×


«Մենք շատ երազանքներ ունենք՝ կապված Հայաստանի հետ»․ Կոնստանտին Օրբելյան

Անվանի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նոր հարցազրույցում ամփոփել է անցնող տարին, պատմել նոր նախագծերի մասին, որոնք կյանքի կկոչվեն 2022-ին, նաեւ բարեմաղթանքներ է հղել հայրենակիցներին:

- Պարոն Օրբելյան, անցնող տարին հագեցած էր տարբեր իրադարձություններով, սակայն աշխարհը դարձյալ շարունակում էր համավարակի սահմանափակումների մեջ մնալ, ինչը, բնականաբար, չէր կարող չազդել նաեւ մշակույթի ոլորտի վրա։ Ինչպե՞ս կբնորոշեք 2021 թվականը համաշխարհային մշակութային կյանքում։

- Արդեն գրեթե երկու տարի է՝ աշխարհը նոր իրողության պայմաններում է, եւ մենք էլ յուրաքանչյուրս մեր հերթին փորձում ենք հնարավորինս մեղմել իրավիճակը, ելքեր գտնել։ Հենց այդ նպատակով էլ տաք ամիսներին բացօթյա բազմաթիվ համերգներ կազմակերպվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Հուսանք, որ 2022 թվականն առավել նպաստավոր կլինի եւ համաշխարհային մշակութային կյանքը կվերադառնա բնականոն հունին։


- Մաեստրո, անցյալ տարի, չնայած բազմաթիվ դժվարություններին, Դուք կարողացաք մեծածավալ մի շարք ծրագրեր իրագործել. Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի ձայնագրությունը Opera News ամսագիրն ընդգրկեց 2021 թվականի լավագույն օպերային ձայնագրությունների շարքում, իսկ Ձեր ղեկավարությամբ Օքսանա Վոլկովայի «Սիրո թույնը» համերգը, որն իրականացվեց Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դարձյալ, ըստ Opera News-ի, տարվա լավագույն համերգներից էր: Ի՞նչ ծրագրեր ունեք 2022 թվականի համար։

- Նախագծերը շատ են, սակայն նշեմ դրանցից մի քանիսը. հունվարին նախատեսված է համերգ եւ ձայնագրություն հրաշալի տենոր Արսեն Սողոմոնյանի հետ՝ Կաունասում։ Փետրվարին նշանավոր օպերային երգչուհի Քրիստինա Օպոլայսի մասնակցությամբ նույնպես նախատեսված է համերգ եւ ձայնագրություն  Կաունասում, իսկ ապրիլին աշխարհահռչակ Ռենե Ֆլեմինգի հետ եմ համերգ ունենալու։ Ապրիլին «Քարնեգի հոլ»-ում ունեմ համերգ ռուս նշանավոր սոպրանո Աիդա Գարիֆուլինայի հետ։ Հունվարին Նյու Յորքի օպերային թատրոնում ենք համաշխարհային պրեմիերա ունենալու. բեմադրվելու է Ռիկի Գորդոնի եւ Մայքլ Կորիի «Ֆինցի-Կոնտինի այգին» օպերան: Ծրագրերը շատ են, անչափ շատ, հուսանք՝ համավարակն այլեւս չի խանգարի դրանց իրագործմանը։

- Ի՞նչ կցանկանաք մեր հայրենակիցներին Նոր տարվա առթիվ։

- Ամենից կարեւորը՝ խաղաղություն եմ ցանկանում հայրենիքիս, անսպառ համբերություն մեր հայրենակիցներին եւ աշխատելու, ստեղծագործելու եռանդ։ Թող վառ մնա հիշատակը մեր բոլոր քաջորդիների, ովքեր հանուն հայրենիքի զոհաբերեցին իրենց կյանքը, խոնարհումս բոլոր հերոսածին մայրերին։ Համառ աշխատանքով, ամենքս մեր բնագավառում ստեղծելով պետք է նպաստենք մեր հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը։ Մենք շատ երազանքներ ունենք՝ կապված Հայաստան աշխարհի հետ, որոնք անպայման միասին ենք իրագործելու։ Թող 2022 թվականը լինի բարեբեր տարի եւ ամենուր թեւածի արվեստի շունչը։

Սյուզաննա Սարգսյան
Լուսանկարները՝ Կոնստանտին Օրբելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW