×


«Հայրս կհպարտանար ինձնով». Քիմ Քարդաշյանը 4-րդ փորձից հանձնել է քննությունը

3 տարի առաջ Քիմ Քարդաշյանը հայտնել էր, որ ցանկանում է փաստաբան դառնալ: Այն ժամանակ այդ մտահղացմանը շատերը թերահավատորեն մոտեցան: Եվ ահա 2021-ին Քարդաշյանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ հաջողությամբ է հանձնել Կալիֆորնիայի փաստաբանների կոլեգիայի վկայագրված քննությունը: Սա Քարդաշյանի 4-րդ փորձն էր վերջին 3 տարիների ընթացքում. նախորդների ժամանակ ձախողվել էր:

«Նայելով հայելու մեջ՝ ես իսկապես տեսնում եմ կնոջ, որով հպարտանում եմ, եւ որն էլ չի նայում հետ: Իրավագիտության ոլորտում իմ անցած ճանապարհը հեշտ ու պարզ չէր: Գիտեմ, որ հայրս շատ հպարտ կլիներ, բայց նաեւ զարմացած՝ իմանալով, թե ինչպիսի ուղի եմ հիմա անցնում: Նա ուսման մեջ իմ ամենալավ գործընկերը կլիներ»,- գրել է Քիմը, որի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, Միացյալ Նահանգներում հայտնի փաստաբան է եղել:


Գրառումը Քարդաշյանն ավարտել է հուզիչ ուղերձով իր հետեւորդներին. «Երբեք մի հանձնվեք, անգամ, երբ բարակ թելից եք բռնված, կարող եք ձեր ուզածին հասնել: Պարզապես տրամադրվեք ու արեք դա, քանի որ այնքան հաճելի է, երբ նոր մակարդակի եք անցնում»:


Քարդաշյանը ցանկացել էր փաստաբան դառնալ 2018 թվականին Սպիտակ տուն կատարած այցից հետո: Նրան հաջողվել էր նախագահ Դոնալդ Թրամփին համոզել ներում շնորհել Էլիս Մերի Ջոնսոնին, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման թմրանյութերի վաճառքի հետ ունեցած առնչության մեղադրանքով: Կինը բանտում գտնվելու 20 տարիների ընթացքում օրինակելի վարք էր ցուցաբերել:
 
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին