×


«Գտնված երազը» Խամաճիկների թատրոնում. իմպրովիզները, Աշոտ Ղազարյանի արտասվելն ու կատուն

Ամանորի նախաշեմին Խամաճիկների պետական թատրոնը փոքրիկների համար յուրահատուկ ու հետաքրքիր նվեր է պատրաստել: Բեմադրվել է հայտնի ու սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմը: Ներկայացման նկարիչը Գարիկ Եվանգուլյանն է, բեմականացումն արել է Անուշ Ասլիբեկյանը, հնչում է Ռուբեն Հախվերդյանի երաժշտությունը, որի գործիքավորումն արել է Էվա Ոսկանյանը, իսկ մուլտիպլիկացիոն մասն ապահովել է Մուշեղ Գարուկյանը:

«Գտնված երազ»-ի փակ ցուցադրությանը ներկա են եղել դերասաններն ու նրանց երեխաները: Ռեժիսոր Լիլի Էլբակյանը Bravo.am-ին պատմել է, որ ցանկացել են նրանց օրն իսկական տոնի վերածել:

Լիլի Էլբակյան. «Հնչյունավորումը լի է եղել իմպրովիզներով»

Մուլտֆիլմը շատ էի սիրում ու երազում, որ մեր թատրոնում էլ այն լինի: Սովորաբար ես եմ անում Ամանորի ներկայացումները, այս տարի հասկացա, որ ամենալավը հենց «Գտնված երազը» կլինի: Խոսեցինք հեղինակների՝ Դիլաքյան եղբայրների հետ ու նրանցից իրավունք ստացանք՝ այն ներկայացման վերածելու: Նույնը եղավ նաեւ Ռուբեն Հախվերդյանի հետ: 100 տարբերակ փորձեցինք, էլ նմանվեց «Ալիսան հրաշքների աշխարհում» գործին, բայց հետո որոշեցինք, որ այն պետք է հնարավորինս նման լինի մուլտին:   


Մեր ներկայացումը երազանքի մասին է, որ մարդը պետք է գտնի այն ու հետեւի դրան: Ամանորի հետ էլ կապել ենք. մի դրվագ կա, որ պապիկը մոռացել է խաղալու ու խաղալիքների մասին: Նա թոռնուհու հետ զարդարում է տոնածառն ու կարծես գտնում իր կորցրած մանկությունը, աղջիկը փորձում է սիրո միջոցով այդ ամենը վերադարձնել:

Պապիկին հնչյունավորել է հայրս՝ Արմեն Էլբակյանը. մուլտֆիլմում կերպարը նրա հայրիկի ձայնով է խոսում: Ծերուկն Աշոտ Ղազարյանն է, աղջիկը՝ Աննա Էլբակյանը, իսկ կատուն խոսում է Դավիթ Գասպարյանի ձայնով:


Հնչյունավորման ընթացքը շատ հետաքրքիր է եղել, այնքան շատ իմպրովիզ են արել: Երբ նայում եմ մուլտը, հասկանում եմ, որ այն ժամանակ էլ Ֆրունզն է հաճույք ստացել ձայնագրությունից:

Անուշ Ասլիբեկյան. «Երեխաներին բարություն ենք փոխանցել»

Երբ Լիլին առաջարկեց մուլտֆիլմը պիեսի վերածել, առաջին արձագանքը ուրախությունն էր, քանի որ իմ մանկության ամենասիրելի գործերից է: Չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր ստեղծագործական առումով կարող եմ նրա հետ առնչություն ունենալ: Երկրորդ փուլում արդեն մեծ պատասխանատվություն ու մի քիչ վախ կար, քանի որ հասկանում էի հանրությանը շատ սիրելի, համարյա լեգենդար դարձած մուլտի մասին է խոսքը, ամեն բառի հանդեպ մեծ հոգածություն ունեի:

Ստեղծագործական թիմը համարյա փառահեղ էր. այս թատրոնում մթնոլորտն ապշեցուցիչ, բարի, տրամադրող ու ստեղծագործական է: Լիլիի հետ սերտ համագործակցելով՝ տեսարան առ տեսարան ենք առաջ գնացել:


Գերխնդիրը բուն մուլտֆիլմի գեղագիտությունից չշեղվելն էր: Աշխատանքային ընթացքը բավական երկարատեւ էր ու բարդ, մի քանի տարբերակ ստեղծեցինք: Խամաճիկներն իրենց յուրահատկությունն ունեն. հույզեր չեն կարող արտահայտել: Գրում էի տեսարանը, նոր հետո մտածում՝ ախր տիկնիկն ինչպե՞ս է դա խաղալու:

Ներկայացման մեջ կան նոր տեսարաններ ու սյուժետային գծեր, ամենասիրելին կատվի՝ Մռռանի կերպարն է, հենց նա էլ ներկայացնում է այս պատմությունը, որն «ընտրել է բազմաթիվ լուսամուտներից լսած զրույցներից»:


Պիեսը հագեցրել ենք ուսուցողական տեսարաններով եւ կարեւոր ուղերձներ ունենք փոքրիկներին: Հեռուստատեսությունը հակագեղագիտական իրականություն է մեր երեխաներին մատուցում, իսկ ներկայացմամբ փորձել ենք բարության, հոգատարության եւ մարդասիրության մասին հիշեցնել:

Աննա Էլբակյան. «Մեր սերունդն անգամ փոքր գործերը մեծ սրտով է անում»

Հետաքրքիր ստեղծագործություն է, գեղեցիկ պատկերներ ու երաժշտություն ունի, ինչն էլ նրան վեհություն ու թեւեր է հաղորդում: Ուրախ ենք, որ թատրոնը համալրվեց եւս մեկ գեղեցիկ աշխատանքով:


Ինչպես միշտ, այս անգամ էլ ձայնագրելիս շատ իմպրովիզ ենք արել: Կխոսեմ Աշոտ Ղազարյանի մասին. այն հատվածում, որ պետք է արտասվեր, մեկ էլ տեսնենք՝ արցունքներ հայտնվեցին աչքերին: Մեր աչքի առաջ այդ մեծ մարդը մանկացավ ու իսկապես խաղում էր ձայնագրության ընթացքում, դա շատ գնահատելի է:

Թող ներեն ինձ բոլորը, բայց մեր սերունդն այդպես է վերաբերվում ամեն աշխատանքի, անգամ փոքր գործերը մեծ սրտով է անում:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW