Անպտղությունը համաշխարհային առողջապահական խնդիր է, որն արդիական է նաեւ Հայաստանում: Ներկայում մեզ մոտ կանանց գործոնով պայմանավորված անպտղության ցուցանիշը 14.9 % է, իսկ տղամարդկային գործոնով պայմանավորված՝ 9.5 %: Անպտղության պատճառների, ախտորոշման եւ բուժման տարբերակների մասին զրուցել ենք գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանի հետ:
- Բժշկուհի՛ Գրիգորյան, երբ զույգը պլանավորում է երեխա ունենալ, սակայն հղիանալ չի ստացվում, որքա՞ն ժամանակ հետո կարելի է խոսել անպտղության մասին:
- Անպտղության մասին խոսում ենք այն դեպքում, երբ կինը փորձում է հղիանալ մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքով ապրելու պարագայում, այսինքն՝ հակաբեղմնավորիչների բացակայությամբ, բայց չի ստացվում։ Եթե կինը մինչեւ 35 տարեկան է, խորհուրդ ենք տալիս այդ մեկ տարին սպասել եւ սթրեսի չենթարկվել։ Եթե զույգն այդ տարիքից բարձր է, հատկապես կինը, խորհուրդ է տրվում սպասել վեց ամիս, հետո դիմել նեղ մասնագետի՝ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի օգնությանը։ 40-ից հետո խորհուրդ է տրվում հղիությունը միանգամից պլանավորել մասնագետի հետ, քանի որ այս պարագայում ամեն ամիսը կարեւոր է զույգի համար։
- Որո՞նք են անպտղության ամենատարածված պատճառները։
- Պատճառները կարելի է բաժանել երեք մեծ խմբի՝ միայն կնոջ հետ կապված գործոններ, միայն տղամարդու հետ կապված գործոններ եւ համակցված՝ երբ երկուսի դեպքում էլ խնդիր կա։ Սրանից բացի, կա նաեւ փոքր խումբ՝ անհայտ ծագման անպտղությունը։ Սա այն դեպքն է, երբ զույգը հետազոտվում է, ամեն բան կարգին է լինում, սակայն հղիանալ չի ստացվում։
Կնոջ մոտ հաճախ հանդիպող անպտղության պատճառներն են հորմոնալ խանգարումները (մեզ մոտ հատկապես տարածված են պրոլակտին հորմոնի, վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրները), ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, արգանդափողերի անանցանելիությունը կամ վատ անցանելիությունը, էնդոմետրիոզը:
Տղամարդկանց դեպքում ավելի հաճախ հանդիպող պատճառներն ինֆեկցիոն հիվանդություններն են, օրինակ՝ սեռավարակների առկայությունը:
Կարեւոր է նշել, որ դեռահասության տարիքում թե՛ տղաների, թե՛ աղջիկների ճիշտ սեռական դաստիարակության կարիք կա, ինչը թույլ կտա խուսափել հիմնականում անկանոն սեռական կյանքի արդյունքում ձեռք բերված հիվանդություններից եւ հետագայում չունենալ խնդիրներ վերարտադրողական առողջության հետ։
Տղամարդու պտղաբերության վրա եւս կարող են ազդել հորմոնալ գործոնները։
Այս բոլոր խնդիրները հանգեցնում են սերմի որակի վատացմանը եւ քանակի քչացմանը։
Իհարկե, կա նաեւ հոգեբանական գործոն: Երբ սպասումները շատ են եւ չեն արդարանում, առաջանում են բազմաթիվ սթրեսներ: Նման դեպքերում շատ կարեւոր է, որ ռեպրոդուկտոլոգներն աշխատեն հոգեբանի հետ համատեղ։
Լուսանկարը՝ անձնական արխիվից Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը
- Երբ արդեն կա անպտղություն ախտորոշումը, սովորաբար ի՞նչ հետազոտությունների կարիք է լինում։
- Անպայման հետազոտվում է հորմոնալ խնդիրների, սեռավարակների առկայությունը կամ բացակայությունը, մի շարք իմունոլոգիական հարցեր, գենետիկական խնդիրների առկայությունը, կանանց պարագայում արգանդափողերի անցանելիությունը եւ այլն՝ կախված տվյալ դեպքից:
Նշեմ, որ կանանց դեպքում մեկ դաշտանային ցիկլը բավական է լինում հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կան։
Տղամարդկանց դեպքում առաջին հերթին սերմնահեղուկի հետազոտություն է իրականացվում։ Եթե հայտնաբերվում են խնդիրներ, այդ դեպքում միայն նրան ուղղորդում ենք նեղ մասնագետի մոտ։
Անպտղության հաղթահարման ճանապարհին անկախ նրանից, թե ում մոտ է առկա առողջական խնդիր, այն պետք է դիտարկել որպես ընդհանուր խնդիր, որը պետք է միասին լուծել՝ չփնտրելով մեղավորներ։
- Որո՞նք են այս խնդրի լուծման ամենատարածված ու արդյունավետ տարբերակները:
- Առաջին հերթին կարեւոր է բժշկի եւ այցելուի միջեւ եղած վստահությունը։ Քանի որ հակառակ պարագայում, որքան էլ պրոֆեսիոնալ լինի մասնագետը եւ բուժման լավագույն տարբերակն ընտրի, արդյունք չի լինի։ Բուժման ճանապարհները, բնականաբար, կախված են հայտնաբերված խնդրից։
Սկզբում կարող է նշանակվել դեղորայքային բուժում, իսկ եթե խնդիրներն ավելի լուրջ են, ապա բուժման տարբերակներից է ներարգանդային սերմնավորումը (ձվազատումից առաջ կնոջ արգանդի մեջ է ներարկվում իր ամուսնու սերմը, որը նախապես մշակման է ենթարկվում՝ ակտիվացվում են սերմնաբջիջները)։ Այս դեպքում հղիանալու շանսը 3-4 անգամ ավելանում է համեմատած բնական սեռական ճանապարհով հղիանալու շանսերի հետ։
Եթե սպասված արդյունքը միանգամից չի լինում, այս տարբերակը խորհուրդ է տրվում 3-4 անգամ կրկնել: Ի դեպ, ներարգանդային սերմնավորումն անհայտ պատճառի անպտղության հաղթահարման լավագույն միջոցներից է, իսկ միակ կարեւոր նախապայմանն արգանդափողերի անցանելիությունն է։
Եթե այնուամենայնիվ, այն չի օգնում, դիմում ենք արտամարմնային բեղմնավորման տարբերակին (ԱՄԲ)։ Այս դեպքում կինը ստանում է դեղորայք՝ ներարկումների տեսքով, ինչը նպաստում է, որ ձվարաններում աճեն հնարավորինս շատ քանակով ֆոլիկուլներ (հեղուկով լցված պարկիկներ, որոնց մեջ կա ձվաբջիջ)։ Երբ այդ ֆոլիկուլները հասնում են որոշակի հասունության, կատարվում է պունկցիա, որի ընթացքում «հավաքում» ենք ֆոլիկուլներում առկա հեղուկը, հետեւաբար, նաեւ ձվաբջիջները՝ փոխանցելով համապատասխան մասնագետներին։ Դա անելուց հետո ամուսինը սերմնահեղուկ է հանձնում եւ կատարվում է ձվաբջիջների բեղմնավորում։ Ձեւավորվում է սաղմիկ, որը 3-5 օր պահվում է ինկուբատորում։ Այնուհետեւ լավ որակի սաղմիկները տեղադրում ենք արգանդի խոռոչում:
Մյուս տարբերակներից են դոնորական ձվաբջիջների կիրառումը (եթե ձվաբջիջների պաշարը ցածր է, ձվաբջիջները վատ որակի են կամ սեփական ձվաբջիջներով չի ստացվել հղիանալ): Այդ դեպքում արտամարմնային բեղմնավորումը կատարվում է դոնորական ձվաբջջի միջոցով: Նույն կերպ, երբ տղամարդու մոտ է առկա խնդիր, անպտղությունը կարելի է հաղթահարել դոնորական սերմնաբջիջների օգնությամբ:
Իհարկե, սրանք անպտղության հաղթահարման բոլոր տարբերակները չեն, սակայն առավել հաճախ հանդիպողներից են:
- Կա՞ն մեթոդներ, որոնք կօգնեն կանխարգելել անպտղությունը, եւ ի՞նչ նորամուծություններ կան այս խնդրի հաղթահարման հարցում:
- Կան խնդիրներ, որոնցից չենք կարող խուսափել, սակայն կան նաեւ այնպիսինները, որոնք կարելի է շտկել առողջ ապրելակերպի շնորհիվ՝ սկսած փոքր տարիքից։ Օրինակ, պետք է հետեւել դաշտանային ցիկլի կանոնավոր լինելուն, խնդիրների դեպքում անպայման դիմել բժշկի։ Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել տարատեսակ սեռավարակներից՝ անպայման կիրառելով պահպանակներ։ Ավելորդ քաշը եւս կարող է բացասաբար ազդել պտղաբերության վրա։ Հետեւապես պետք է առողջ սնվել, զբաղվել սպորտով։
Վերարտադրողական բժշկությունը բավական արագ է զարգանում: Այն, ինչ նախկինում թվում էր անիրագործելի, այսօր արդեն իրականություն է։ Օրինակ, հնարավոր է իրականացնել արգանդի փոխպատվաստում: Այսինքն՝ այն կանայք, որոնք դիմում էին փոխնակ մոր օգնությանը, դրա կարիքն այլեւս չեն ունենա։ Այս մեթոդը դեռեւս լայն տարածում չունի աշխարհում, սակայն արդեն իրականացվել են հաջող փորձարկումներ:
Զրուցեց` Սոնա Վարդանյանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: