×


Լոնդոնի գոսպել երգչախմբի երեւանյան համերգը՝ Ամանորի երգերով եւ պարող հանդիսատեսով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հնչել են Սուրբ Ծննդյան հայտնի երգեր Լոնդոնի գոսպել երգչախմբի կատարմամբ։ Աշխարհահռչակ խմբի հայաստանյան համերգը նախաձեռնել էր «Երեւանյան հեռանկարներ» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնը։

«Գիտեք, դեռ 4-5 տարի առաջ էինք նրանց Հայաստան հրավիրել, սակայն ձայնագրությունների եւ այլ ծրագրերի պատճառով չէին կարողացել գալ: Այս տարի բարի նախախնամությամբ ստացվեց»,- մեր զրույցում պատմեց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։


Նրա խոսքով՝ փառատոնի իմաստը, նպատակն ու գերխնդիրը յուրաքանչյուր ոճում լավագույններին Հայաստան բերելն է.«Ինչպես դասական երաժշտության դեպքում ենք դա արել, հոգեւոր երաժշտության, նաեւ ջազի, այնպես էլ գոսպելի դեպքում ընտրեցինք լավագույն խմբին»։


Լոնդոնի երգչախմբի անդամները նույնպես ուրախ էին Հայաստան գալու առթիվ։ Այդ մասին նրանք խոստովանում էին իրենց ելույթների ընթացքում։ Իսկ մեկ-երկու երգ հետո տեղում նստած մարդ գրեթե չկար դահլիճում. բոլորը պարում էին ու ձայնակցում երգչախմբին։ Երաժիշտները չէին էլ ցանկանում նստած մարդ տեսնել. խնդրում էին պարել իրենց հետ ու լավ տրամադրությամբ դիմավորել Ամանորը։ Համերգային ծրագրում էլ ընդգրկել էին իրենց հայտնի հիթերից, ինչպես նաեւ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան ջերմաշունչ երգեր։


Միջոցառման հետաքրքիր դրվագները կարող եք տեսնել BRAVO.am-ի ֆոտոշարքում։


Փոլ ՄաքՔարթնի, Լուչիանո Պավարոտի, Էլթոն Ջոն, Սթիվի Ուանդեր, Ջորջ Մայքլ, «Քուին», Էրիկ Քլեփթոն, Ադել, Քայլի Մինոգ, Էլլի Գոլդինգ, Ջասթին Թիմբերլեյք, Դայանա Ռոս, Փինք եւ այլք՝ անվանի արտիստներ ու խմբեր, որոնց հետ տարբեր ժամանակներում համատեղ ելույթներով հանդես է եկել Լոնդոնի գոսպել երգչախումբը։ Նրանց տպավորիչ կատարումները կարելի է լսել նաեւ հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերում, որոնցից են՝ «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարեւներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» եւ այլն։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին