ, իհարկե, դերասաններով: Նրանք չէին խաղում, այլ իրենց ապրածն էին փորձում վերարտադրել: Թեման կարեւոր էր ու ճիշտ ժամանակին ընտրված: Հաճախ ինձ հարցնում են՝ արդյոք ցանկանում եմ նորից պատերազմին անդրադառնալ, պատասխանը ոչ է: Մեր տղաները միանշանակ հաղթել են, եթե անգամ պարտվել ենք, ուրեմն միայն մենք՝ ապրողներս: Նրանք զոհվել են, որ մենք կարողանանք ապրել, շարունակենք ստեղծագործել եւ չընկճվենք:
Չեմ կարող չանդրադառնալ Հայկոյին, որի հետ շատ հետաքրքիր աշխատանք եմ ունեցել այդ ընթացքում: Հպարտություն է, որ թատրոնի համար նման երաժիշտի հետ ենք համագործակցել: Մեծ ցավ էր նրա կորուստը»:
«Հարսանիք թիկունքում» ներկայացումը
Հարությունյանը նշում է՝ կյանքն ամեն դեպքում շարունակվում է եւ պետք է լավատեսությամբ ապրել: Նա դրանով է պայմանավորում, որ 2021-ին փորձել են հիմնականում սիրո մասին բեմադրություններ անել: Իսկ տարին ավարտելու են «Մաուգլի»-ով:
«Մաուգլի»
«Մեր ազգին համերաշխություն է պետք, սեր, միասնություն, նաեւ կռիվ, բայց նախորդներին հասնելուց հետո: Եթե հզոր թիկունք ու մեծ սեր ունես, միասնական ես, նոր կարող ես կռվել: Ներկայացման մեջ էլ ցույց կտանք, թե այդ ամենն ինչպես ենք պատկերացնում: Հաճախ են հարցնում, թե ինչպիսին է մտավորականների կամ թատրոնների կարծիքը երկրում տիրող իրավիճակի մասին, ամեն արվեստագետ իր բեմադրությունով պետք է խոսի: Ես էլ իմ մտահոգությունները, ցավը, առաջարկը տալիս եմ «Մաուգլիի» միջոցով»:
Վերջին տարիներին Գյումրու թատրոնում մեծ բեմադրություններ էլի են եղել, սակայն «Մաուգլին» իր ծավալով, բեմադրելու ոճով ու ծախսված գումարի չափով բացառիկ է:
«Մաուգլին», որի պրեմիերան դեկտեմբերի 10-ին է, զուտ մանկական ներկայացում չէ, այն այսօրվա շեշտադրումներով է լինելու, խոսվելու է մարդու եւ բնության ներդաշնակության կորստի մասին:
«Փոխաբերական իմաստով համեմատելու ենք մեր կյանքի հետ, երբ մարդը հեռանում է բնությունից, կորցնում է ամենակարեւոր հատկանիշները: Կենդանին երբեմն ավելի հավատարիմ է, իսկ մենք կորցրել ենք այդ կարեւոր հատկությունը: Ներկայացումը տարբեր ենթաշերտեր ունի, բացահայտումներ չեմ անի, բայց շատ ծանոթ մարդկանց ու հոգեվիճակներ կտեսնեք, որոնք կան նաեւ մեր երկրում, ինչի արդյունքում էլ մեր ազգի համար խնդիրներ են առաջանում»:
Շատ են աշխատել
Բեմական մշակումը Հարությունյանն արել է թատրոնի երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի հետ, նկարչական ձեւավորումն ամբողջությամբ նոր է լինելու, այդ նպատակով Ռուսաստանից հրավիրել են նկարիչ Մելս Գեւորգյանին, ներկայացման դիմակները պատրաստել է Տիգրան Աբգարյանը, բեմական լուծումների ու դերասանների շարժումների վրա արդեն 8 ամիս է՝ աշխատում է Արիկ Ասատուրյանը:
«Մաուգլի» ներկայացումը
Զգեստները ձեւավորել է Լուսինե Խաչատրյանը, դրանք Երեւանում ու Գյումրիում կարել են պրոֆեսիոնալ դերձակները: Ներկայացման մեջ 70-ից ավելի մարդ է ներգրավված, հիմնական կազմին միացել են նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողները:
«Զգեստների ձեւավորման համար գումար մշակույթի նախարարությունն է տրամադրել: Տարվա ընթացքում թատրոնն այնքան է աշխատել, որ կարող է իրեն թույլ տալ 13-14 մլն-ից ավելի ծախսատար ներկայացում բեմադրել: Ամիսը 18 ներկայացում ենք խաղում: Նույնիսկ համավարակի ընթացում ենք աշխատել: Վարդան Պետրոսյանի հետ ենք ներկայացում արել, ամեն օր մի դերասան գնում էր ռազմաճակատ, բայց մենք շարունակում էինք խաղալ, քանի որ ամբողջ հասույթը պետք է փոխանցեինք զինվորների հիմնադրամին: Չկա որեւէ ամիս, որ հյուրախաղերով հանդես չգանք: Արտերկրից էլ հրավերներ ունենք, բայց չենք կարողանա մեկնել:
Նոր գործ անելիս պետք է լավ մասնագետների հետ աշխատել: Փորձել ենք հնարավորինս հետաքրքիր լինել հանդիսատեսի համար: 21-րդ դարում համացանցի առկայության պայմաններում դժվար է զարմացնել, դրա համար շքեղությունից բացի, դերասաններն իրենց խաղով ճշմարիտ ու հավաստի պետք է լինեն»:
Ինչպես եւ մյուս ներկայացումների ժամանակ, այս մեկում եւս սկսնակ դերասաններ էլ են լինելու, որոնք դեռ դպրոցում են սովորում:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը
Ձեռքբերումներն ու խնդիրները
Հարությունյանն ուրախությամբ է փաստում, որ Մշակույթի նախարարության աբոնեմենտով 12 հազար երեխա իրենց թատրոնում անվճար հետեւել է ներկայացումներին:
156-րդ թատերաշրջանից առաջ ամբողջությամբ նորոգվել են նստատեղերը, իրենց ուժերով թարմացրել են տեխնիկան, քաղաքապետարանն էլ օգնել է: Մտածում են նաեւ լուսային ու տեխնիկական վերազինման մասին:
«Թատրոնը միշտ խնդիրներ ունի: Տանիքն է պետք փոխել, այդ հարցով մի քանի հոգու արդեն դիմել եմ: Մեր թատրոնը բավական հին է ու տարիների ընթացքում չի վերանորոգվել, եղածն էլ մեր ուժերով ենք արել: Բոլոր դիմապակիները վթարային են, տեխնիկայի խնդիր ունենք, ամենը պետք է թարմանա ու ժամանակակից դառնա: Հավատում ենք, որ դրանք աստիճանաբար կլուծենք ու էլ ավելի լավ ներկայացումներ կանենք»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Գյումրու թատրոնի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: