×


Հարություն Եկմալյանը

Հարություն Եկմալյանի քանդակները կցուցադրվեն միջազգային բիենալեներում եւ ցուցահանդեսներում

Նույնիսկ քարն է հալչում նրա ձեռքում՝ քանդակագործի աշխատանքին նայելիս շատերս ենք մտածում, թե ինչքան բարդ ու ծանր աշխատանք է, բայց ինչպիսի հրաշքով է այդ քարը վերածվում նուրբ ու արտահայտիչ կերպարի։ Ֆիզիկապես ուժեղ, բայց հոգով փխրուն՝ հավանաբար, այսպես կարելի է պատկերացնել քանդակագործին, սակայն այդ հականիշների մեջտեղում բազում շերտեր կան, որ փորձել ենք բացահայտել ֆրանսիաբնակ քանդակագործ, գեղանկարիչ Հարություն Եկմալյանի հետ։

Նրա ստեղծագործություններն առաջիկայում կներկայացվեն հեղինակավոր բիենալեներում եւ ցուցահանդեսներում։ Արվեստագետը պատրաստվում է միջոցառումների բուռն շրջանին, իսկ մինչ այդ անկեղծ եւ արվեստային զրույց ենք ունեցել նրա հետ։ Նա մեզ պատմեց բիենալեներին իր մասնակցության, ստեղծագործական կյանքի, «արվեստի գյուղաքաղաքում» ապրելու մասին եւ կիսվեց հայրենիքի հետ կապված իր մտահոգություններով։

Հարություն Եկմալյանը հրավեր է ստացել մասնակցելու Ֆրանսիայի Վիշի քաղաքի ժամանակակից արվեստի առաջին բիենալեին, որն ընթանում է փետրվարի 19-ից մինչեւ մարտի 6-ը՝ «Վալերի Լարբո» մշակութային կենտրոնում։ Այս բիենալեին մասնակցում են 57 ստեղծագործող Ֆրանիսայից։

Հարություն Եկմալյանի քանդակներից


«Ուրախ եմ, որ կարող եմ մասնակցել այս միջոցառմանը, որովհետեւ հետաքրքիր նորություն է, եւ լավ է, երբ փոքր եւ միջին քաղաքներն ընդգրկվում են մշակութային ծրագրերում։ Նաեւ քանի որ ես այդ շրջանի ստեղծագործող եմ, կարեւորում եմ իմ ներկայությունն այնտեղ»,-ասաց նա։

Մեկ այլ բիենալեի հայ արվեստագետը կմասնակցի որպես պատվավոր հյուր: Բուրգունդիա շրջանի Նոլե քաղաքում ժամանակակից քանդակի 9-րդ բիենալեին նա կներկայանա վեց ստեղծագործությամբ։ «Սա բավական հայտնի միջոցառում է, հետաքրքիր վայր է։ Մեր զրույցին պատրաստվելով՝ հասկացա, որ շատ լեցուն եւ պատասխանատու շրջան է սպասվում, հատկապես բիենալեների ժամանակ դիտող եւ գնահատող շատ է լինում»,- նկատում է արվեստագետը։

Պատասխանելով մեր հարցին, թե ինչ է ընձեռում արվեստագետին նման բիենալեներին մասնակցությունը՝ ծանոթություններ, նոր առաջարկներ, թե՞ մրցանակներ, նա պատմեց.«Երկուսում էլ մրցանակաբաշխություն կլինի, երկրորդում չեմ մասնակցի, քանի որ պատվավոր հյուր եմ. իմ «տարածքն» է, ես իմ կարողություններով օգնում եմ, եւ մրցանակաբաշխությանը մասնակցելը տարօրինակ կլիներ։ Բիենալեներին մասնակցելն անչափ կարեւոր է ստեղծագործողի համար, չէ՞ որ մենք ստեղծագործում ենք մեր մտածելակերպն ու հայացքը մարդկանց մատուցելու, կիսվելու համար։ Իսկ նման ցուցահանդեսը շատ հետաքրքիր է, քանի որ բազմապիսի հայացքներ են գումարվում՝ իրարամերժ եւ գուցե միանման։ Ի վերջո դա նկարչի դերն է հասարակության մեջ, ինչպես երաժշտի համար համերգը։ Աշխատանքը չի արվում միայն ապրելու եւ գումար աշխատելու համար, արվում է նաեւ հասարակության մեջ այդ փոքրիկ տեղը գրավելու համար։

Հարություն Եկմալյանի քանդակներից


Սա գործընկերներին ճանաչելու առիթ է, նաեւ վերածվում է հին ընկերներին վերագտնելու վայրի, որտեղ նորություններ են փոխանակվում, եւ ընդհանրապես մասնագիտական միջավայրն ընդլայնվում է այդպես։ Առիթ ես ունենում մյուսների գործերը տեսնելու. նկարիչների մեջ տարածված է գործով իրար գնահատել։ Վերջերս նկարիչներն ու քանդակագործները շատ առիթներ չեն ունենում իրար հանդիպելու, այսինքն՝ սրանք ոչ միայն անձնական հանդիպումներ են, այլեւ՝ մասնագիտական։ Սա ստեղծագործական կյանքի մի մասն է։ Նպատակը նաեւ վաճառելն է, սակայն կոմերցիոն առումով հաջողություններն այս դեպքում աննշան են լինում»։

Հուլիսին արդեն ցուցահանդես կլինի Էրիսոն քաղաքում, որտեղ հայ քանդակագործը կներկայանա ֆրանսիացի գեղանկարչուհու հետ համատեղ։ Իսկ անհատական ցուցահանդեսով հանդես կգա հուլիսի 1-ից 30-ը ։ ««Les amis de la Montage Bourbonaise» ընկերությունն ինձ առաջարկեց ցուցահանդես կազմակերպել՝ ցուցադրելով ե՛ւ քանդակ, ե՛ւ գեղանկարներ։ Այս անգամ կներկայացնեմ նաեւ իմ գեղանկարչական աշխատանքները, թեեւ մարդիկ սովոր չեն ինձ որպես գեղանկարիչ տեսնել։ Շատերը նույնիսկ չգիտեն, բայց ես մեծ աշխատանք ունեմ թե՛ գրաֆիկայի, թե՛ գեղանկարչության բնագավառում»։

Անցած տարվա աշնանից մինչեւ ապրիլի 30-ը արվեստագետի աշխատանքների ցուցահանդես է կազմակերպված Վիշի քաղաքին հարակից մի փոքրիկ գյուղաքաղաքի միջնադարյան այգում։ 11-րդ դարի եկեղեցու մոտ դրված է հինգ մոնումենտալ քանդակից հավաքածու, որոնցից մեկը՝ չորս մետր բարձրությամբ փայտից քանդակն է՝ «Տիրամայրը»։

Հարություն Եկմալյանի «Տիրամայրը» քանդակը


Եկմալյանի համար հետաքրքիր փորձառություն է ներկայանալ նման գողտրիկ վայրում, նշում է, որ չի ձգտում մշտապես հայտնի վայրերում ներկայանալ, հակառակը՝ ընդառաջ է գնում մշակութային ծրագրերին, քանի որ ցանկալի է, որ մշակույթը ներկայացվի նաեւ ոչ կենտրոնական վայրերում, լինի նաեւ հասանելի կենտրոնից հեռու ապրող բնակչությանը։ Նաեւ այդ պատճառով է, որ համաձայնել է ապրել մայրաքաղաքից հեռու՝ արվեստի գյուղաքաղաքում։

Արվեստի գյուղաքաղաքը

«2004-ին ընտանիքով որոշում ընդունեցինք լքել Փարիզը, որովհետեւ քանդակագործի համար քաղաքներում ոչ բարենպաստ միջավայր է։ Քանդակագործն անհարմար հարեւան է, քանի որ շատ աղմուկ է հանում, թեպետ շատ հետաքրքիր եւ օգտակար հարեւան է»,-կատակում է նա։

«Պատահական որոշում չէր, որովհետեւ կարողացա իմ թեկնածությունը ներկայացնել մի հետաքրքիր մշակութային նախագծի, որն այդ ժամանակ շատ նորաձեւ էր, եւ պետությունը խրախուսում էր՝ այն էր Եվրոպայում արվեստագետների գյուղեր ստեղծելը։ Նպատակն էլ հենց այդ էր, այդ մեծ քաղաքներից հեռացող արվեստագետների համար գյուղական միջավայրում մշակութային փոքրիկ օջախներ ստեղծել, իսկ դա հիմնականում արվում էր դատարկվող գյուղերում։ Իմ թեկնածությունը հաստատվեց, եւ Շատել-Մոնտան կոչվող գյուղում, որը 1200-ից հասել էր 250 բնակչի, տեղավորեցին 16 կերպարվեստագետ։ Ցավոք, Ֆրանսիայում կերպարվեստագետ ասվածը շատ լայն են ընկալում, որովհետեւ ընտրվածների կեսը կերպարվեստագետ չէին, այլ արհեստավոր, բայց դա էլ էր հետաքրքիր։ Գրավիչ էր ինձ համար այդ նոր միջավայրը՝ Ֆրանսիայի գյուղաքաղաքում մեկտեղվել էին ապակեգործ, կաշեգործ, խեցեգործ եւ այլն։ Իմ աշխատանքն անչափ հարստացավ այս ծանոթություններից եւ համատեղ աշխատելուց։ Ես հայտնվեցի գյուղական միջավայրում, լրիվ հեռու մեծ քաղաքներից։ Արվեստանոցն, ի դեպ, անվճար էր։ Այստեղ հնարավորություն էր տրվում աշխատելու եւ ցուցադրվելու, նաեւ զբոսաշրջության ոլորտի հետ աշխատելու։ Այսինքն՝ պետք էր ոչ միայն ընդունել մշակութային կենտրոն Փարիզից հեռանալու գաղափարը, այլ նաեւ զբոսաշրջության ոլորտի հետ եզրեր գտնել էր անհրաժեշտ։ Որոշ արվեստագետներ մտածում են, որ եթե իրենք Էյֆելյան աշտարակից ոչ հեռու որեւէ գործ են ցույց տալիս, ուրեմն՝ իրենք կենտրոնական դեր ունեն մշակութային կյանքում։ Սակայն դասականն ասել է, որ մարդն է գեղեցկացնում միջավայրը, ոչ թե միջավայրը՝ մարդուն»,-նշեց Հարություն Եկմալյանը։

Իր խոսքով՝ կապը պահում է Փարիզի եւ այլ մեծ քաղաքների հետ, քանի որ կարծում է՝ ակտիվ կերպարվեստագետը չի կարող կապ չպահել եւ «բաց» չլինել։

Հարություն Եկմալյանի քանդակներից


Մինչեւ «արվեստի գյուղաքաղաք» տեղափոխվելը հայ քանդակագործը բազմաթիվ մրցանակների է արժանացել եւ իր ստեղծագործությունները ներկայացրել բազմաթիվ երկրներում։

«Մինչ գյուղում հայտնվելն արվեստանոց չունենալս կոմպենսացնում էի նախագծեր ուղարկելով եւ բավական հաջողություններ ունեի այդ գործում, որովհետեւ տարին 2-5 միջազգային միջոցառման համար ընտրվում էի։ 2001-2013 թվականներին մասնակցել եմ 30-ից ավելի միջազգային սիմպոզիումների եւ մրցույթների աշխարհի բոլոր մայրցամաքներում, բացի Ավստրալիայից։ Եվ քանի որ դրանք մոնումենտալ քանդակի մրցույթներ էին, այդ բոլոր վայրերում ունեմ առնվազն մեկ քանդակ տեղադրված կամ որեւէ թանգարանում պահվող, Իտալիայում, Կանադայում եւ այլ երկրներում, ամենաշատը՝ Ֆրանսիայում, որովհետեւ այստեղ շատ եմ մասնակցել։ Մասնակցելով նաեւ սովորում էի։ Մենք շատ մեծ թերություն ունենք, որ մտածում ենք, թե քարի ժողովուրդ ենք, քարը «հասկանում» ենք, բայց աշխարհում կան բազմաթիվ ուրիշ քարի ժողովուրդներ, քարը մշակելու բազմաթիվ այլ տեխնիկաներ, ավանդույթներ, փորձեր։ Գուցե մյուս մասնագետը չուզենա քեզ հետ կիսվել իր իմացածով, բայց դու հմուտ լինելով նկատում ես, թե կողքիդ աշխատողն ինչ է անում։ Կրթությունս ստացել եմ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում եւ մասնագիտական հիմքը երբեք չեմ մոռանում, բայց երկրորդ տեխնիկական կրթությունը ստացել եմ մրցույթների մասնակցելով, աշխարհի տարբեր երկրներից եկած եւ տարբեր երկրներում հանդիպած քանդակագործներից։ Բարեկամաբար, թշնամաբար, մրցույթների մեջ ճակատ տալով՝ սովորել եմ բաներ, որոնք չեն դասավանդվում բուհում»։

«Հանճարեղ լակոտ չեմ եղել»

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք պատրաստվում է Հայաստանում ցուցադրել իր աշխատանքները.«Հայաստանի նկարիչների միության ակտիվ անդամ եմ, երբեք հայրենիքիս հետ կապը չեմ կտրել, իմ հայրը 1954-ից Նկարիչների միության անդամ էր, եւ մեր ազգանունն այնտեղ պահելը նշանակություն ունի ինձ համար։ Պատրաստ եմ ցուցահանդես անել, բայց Հայաստանում ցուցահանդես անողները չեն կարծում, որ ինձ ցուցադրելու ձեւաչափ գոյություն ունի այնտեղ, ոչ թե, որ ես բացառիկ եմ, այլ որովհետեւ իրենց պետք չի դա։ Հայաստանում մշակութային միջավայրը բավական ինքնաբավարարված է, կա երկու մոտեցում՝ «ախպեր-քավոր-քեռի» եւ միասին քեֆ անող, որպես կերպարվեստագետ ինձ չեն ընկալում։ Մանկուց չեմ համարվել շնորհքով երեխա, այդպիսի սովորություն կա, որ ասում են՝ այսինչի տղան է՝ հանճարեղ լակոտ, ես երբեք չեմ եղել այդ հանճարեղ լակոտը։ Հայրս երբեք չի գնացել եւ պատմել, որ ես շնորհքով երեխա եմ, նա միշտ շատ բծախնդիր էր։ Ես դաստիարակվել եմ բծախնդիր միջավայրում, ինձ գովասանքներ չեն շռայլել»։

Ռաֆայել Եկմալյանի քանդակներից


Հոր՝ տաղանդաշատ քանդակագործ Ռաֆայել Եկմալյանի մասին

Խոսեցինք նաեւ հայրիկի՝ քանդակագործ Ռաֆայել Եկմալյանի մասին, արդյո՞ք նա գնահատված արվեստագետ է եղել։ Ըստ որդու՝ նա բացարձակապես անտեսված, երկրորդ պլան մղված է եղել։ «Իր կոթողային քանդակները հայտնի չեն, չնայած, որ շատ է աշխատել, շատ մտահոգված է եղել հայրենիքի ճակատագրով։ Նա չէր էլ կարող երազել, որ Հայաստանն անկախ կլինի, բայց ցանկանում էր, որ այդ գաղափարը պահվի, եւ իր ստեղծագործություններից շատերը նվիրված են եղել հայրենասիրությանը։ Նա շատ էր սիրում հունական դիցաբանությունը, դա իր համար հնարավորություն էր խորհրդային այդ ծանր ճնշման տակ տարբերվող արվեստ առաջարկել հանրությանը։ Հաճախ իր քանդակներն այդ պատճառով հանվում էին ցուցահանդեսից, մրցույթներից։ Կարծում եմ՝ մեծ դժբախտություն էր, որ նա ապրեց եւ ստեղծագործեց հենց այդ ժամանակահատվածում։ Հայրս շատ ազնիվ էր եւ չկարողացավ ավելի ճարպիկ լինել, ճշտախոս էր»,-պատմեց քանդակագործի որդին։

Մեր զրուցակիցն էլ մեծացել է արվեստանոցում, հոր հետ մշտապես այցելել Նկարիչների միություն։ «Չնայած՝ ես ապրում էի այդ միջավայրում, շատ անսպասելի էր իմ քանդակագործ դառնալը։ Նա խստապահանջ էր, ես էլ մեկ-մեկ նեղանում էի, բայց հետո տեսա, որ պահել է իմ բոլոր նկարները։ Նա զգացմունքային մարդու տպավորություն չէր թողնում, եւ մարդիկ ծանոթ չէին նրան այդ տեսանկյունից, հայտնի էր որպես «ժայռ» անձնավորություն։ Հայրս կուզեր, որ ես քանդակագործ դառնայի, բայց ինձ երբեք չի ասել այդ մասին, նա միայն ասում էր, որ եթե ուզում եմ զբաղվել քանդակով, ուրեմն՝ պետք է աշխատեմ եւ սովորեմ»,-հիշողություններով կիսվեց Եկմալյանը։

Ռաֆայել Եկմալյանի քանդակներից


Ռաֆայել Եկմալյանը հետաքրքիր մոտեցում է ունեցել իր դաստիարակության հարցում՝ կարծում էր, որ մարդ դեռեւս մանուկ հասակից պետք է ունենա իր յուրահատկությունը։ «8 տարեկանում նրան ասացի, որ ցանկություն չունեմ երաժշտությունը շարունակելու, բայց ինձ ասաց, որ պիտի թղթի վրա գրեմ, որ չեմ ուզում գնալ, ու ես մինչեւ հիմա ունեմ այդ թուղթը, որ ես պահանջում եմ ինձ այլեւս երաժշտության չտանել։ Բայց սպորտի հետ չէի կարող նույնն անել. եթե որեւէ մարզաձեւից հրաժարվում էի, մեկ ուրիշն էր առաջարկում»,-պատմեց նա։

Ռաֆայել Եկմալյանը ձիու սիրահար է եղել, որդու խոսքով՝ սքանչելի զգում էր ձիերին, ճանաչում էր ձիու կառուցվածքը, նաեւ իրեն էլ է հաճախ ձիարշավարան ուղարկել՝ նկարելու։

Հայրենիքի մասին

Արվեստագետի հետ զրույցն ավարտեցինք հայրենիքի մասին խոսելով, նա կիսվեց իր մտահոգություններով եւ անհանգստություններով.«Ինձ սովորեցրել են, որ հասարակության մեջ կերպարվեստագետը դեր ունի խաղալու։ Մարդկանց խնդիրները, տառապանքներն ու սպասելիքները մենք զգում ենք ավելի արագ, քան դրանք տարածվում են։ Չէ՞ որ կյանքից ենք ներշնչվում, արվեստագետներ կան, որ երբ տեսնում են, թե ինչեր են կատարվում իրենց շուրջը, այլեւս չեն կարողանում ստեղծագործել։ Ասում են՝ «երբ խոսում են թնդանոթները, արվեստները լռում են», սակայն սա այդքան էլ ճիշտ չէ, քանի որ երբ արվեստները լռում են, թնդանոթները նորից են խոսում։ Շատ կուզեի, որ վերջապես հասկանանք, թե ում ենք վստահում այս կամ այն աշխատանքը, ոլորտը, բնագավառը։ Մեր ազգի ողբերգությունը դարձել է ինքնահաստատվելու «հրաշալի» առիթ, ինչպես միշտ ոչ մասնագետ մարդիկ, օրինակ՝ երաժիշտն իրեն հռչակում է քաղաքական գործիչ եւ նույնիսկ կոնֆերանսներ են տալիս մարդիկ, ովքեր որեւէ քաղաքական, պատմական կամ ռազմական գիտելիքի տեր չեն։ Արվեստագետից դառնում են հասարակական գործիչ եւ գնում Հայաստան խորհուրդներ տալու։ Տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ այժմ հայրենասիրությունը դարձրել են մասնագիտություն, այնինչ դա ամեն մեկն իր մեջ պետք է կրի»,-ասաց Եկմալյանը։

Արվեստագետը նշում է, որ անհանգիստ է հայրենիքի համար, որովհետեւ նահանջը չի կանգնում, ինչ-որ պահ փորձում էին մեզ համոզել, որ արդեն կայուն վիճակ է, բայց ամեն օր նահանջում ենք բոլոր բնագավառներում։

Հարություն Եկմալյանը


«Ես Հայաստանում մշտապես չեմ բնակվում, բայց տեսնում եմ, որ այնտեղ մարդիկ այլեւս հանգիստ չեն, տեսնում եմ, որ նոր գաղափարներ են առաջացել, օրինակ, որ թուրքը բարեկամ է։ Ես չեմ հասկանում այդ գաղափարը, քանի դեռ թուրքը ներողություն չի խնդրել, հատուցում չի տվել... Գուցե մեկը շահեր ունենա, բայց միթե մնացած մարդիկ էլ շահ ունեն, որ կամ անտարբեր են կամ համամիտ, իսկ ինձ համար դա չի կարող այդպես լինել։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ինչ գործի էլ պիտանի լինես, քեզ անզոր ես զգում։ Ստացվեց այնպես, որ համընդհանուր նյութապաշտությունը բերեց այս իրավիճակին, նաեւ ճարպկությունն ու «քթի ծակ» ունենալն է, որ հասարակության մեջ կարեւոր դեր ունի։ Ճիշտ է՝ այս ամենը վերեւից է գալիս, բայց եթե «վերեւում» դա հնարավոր է, ուրեմն «ներքեւն» է մեղավոր։ Այն գաղափարները, որոնք այսօր լրատվամիջոցներով կարելի է լսել կամ կարդալ, առաջ կարելի էր համարել ֆանտաստիկայի ժանրից»,-նշեց Եկմալյանը։

Զրույցի վերջում, սակայն, լավատեսության նոտա է հնչեց, իսկ մեր հայրենակիցներին կերպարվեստագետը մաղթեց առողջություն եւ ազատություն։

Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները տրամադրել է Հարություն Եկմալյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW