×


Չգիտե՞ս՝ ինչ նվիրես ինքդ քեզ Ամանորին։ Գնի՛ր Բենթլի

Առաջին բառը, որ գալիս է մտքիդ, երբ տեղավորվում ես Bentley Flying Spur մեքենայի վարորդական նստարանին, կոմֆորտն է։ Ոչ թե հարմարավետությունը, այլ հենց կոմֆորտը, քանզի հարմարավետություն բառն ի վիճակի չէ փոխանցել զգացողությունների այն բույլը, որոնք ապրում ես՝ ընկղմվելով բնական բարձրակարգ կաշվով պատված այդ նստարանում, որը կարծես քնքշորեն գրկում է քեզ եւ տրամադրում մեքենան վարելուց ստացվող հաճույքի։


Փորձառու վարորդի համար ոչ մի խնդիր չի լինի արագ կողմնորոշվել կառավարման վահանակի յուրահատկություններում։ Բայց մինչ Start կոճակը սեղմելն արժի մի քանի վայրկյան վայելել Bentley-ի կատարյալ ձայնամեկուսացումը․ ոչ մի աղմուկ, ոչ մի ավելորդ ձայն, ոչ մի անհանգստություն։ Ամեն ինչ փոխվում է այն պահին, երբ մեքենայի շարժիչը մեկնարկում է․ կարծես գազազած առյուծների ոհմակը փորձի դուրս պրծնել կապոտի տակից եւ ներխուժել սրահ։ Սակայն հմուտ վարորդը գիտի՝ ինչպես զսպել եւ ենթարկեցնել այդ առյուծներին։ Նրանք շարժում, արագություն են սիրում, տվե՛ք նրանց ազատություն։


Ահա մեքենան սահուն պոկվում է տեղից, եւ դուք ակամա լսում եք, թե ինչպես են 12-մխոցանի շարժիչի բոլոր 690 ձիերը սկսում կամաց-կամաց թափ հավաքել՝ սպասելով վարորդի հրամանին։ Մեքենայի լիաքարշակ համակարգը, Bentley Dynamic Ride եւ All-Wheel Steering համակարգերը գերազանց մանեւրականություն են ապահովում: Շրջադարձերի ժամանակ երբեմն թվում է, թե մեքենան չի կարողանալու վերադասավորվել երեւանյան նեղ փողոցներում, սակայն այդ մտավախությունը խաբուսիկ է․ Flying Spur-ը հագեցած է բոլոր անիվների ղեկային կառավարումն իրականացնող համակարգով (All-Wheel Steering), որն ապահովում է լրացուցիչ կայունություն բարձր արագությունների ժամանակ եւ հիանալի մանեւրականություն քաղաքային ուղեւորությունների ընթացքում: Մեծ արագություններով մանեւրումներ իրականացնելիս այդ էլեկտրոնային համակարգը հետեւի անիվները շրջում է առջեւի անիվների հետ միեւնույն ուղղությամբ՝ վստահորեն վազանց կատարելու եւ  վերադասավորման համար:


Դասական առանձնահատկությունների համադրությունն ավտոմոբիլային արդյունաբերության բոլոր ժամանակակից գեղարվեստական միտումների հետ հսկայական եւ թանկարժեք գործադիր սեդանից ստեղծել է գրեթե կոլեկցիոն նեոկլասիկական կերպար, որից դժվար է կտրել աչքը:


Այս մեքենային անծանոթ մարդուն կարող է թվալ, թե Բենթլին նախատեսված է հենց քաղաքային ուղեւորությունների՝ շքեղ ռեստորան, մարդաշատ փարթի, մեծ հարսանիք, ճոխ ընդունելություն։ Այդպես են մեզ սովորեցրել հոլիվուդյան ֆիլմերը եւ հանրային կարծիքը։ Այո, դա իսկապես այդպես, բայց․․․ միայն մինչեւ այն պահը, երբ քաղաքի նեղ փողոցները հետեւում են, իսկ առջեւում՝ ազատ մայրուղին։ Ընդամենը մեկ ակնթարթում Bentley Flying Spur-ը կերպարանափոխվում է եւ շքեղ լիմուզինից վերածվում սպորտային սեդանի։ Հենց այդ պահին է, որ կապոտի տակ թաքնված եւ իրենց ժամին սպասող առյուծներն ու ձիերն աղմուկ-աղաղակով դուրս են պրծնում մեքենայից եւ, ձեռք բերելով երկար սպասված ազատությունը, կայծակնային արագությամբ ընթանում դեպի առաջ՝ տանելով իրենց հետ մեքենան եւ դրա տիրոջը։


Այդ պահին է, որ սկսում ես ամբողջությամբ գիտակցել Bentley-ի ինժեներների եւ դիզայներների մտքի ամբողջ մեծությունը։ Շարժման ստանդարտ պայմաններում հզորությունը փոխանցվում է միայն ետեւի անիվներին, ինչն ավտոմեքենային տալիս է դասական սպորտային սեդանի կառավարում: Անգամ թեթեւակի տեղապտույտի դեպքում պտտեցնող մոմենտն ավտոմատ կերպով վերաբաշխվում է նաեւ առջեւի անիվների վրա:
 


Bentley Dynamic Ride ակտիվ կայունության համակարգը կոչված է շարժման ընթացքում բարձրացնելու կառավարումը եւ հարմարավետությունը: Այդ նորարարական համակարգն առաջին անգամ է տեղակայվում Flying Spur մոդելի վրա, այն փոխում է կախոցի կարգավորումները եւ հավասարակշռում շրջադարձերի ժամանակ ավտոմեքենայի վրա ազդող ուժերը՝ թափքի կողաթեքվածքը նվազեցնելու, նաեւ վարորդի եւ ուղեւորների հարմարավետությունը մեծացնելու նպատակով:


Ասել, որ Bentley Flying Spur վարելը հաճույք էր, գրեթե նույնն է, թե ոչինչ չասել։ Բայց համոզված եմ, որ ոչ պակաս հաճույք կլինի այս մեքենային տիրանալը։ Նոր Bentley Flying Spur գնելը ոչ այնքան ձեր ֆինանսական գերազանցության ցուցադրումը կլինի, որքան անցում դեպի էսթետիկ եւ ընկալվող ավտոմոբիլային հաճույքի նոր մակարդակի, երբ դուք վճարում եք ոչ միայն ձիաուժի քանակի, շքեղ ընտրանքների եւ ճոխ սրահի, այլեւ դարավոր ավանդույթի եւ էնդորֆինների համար: Այնպես որ, այո՛, եթե դեռ չեք կողմնորոշվել, թե ինչ նվիրեք ինքներդ ձեզ Ամանորի առթիվ, նվիրեք Բենթլի։):

Դավիթ Ալավերդյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am


View this post on Instagram

A post shared by Bravo.am (@bravoamofficial)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին