×


«Մահվանից երկու ամիս առաջ գրեցի՝ «Ո՞ւր ես, ապեր ջան, կորել ես...»». Ալլա Լեւոնյանը՝ հիշելով Հայկոյին

«Երբ Հայկոյի մասին եմ խոսում, անկախ իմ կամքից՝ սկսում եմ ժպտալ, իսկ ականջներումս նրա յուրահատուկ ծիծաղն է»,-BRAVO.am-ի հետ զրույցն այսպես սկսեց երգչուհի Ալլա Լեւոնյանը։

Ամբողջ հարցազրույցն էլ անցավ հենց այդ հույզերով՝ լաց ու ծիծաղ միախառնված։

Ճակատագրական ու այցեքարտ դարձած երգեր

Հեռավոր 90-ական թվականներն էին, նոր ընդունվել էի Երգի պետական թատրոն։ Հենց թատրոնում էլ ծանոթացել ենք։ 4 երգերս, որոնք դարձան իմ այցեքարտը՝ «Հայաստան», «Երեւան», «Սպարապետ», «Մոկաց հարսներ», գործիքավորել է Հայկոն։ Երգի հաջողության կեսը կախված է գործիքավորումից։ Դու կարող ես հրաշալի երգ գրել, բայց եթե գործիքավորողն այն ճիշտ չներկայացնի, երգը կարող է տապալվել։ Հայկոն ինձ շատ լավ էր ճանաչում, կարողացել էր զգալ իմ ստեղծագործական ներաշխարհը, անկեղծությունը, բնավորությունն ու գույն էր տվել երգերիս՝ պահպանելով իմ տեսակն ու ձեռագիրը։

Ալլա Լեւոնյանը


«Մոկաց հարսներ» երգի մասին եմ ուզում պատմել. մեր վարպետները միշտ ասում են, որ ժողովրդական երգերը չփոխենք, երիտասարդներն էլ այդպես չեն ցանկանում լսել։ Մտածում էինք՝ ինչպես անենք, որ չխախտենք օրենքը, բայց նաեւ առաջադեմ ներկայացնենք։ Ասացի՝ «Հայկո, վախենում եմ, որ նոր գործիքավորմամբ հանկարծ երգը չտուժի»։ Պատասխանեց՝ «Լյոշս, դու երգիր այնպես, ինչպես ուզում ես, մնացածը ես գիտեմ՝ ինչ կանեմ»։ Ու «Մոկաց հարսներ» երգը Հայկոյի շնորհիվ նոր շունչ ստացավ։

Առանց անձնականացնելու չէր դիմում  

Ասում էր՝ «Ալլսսս, Լյոշս», ու իր այդ բարձր ծիծաղն ականջներիս մեջ է։ Մի օր ասացի՝ «Հայկո, դու գիտե՞ս, որ Սերոն (ամուսինը-խմբ․) իր մեքենայում ունի քո ձայնասկավառակը եւ եւս երկու հոգու»։ Պատմեցի, որ երբ մենք մենակ ենք մնում ու ամուսիններով մեր օրն ենք ամփոփում, միշտ լսում ենք իր «Հավատա՛, հոգուս մեջ արդեն խոսքեր չկան» երգը։ Ինչպես միշտ, զարմացավ։ Հետո ամեն անգամ, երբ տեսնում էր, քթի տակ ժպտալով՝ ասում էր․«Լյոշս, Ալլս, որ մենակ եք լինում, էլի լսո՞ւմ եք»։ Ես իրեն հաճախ եմ երազիս տեսնում, ու խոսում ենք, զրուցում ենք, ու այդ ծիծաղն ու ժպիտն անգամ երազում կա։ Ինձ միշտ ասում էր․«Ախր Լյո՜շս, դու բրենդ ես, թանկ կոնյակ, ո՞նց ասեմ, որ հասկանաս»։ Վա՜խ, Հայկո...

Ալլա Լեւոնյանը և Արմինե Գեւորգյանը


Փոփոխություն արեց

Կարեւոր ու լուրջ ձեռագիր ուներ, ճաշակ էր թելադրում: Երբ երաժիշտ ես ու զուգահեռաբար երգում ես, պատասխանատվությունդ ավելի մեծ է։ Հայկոյի ձեռագիրը մեր երգարվեստում իր ուրույն տեղն ունի։ Հայկոն մեր երաժշտական աշխարհում փոփոխություն արեց։

Լուսանկարը՝ Ալլա Լեւոնյանի արխիվից


Վարդուհուց հետո երկրորդ ծանր հարվածը

Ինչ-որ մեկին զանգելիս, երբ տեսնում եմ Հայկոյի անունը, ուզում եմ զանգեմ... Թութուշի համարն էլ մինչեւ հիմա մոտս է։ Ես չեմ կարողանում ջնջել․․․ Ինձ համար Թութուշից հետո երկրորդ մեծ հարվածն էր։ Կորցնելուց հետո սկսում ես այլ կերպ կյանքին նայել։ Երանի եմ տալիս այն տարիներին, երբ բոլորս միասին էինք, ոչ մեկս ընտանիք չուներ, հոգս չունեինք ու մեր մտածելիքը միայն գժություններ անելն էր։ Հիմա այլ է՝ աշխատանք, ընտանիք, հոգսեր, հաճախ կենցաղն ամեն ինչ խառնում է իրար, ու դու չես հասցնում հանդիպել անգամ այն ընկերներիդ, որոնց հետ ժամանակին ամբողջ օրդ էր անցնում։ Մենք մի ամբողջ կյանք ենք միասին անցել՝ համերգներ՝ զորամասերից սկսած մինչեւ տարբեր երկրներ։ Ու նրանք իմ կյանքում մեծ ազդեցություն են թողել։ Հիմա ասես իմ կյանքից որոշակի հատված պոկեն, տանեն։

Մահվանից երկու ամիս առաջ գրեցի՝ «Հայկո, ո՞ւր ես, ապեր ջան, կորել ես, ձայնդ չկա», պատասխանեց՝ «Լյոշս, մոտ օրերս հանդիպենք»։ Բայց, ցավոք, հանդիպեցինք արդեն հիվանդանոցի բակում՝ ընկերներով։ Երբեք չեմ մտածել, որ վատ բան կլինի. կան մարդիկ, որ չես կարող պատկերացնել՝ իրենց հետ նման բան կլինի։

Ալլա Լեւոնյանը


«Շնորհակալ եմ, որ եղել է իմ կյանքում»

Բեմում շատ զուսպ էր, իր մեջ պահում էր հին Հայկոյին, երբեք շինծու առաջադիմություն չցուցաբերեց։ Ինքն իր երգերով ներկա էր, անցյալ էր ու ապագա։ Իր ռետրո վիճակը շատ ժամանակակից է ու առօրեական։ Շնորհակալ եմ, որ եղել է իմ կյանքում...

Ալլա Լեւոնյանը


Կխելագարվենք, եթե մտածենք՝ այլեւս իրեն չենք տեսնելու։ Ես հավատում եմ, որ այնտեղ՝ մի ուրիշ աշխարհում, կա ուրիշ էներգետիկ դաշտ։ Հավատում եմ, որ նա կա, լույսի մեջ է ու Աստծուն ավելի մոտ։ Շնորհակալ եմ նրան այն տարիների թռիչքիս համար, որ ունեցա. կեսի մեղավորը նա էր, պարտական եմ Հայկոյին՝ իմ սկսելու ու շարունակելու համար։

Զրուցեց՝ Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի եւ Ալլա Լեւոնյանի արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին