Երգչուհի Անժելա Բարխուդարյանը թողարկել է նոր երգ եւ տեսահոլովակ։ Բառերի եւ երաժշտության հեղինակն ինքն է, տեսահոլովակի ռեժիսորն Արմեն Գեւորգյանն է, գործիքավորումը՝ Արմեն Սարգսյանի(Բրդե): Երգը կոչվում է «Եղբայր իմ»։ Երգը, սակայն, ռուսերեն է։
«Այս երգը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Սկզբում չէի կողմնորոշվում՝ բառերը լինեն ռուսերեն, թե հայերեն։ Երկուսն էլ գրվեց, բայց վերջնական տարբերակը եղավ ռուսերենը»,- տեսահոլովակի պրեմիերայից հետո BRAVO.am-ին պատմեց երգչուհին։
«Գաղտնիք չէ, որ ես ապրել եմ Վրաստանում, հետո Ռուսաստանում, կրթությունս ռուսական է, մտածում եմ ռուսերեն ու թարգմանում հայերեն։ Եվ առաջին անգամ չէ, որ երգում եմ ռուսերեն։ Երգը նվիրված է եղբորս, ով ապրում է Վրաստանում։ Երգի հիմքում կարոտն է։ Այս երգը լսելիս յուրաքանչյուր քույր կպատկերացնի իր եղբորը։ Հուսով եմ՝ շատերի սրտին կդիպչի»,-նշել է Անժելան:
- Քո երգացանկում հայերեն, ռուսերեն եւ վրացերեն երգեր ունես։ Տարբե՞ր են զգացողություններդ, օրինակ, երբ սեր ես երգում։ Լեզուն փոխո՞ւմ է երգի հոգեվիճակը։
- Իմ հանդիսատեսը սովորել է ինձ լսել երեք լեզուներով, անգամ երբ վրացերեն երգ ու տեսահոլովակ թողարկեցի, բացարձակ մտավախություն չունեի, թե այն չի ընկալվի, քանի որ ինձ նաեւ այդպես են ճանաչում՝աղջիկ, որ երգում է վրացերեն։ Իսկ զգացողության առումով ասեմ, որ շատ խոր հարց ես տալիս. իսկապես տարբեր են։ Մի դեպք պատմեմ։ Տարիներ առաջ, երբ նոր-նոր էի մուտք գործում երգարվեստ, գնացի Նադեժդա Սարգսյանի մոտ։ Սկսեցի հայերեն երգ կատարել: Հետո Նադյային ասացի, որ այս երգի բնօրինակը վրացերեն է։ Ասաց՝ «Դե, հիմա երգի վրացերեն»։ Երգեցի, ու Նադյան միանգամից․«Իմ դիմաց հիմա միանգամայն այլ երգչուհի է կանգնած ե՛ւ երգի մատուցմամբ, ե՛ւ զգացողությամբ։ Լիովին այլ հոգեվիճակում ես երգում»։ Այո՛, կա նման բան։ Բայց ես շատ սիրում եմ հայկական երգեր: Օրինակ, երգեր կան, լսում եմ, ասում՝ ի՜նչ լավ կլիներ, որ այն ինձ համար գրված լիներ։ Կատարում եմ քավերներ՝ չհեռանալով բնօրինակից։ Այդ երգերն են՝ «Յարը մարդուն յարա կուտա», «Երանի թե»։ Գիտես, երգեր կան, որ պետք է նորովի մատուցես, որ երիտասարդ սերնդի համար լինեն գրավիչ, լսելի, բայց ոսկերչական ճշգրտությամբ պետք է մոտենաս, որ երգը դրանից չտուժի ու չաղավաղվի։ Հիմա մեկ-մեկ լսում եմ, թե երգերն ինչպես են աղավաղում, բնօրինակից այնքան են հեռանում, երգի հետ կապ չունեցող գործիքավորում անում, վերջում լսելիս չես էլ հասկանում՝ որ երգն էր։ Երբ ես Վրաստանում էի ապրում, հայկականն ասոցացնում էի 6/8-ի հետ։ Ի դեպ, դա ժանր չէ, այլ՝ ռիթմ։ Բայց երբ եկա Հայաստան ու գնացի Երգի պետական թատրոն, հենց այնտեղ ինձ համար բացահայտեցի հայկական էստրադան։ Դա 1995 թվականն էր, երբ նոր էր ձեւավորվել Երգի թատրոնը։ Այսօրվա պես հիշում եմ՝ երբ լսեցի Արթուր Գրիգորիչի «Մեղեդի» երգը, այն ուրիշ աշխարհ էր, ուրիշ բովանդակություն, ուրիշ մտածելակերպ ու ուրիշ արվեստ։
Անժելա Բարխուդարյանը
- Կոնսերվատորիայում ես ուսանել, չէ՞։
– Այո, բայց մինչ կոնսերվատորիա ընդունվելը, Երգի թատրոնում էի վոկալ պարապում։ Ու շփվում էի թատրոնի արտիստների հետ, ներկա լինում իրենց համերգներին։ Բախտի բերմամբ ծանոթացա Գրիգորիչի հետ, դարձյալ բախտի բերմամբ ես եւ իմ կուրսեցիները մասնակցեցինք Նոր տարվա նկարահանումներին։ Գրիգորիչը ներկա էր այդ նկարահանումներին, ասում էր՝ «Ես ձեր կոշիկից բռնած պիտի տեսնեմ, թե ինչ եք հագնում, ինչ դիմահարդարում եք անում»: Էլ չենք խոսում հագուստի մասին: Նա միշտ ասում էր, որ առօրյա կոշիկով ու զգեստով չպետք է բեմ բարձրանալ, բեմը հարգանք է պահանջում։ Ու հիմա ես այդ ամենը փորձում եմ փոխանցել նաեւ իմ աշակերտներին, որպեսզի նրանք էլ հարգանքով մոտենան բեմին:
- Փաստորեն դու դասավանդում ես, եւ որտե՞ղ։
- Այո՛, արդեն երկու տարի է՝ էստրադային վոկալ եմ դասավանդում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Եվ այնտեղ հայտնվել եմ մի այնպիսի ժամանակ, երբ անորոշությունը սպանում էր ինձ: Աղջիկս սովորում է այդ դպրոցում, ու տարիներ առաջ տնօրենը՝ Մարինա Վարդանյանը, ինձ առաջարկեց դասավանդել, բայց ասացի՝ դեռ պատրաստ չեմ, թեեւ Ռուսաստանում ապրելու տարիներին դասավանդում էի տեղի Մշակույթի ինստիտուտում: Պանդեմիան էր, որին հաջորդեց պատերազմը: Շատ կոտրված վիճակում էի. ո՛չ աշխատանք կար, ո՛չ հույս, ապագա չկար, հիասթափությունն աստիճանաբար խորանում էր, շատ խաբված ու մեղավոր էի ինձ զգում: Ամեն առավոտ արթնանում էի նույն զգացողությամբ ու բթացած ցավով ապրում: Մի օր Մարինա Վարդանյանը զանգեց ու ասաց, որ պետք է գնամ դպրոց, եւ որ մերժում չի ընդունում: Որքան էլ բացատրեցի, թե նման հոգեվիճակում չեմ կարող, անդրդվելի էր: Եվ պատկերացրու՝ երեխաներն ինձ այդ շրջապտույտից հանեցին: Անկեղծ, ես նաեւ ինձ բացահայտեցի: Հիմա շատ սիրում եմ ե՛ւ իմ գործը, ե՛ւ աշակերտներիս:
Անժելա Բարխուդարյանը
- Վերջին շրջանում հիմնականում հեղինակային երգեր ես երգում: Պատճառ կա՞, որ այլ հեղինակների հետ չես համագործակցում:
- Որեւէ պատճառ չկա։ Ժամանակին համագործակցում էի տարբեր ստեղծագործողների հետ, բայց ինչ-որ մի պահից ինքս սկսեցի ստեղծագործել: Հիմա միայն ինձ համար չեմ գրում, իմ շատ գործընկերներ կատարում են հենց իմ երգերը: Իհարկե, ավելի շատ բառեր եմ գրում ու դեռեւս պատվերով չեմ կարողանում գրել: Լինում են դեպքեր, երբ գործընկերներս հարցնում են՝ այս երաժշտության համար բառեր կարող եմ գրել: Գրում եմ այն ժամանակ, երբ գալիս է մուսան: Բայց մի երգ կա, որ գրվել ու մնացել է դարակումս: Մայրիկիս մահից հետո վատ հոգեվիճակում էի: Անբացատրելի, բթացած ցավ, ամեն առավոտ արթնանում էի նույն զգացողությամբ: Ու մի օր ինձ թվաց, թե քնած եմ, բայց քնած չէի: Արթնացա, ու երաժշտությունը, բառերը միանգամից եկան: Հետո չհամարձակվեցի երգել այն, հասկացա, որ դա իմ ցավն է ու շատ է անձնական։ Ես դեռ չեմ համարձակվում մայրիկի մասին անգամ քավեր երգեր երգել, բայց շատ եմ ուզում երգել: Ու երեւի մի օր կերգեմ...
Անժելա Բարխուդարյանը եւ Արմինե Գեւորգյանը
- «Եղբայր իմ» երգի տեսահոլովակումդ նկարահանվել է նաեւ դուստրդ, նա նաեւ երգում է, քո ուղի՞ն է ընտրել:
- Անկեղծ ասած, հիմա նայում եմ Անուլիս՝ փոքր աղջկաս, ինձ եմ տեսնում: Ես էլ այդ տարիքում արվեստի շատ ճյուղեր էի ուզում սովորել՝ դաշնամուր, վոկալ, պար, բայց դեռ չենք որոշել, թե ինչ ուղի կընտրի: Աղջիկս բեմի վրա իրեն լավ է զգում, ավելի ազատ է, քան կյանքում, ու ես իրեն չեմ խանգարում։
- Իսկ հայրիկը չի՞ խանդում, որ պարի ոլորտը չի ընտրել։
- Ոչ միայն չի խանդում, այլ նաեւ շատ ուրախ է, քանի որ մեր ընտանիքում դա բուռն քննարկման թեմա է եղել: Ես եւ լուսահոգի սկեսրայրս (Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան) ուզում էինք, որ փոքրս ընդունվեր Պարարվեստի ուսումնարան, բայց Գարիկը՝ ամուսինս, դեմ եղավ ու ամեն ինչ արեց, որ պարի ուղին չընտրի: Ասում էր, որ Հայաստանում պարուհու մասնագիտությունը գնահատված չէ: Հիմնականում բալետի պարողները ճանաչում ձեռք են բերում հատկապես դրսում: Օրինակ՝ մեր մոտ այս պահին կան պրիմա պարուհիներ, բայց նրանց անունները չեն շրջանառվում: Իսկ երբ այդ նույն պարուհին գնում է արտերկիր ու այնտեղ հասնում հաջողության, նոր սկում ենք խոսել այդ մասին։ Դա շատ վատ երեւույթ է, այն կոտրում է քեզ:
Անժելա Բարխուդարյանը
Անկեղծ ասած՝ հիմա իմ բոլոր երազանքներն ու ծրագրերը երեխաներիս հետ են կապված: Ինձ՝ որպես ծնող, որպես հայ մարդ, շատ անհանգստացնում է մեր երկրի այս անհասկանալի ու անորոշ իրավիճակը: Երբ 1995-ին եկա Հայաստան, ստացվեց այնպես, որ մասնակից եղա մի խնջույքի, որի ժամանակ անընդհատ խոսում ու երգում էին Արցախի մասին։ Ամենաշատ հնչող երգն էր՝ «Ղարաբաղը մերն է»։ Սկզբում դա ինձ համար փոքր-ինչ անսովոր էր։ Իսկ հիմա այլ զգացողություն ունեմ. արդեն մաշկիս վրա եմ զգում դիմացինի ցավը, պատերազմի օրերին ու մինչ վերջերս էլ տեսնում եմ քաղաքում այդ սեւ ժապավենները: Սոսկալի է։ Դու կարծես չկաս, բութ ցավը քեզ չի թողնում լիարժեք ապրել. ֆիզիկապես գոյություն ունես, բայց հոգեպես չկաս։ Ես իսկապես չեմ ուզում գնալ այստեղից, ուզում եմ ապրել իմ երկրում ու չեմ ուզում, որ դա ինքնախաբեություն լինի: Երկու անգամ վերադարձել եմ հայրենիք։ 15 տարեկան էի ու երգում էի վրացական խմբերից մեկում: Պետք է գնայիք վրացական հեռուստաընկերություններից մեկում նկարահանման: Երբ անցակետի մոտ ստուգեցին ծննդյանս վկայականը եւ տեսան ազգանունս, գիտես, այդ խտրական հայացքը հնարավոր չէ մոռանալ: Իսկ երկրորդ անգամ վերադարձանք Ռուսաստանից, երբ որոշեցինք, որ մեր երեխաները դպրոց պետք է գնան Հայաստանում:
- Անժելա՛, հիշում եմ, որ պատերազմի օրերին, երբ երեխաներիդ, ամուսնուդ պարախմբի տղաների հետ կամավորական աշխատանքով էիր զբաղվում, նման վատատեսական տրամադրություն չունեիր:
- Ես չեմ սիրում խոսել այդ աշխատանքի մասին, ուղղակի դու գիտեիր: Բայց հիմա հիշեցի ու փշաքաղվեցի... Մի օր արդեն շատ ուշ էր, աշխատանքն ավարտեցինք, որոշեցինք լուսանկարվել. ամուսնուս պարախմբի տղաներն էին, իմ գործընկերները, երեխաներս։ Պայմանավորվեցինք, որ այդ լուսանկարը մի քանի օր հետո կհրապարակենք՝ մեր հաղթանակի օրը: Ես իսկապես հավատում էի, որ հաղթանակը մերն է լինելու: Դա նոյեմբերի 8-ին էր, երբ վերադառնում էինք մեր կամավորական աշխատանքից, ընկերուհուս ասացի՝ «Պատկերացնո՞ւմ ես իրենց հրճվանքը, եթե մենք պարտվենք»: Ու մեկ օր հետո կնքվեց չարաբաստիկ պայմանագիրը: Ես ուզում եմ հավատալ ու հավատում եմ, որ այդ լուսանկարը մի օր անպայման հրապարակվելու է: Չի՛ կարող այսպես ավարտվել: Երկար ժամանակ չէի համարձակվում Եռաբլուր գնալ: Այդ դրոշները, որ ծածանվում են, կարծես թե հետդ խոսում են, իսկ այդ 5000 տղաներն ասում՝ «Մենք այստեղ հենց այնպես չենք»: Ես հավատում եմ, որ ոտքի կկանգենք. այսպես ծնկած չենք կարող ապրել։
Վախենում եմ կորցնել այն, ինչ ունեմ։
Ափսոսում եմ այն ժամանակի համար, որ անարժան մարդկանց եմ տրամադարել։
Թույլ կողմս՝ տրվում եմ անմնացորդ։
Ուժեղ կողմս՝ կարողանում եմ միանգամից վերջակետ դնել. բազմակետ ու կախման կետեր չեմ դնում։
Հավատում եմ Աստծուն։
Հարցազրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am


×
9,353








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: