Կյանքից հեռացել է անվանի հեռուստաօպերատոր եւ վավերագրող, Հանրային ռադիոյի լրատվական ծառայության վիդեոարտադրանքի պրոդյուսեր Գագիկ Սիմոնյանը: Ցավալի լուրը հայտնել է Հանրային ռադիոն:
«Գագիկ Սիմոնյանն իր մասնագիտական ողջ կյանքը նվիրել է հեռուստատեսությանը, լրագրությանը եւ վավերագրական արվեստին։ Նա երկար տարիներ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր, եղել լրատվական ծրագրերի գլխավոր ռեժիսոր, ինչպես նաեւ «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի գլխավոր պրոդյուսեր։
Նրա տեսախցիկը վավերագրել է մեր նորագույն պատմության ամենաճակատագրական էջերը։ 1988 թվականից նա եղել է պատմական իրադարձությունների էպիկենտրոնում՝ իր մասնագիտական առաքելությունը կատարելով նաեւ պատերազմի դաշտում։
Նա այն մարդկանցից էր, որոնք ոչ միայն արձանագրում էին պատմությունը, այլեւ իրենց աշխատանքով դառնում դրա անմիջական մասնակիցն ու վկան։
Գագիկ Սիմոնյանի թողած հարուստ մասնագիտական ժառանգությունը, նրա ստեղծած վավերագրական կադրերն ու մարդկային կերպարը կմնան գործընկերների, հեռուստադիտողների եւ հայկական մեդիադաշտի հիշողության մեջ։
Նրա տեսախցիկն այլեւս չի արձանագրի նոր պատմություններ, բայց նրա թողած կադրերը հավերժ կպատմեն մեր պատմությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Գագիկ Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:


×
109





