×


«Բարդ էր որդուս համար լինել ե՛ւ մայր, ե՛ւ հայր». Նարե Գրիգորյանը՝ ԱՄՆ տեղափոխվելու պատճառի մասին

Երգչուհի Նարե Գրիգորյանը նախորդ տարեվերջից Միացյալ Նահանգներում է: Նրա հետ խոսել ենք այս շրջանում արտերկրում ապրելու, առաջիկա ծրագրերի եւ որդու մասին:

«Միտք չունեինք Ամանորը Լոս Անջելեսում նշել, բայց որոշ հանգամանքների   բերումով շատ արագ գնեցինք տոմսերը եւ մեկնեցինք: Այստեղ ոչ ոք չգիտեր մեր գալու մասին, եւ առաջնահերթ ցանկանում էինք Արամի մայրիկին անակնկալ անել, որովհետեւ մեր բալիկին չէր տեսել եւ շատ էր սպասում հանդիպմանը»,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Նարեն:

Երգչուհու խոսքով՝ անակնկալը ստացվել է.«Տատիկը չէր սպասում: Նրա համար նախատոնական մեծ նվեր եղավ: Տան դուռը բացվեց, եւ Ժիրայր Ալեքսը ներս մտավ՝ իր շուրջը խառնաշփոթ ստեղծելով»:


Նարեն անակնկալի է բերել նաեւ ընկերներին.«Այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ում շատ հարազատ մարդիկ եւ ընկերներ ունեմ, որոնց վաղուց չէի տեսել: Որոշեցի հերթով այցելել բոլորին եւ միամիտ հանդիպել նրանց: Բոլորի համար էլ անսպասելի էր»:

Երգչուհին ասում է՝ այժմ իր ընտանիքը միավորվել է.«Մոտ մեկ տարի ամուսինս գործնական այցով ԱՄՆ-ում էր, եւ ինձ համար շատ բարդ էր միայնակ դաստիարակել մեր տղային, լինել ե՛ւ մայր, ե՛ւ հայր նրա համար: Երբեք չեմ ցանկացել մշտական բնակություն հաստատել այլ երկրում, առավել եւս ԱՄՆ-ում, որն այդքան հեռու է Հայաստանից: Բայց այս պահին ճիշտ համարեցինք լինել կողք կողքի, միասին դաստիարակել մեր տղային, եւ իսկապես կարեւոր չէր, թե որտեղ կլինեինք: Կարեւորն այն է, որ արդեն բոլորս միասին ենք: Որոշեցինք ժամանակավոր տեղափոխվել ԱՄՆ, քանի որ Արամն այստեղ էր, եւ մենք այլեւս չէինք կարողանում ապրել մասնատված: Որոշում կայացրինք, որ այսուհետ ուր գնանք, միասին ենք գնալու, եւ ես հույս ունեմ, որ շուտով միասին կգանք Հայաստան, որովհետեւ արդեն կարոտել եմ բոլորին եւ իմ աննման քաղաքը»:


Այս օրերին կահավորում են իրենց բնակարանը.«Արամի հետ որոշեցինք շատ բաներ ինքներս անել. այլ հաճույք է, երբ ինքդ ես ուժ ներդնում: Ունեմ գրեթե պատրաստ նոր երգ, որի մասին շուտով կպատմեմ: Փորձում եմ լինել ե՛ւ մայր, ե՛ւ կին, ե՛ւ չմոռանալ, որ երգչուհի եմ»:

Խոստովանում է՝ Հայաստանից հեռու լինելը սարսափելի է.«Հատկապես, երբ գրեթե ողջ կյանքդ ապրում ես մի երկրում, իսկ հետո ստիպված լինում տեղափոխվել, սիրտդ ու հոգիդ մնում է Երեւանում: Հուսամ՝ շուտով նորից կլինեմ ամենագեղեցիկ, ամենաջերմ ու հյուրընկալ քաղաքում: Ուրախ եմ, որ փաստաթղթային խնդիրներ չունեմ եւ ցանկացած պահի կարող եմ տոմս գնել եւ գալ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարե Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW