×


Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում

Մեր երկիրը ներկայացնող երգչուհին՝ 14-ամյա Մալենան, իր «Քամի, քամի» երգով նվաճեց Եվրոպայի սիրտը՝ 224 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած մրցույթում այս տարի հաղթանակի համար պայքարում էր 19 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ:



Երկրորդ հորիզոնականում է Լեհաստանի պատվիրակը, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Ֆրանսիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռեւս 2020 թվականին, սակայն պատերազմով պայմանավորված՝ Առաջին ալիքը չեղարկեց միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: Իսկ այս տարի Մալենան հնարավորություն ունեցավ իրականացնել իր երկարամյա երազանքը՝ Եվրատեսիլին ներկայանալով «Քամի, քամի» երգով, որի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, ինքը՝ Մալենան եւ Դավիթ Ծերունյանը։ Երաժշտական պրոդյուսերն է Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին՝ Հայաստանում: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում: Մալենայի պապիկը կլառնետահար է եւ նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Մայրը դերասանուհի Աննա Մանուչարյանն է։

Պատանի երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն եւ թավջութակ։ Մալենան նաեւ սիրում է պարել եւ 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների: Ոգեշնչված R&B երգիչներից եւ ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց իր նոր սկսվող կարիերայում:

2020 թվականից «TKN» ձայնագրման լեյբլի արտիստ է։

Այսպիսով, հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Հայաստանում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին