Ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի 101-ամյակի օրը՝ սեպտեմբերի 30-ին, Կինոյի տանը տեղի է ունեցել հիշատակի միջոցառում՝ նվիրված նրա ստեղծագործական ու մարդկային ժառանգության արժեւորմանը:
1980 թվականից մինչեւ իր կյանքի վերջին օրը մեծանուն ռեժիսորն աշխատել է Կինոյի տան երկրորդ հարկի փոքրիկ աշխատասենյակում՝ միաժամանակ փոքր դահլիճում բեմադրելով իր թատերական անկրկնելի գործերը։
Այդ պատմական սենյակի պատին փակցվել է հուշացուցանակ՝ ի նշանավորումն նրա թողած ժառանգության։
Միջոցառմանը ներկա էին կինոգործիչներ, դերասաններ, Մալյանի գործընկերներն ու արվեստասերներ, ինչպես նաեւ նրա դուստրը՝ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը։
Կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն իր խոսքում ընդգծեց Մալյանի ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային մեծ ազդեցությունը:
«Բոլորս շատ շնորհակալ ենք նրան: Վստահ եմ՝ այստեղ ներկա ամեն մեկին նա դարձրել է Մարդ... Նրա ողջ տաղանդը սիրո մասին է», - ասաց նա:
Աշխատասենյակի հետ կապված իր հուշերով BRAVO.am-ի հետ զրույցում կիսվեց Նարինե Մալյանը։ Նրա հիշողություններում առանձնահատուկ տեղ ունեն հոր թբիլիսցի ընկերների այցելությունները. նրանք հավաքվում էին Մալյանի մոտ՝ շախմատ խաղալու։
«Դա արարողակարգի պես մի բան էր։ Հայրս շախմատի տախտակ ուներ. նստում էին ու շատ լուրջ շախմատ խաղում՝ քննարկելով աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ՝ արվեստից մինչեւ քաղաքականություն»,- պատմեց նա։
Նարինե Մալյանը հիշեց նաեւ հոր վերաբերմունքը շրջապատի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Մալյանը հատուկ խրատներ չէր տալիս, այլ իր վարքով էր փոխանցում այն արժեքները, որոնցով ապրում էր.
«Սիրել մարդկանց։ Գուցե պարզունակ է հնչում, բայց՝ բարեւել մարդկանց։ Բարեւելու մեջ է մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու ամբողջ խորհուրդը: Բարեւել անգամ նրանց, ում չես ճանաչում, իսկ քեզ ուղղված բարեւին անպայման պատասխանել»։
Անդրադառնալով ժամանակակից կինոյին՝ Նարինե Մալյանը նշեց, որ դժվար է ասել, թե ինչ կասեր հայրն այսօր, սակայն տարիներ առաջ արված նրա գրառումները կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե նա կանխազգում էր հայկական կինոյի ապագա խնդիրները.
«Կարդալով նրա նշումները՝ տեսնում եմ, որ կարծես կանխագուշակել է այն ամենը, ինչ կատարվեց մեր կինոյի հետ իրենից հետո։ Հույս ունեմ, որ կվերականգնվի հայ կինոյի նախկին որակն ու բարձր համբավը»։
Տեքստը՝ Կիմա Սարգսյանի
Լուսանկարները՝ հեղինակի եւ Կինոգործիչների միության


×
238





