×


Սիրո, երաժշտության եւ պատերազմի խաչմերուկում. «Գարուն ա...» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Սիրո, երաժշտության, կյանքի ու պատերազմի խաչմերուկում ընտրությունը հայրենասիրությունն է, իսկ տարբեր սերունդների մոտեցումը` յուրովի. գարնան առաջին օրը «Մոսկվա» կինոթատրոնում պրեմիերա էր. «Գարուն ա...»-ն գեղարվեստական լիամետրաժ նոր ֆիլմ է մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով: Մինչ ֆիլմի դիտումը ներկաները կարմիր գորգին ժպիտներ էին փոխադարձում, իսկ հետո արդեն տարվեցին հիշողություններով եւ մտորումներով:

BRAVO.am-ը եւս ներկա է եղել պրեմիերային, լուսանկարել հյուրերին եւ հետաքրքիր մանրամասներ պարզել:


Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարն Ալեքսանդր Խաչատրյանն է, որը նշեց՝ դեռ 2015 թվականին էր մտահղացել նման ֆիլմ նկարահանել, Ապրիլյան պատերազմն էլ դարձել է ֆիլմը ստեղծելու գաղափարն ամրապնդող օղակ։ Ֆիլմում նրա կերպարի հարցադրումները շատ են, ասելիքն էլ բազմաշերտ՝ «Ի՞նչ կլինի, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի», «Մենք լավ ազգ ենք, բայց շատ վատ հասարակություն»... Դերասանը ֆիլմը գնահատում է որպես հայրենիքի հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի դրսեւորում:


«Մեր նպատակը պատերազմը ներկայացնելը չէ, քանզի այն գալիս է ավելի ցայտուն դարձնելու մեր վերաբերմունքը մեր երկրին։ Մտածեցինք, որ պետք է խոսել մեզանում առկա հայրենասեր տեսակների մասին։ Երբ մենք արդեն սկսում էինք աշխատանքները, մտածում էինք՝ Աստված չանի, եթե հանկարծ նորից պատերազմ լինի, ապա ո՞վ է գնալու կռվի, որովհետեւ ժողովրդի մեջ հայրենասիրության, ազատության, անկախության այն ոգեւորությունը չկար, բայց դա թվացյալ էր։ Եղավ քառօրյան, եւ բոլորիս համար անակնկալ էր ժողովրդի՝ մեկ մարդու նման կանգնելը ե՛ւ սփյուռքում, ե՛ւ հայրենիքում։ Զինվորական հավաքակայանների մոտ հերթ էին կանգնել երիտասարդները, ինչը մեզ համար անակնկալ էր։ Այս պատերազմի ժամանակ արդեն անակնկալ չէր։ Մտածեցինք, որ այդ մասին է պետք ֆիլմ նկարել»,- նշել է Խաչատրյանը։


Խոսելով տարբեր փառատոններին ֆիլմի մասնակցության մասին՝ Խաչատրյանը նշել է. «Այս ֆիլմը շատ է մեր մասին, բայց կան զուգահեռներ՝ արվեստ-բարբարոսություն, զինվորական-մարդասպան, որոնք ամբողջ աշխարհի ցավոտ կողմն են այս զանգվածային տեղահանությունների ֆոնին: Այս առումով, ինչպես նաեւ տեխնիկական առումով, դերասանական խաղի տեսանկյունից ֆիլմը պատրաստ է ներկայացվելու միջազգային տարբեր հարթակներում»:

Պատերազմի եւ մեկ ընտանիքի օրինակով հայրենասիրության ու բարձր արժեքների մասին պատմող ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է։ Նա Ուկրաինայում ֆիլմի վերջնական աշխատանքներն էր իրականացնում, երբ սկսվեց պատերազմը: Դժվարությամբ կարողացել էր հասնել ֆիլմի պրեմիերային եւ ցուցադրությունից առաջ հուզմունքը կրկնապատկված էր:


«Վերջին չորս օրերին ճանապարհին էի ու այս պահին զգացմունքներս իրարամերժ են: Ֆիլմը պատերազմի ազդեցությամբ ու դրանով բովված է, բայց այն անսահման հայրենասիրության ու կամքի մասին է: Դրամա է մարդկանց մասին, որում կա նաեւ պատերազմ: Կոնկրետ որեւէ մարդու իրական պատմությունը չէ, այլ կան հավաքական կերպարներ: Ֆիլմի հիմնական ուղերձն այն է, որ յուրաքանչյուր ոգ է պատասխանատու հայրենիքի եւ ապագայի հանդեպ: Բոլորը պետք է լումա ունենան, հարկավոր չէ միայն մեղադրել ու գոռալ, այլ գործով ու վերաբերմունքով պետք է ցույց տալ, թե ինչ անել: Մենք ֆիլմում նոր իդեալ ենք առաջ բերում, ով ունի գաղափարախոսություն, հայրենիքի հանդեպ սեր՝ սեփական կյանքից, նպատակներից վեր: Նրա խոսքով՝ հայրենիքը զուտ հողակտոր չէ, այն սկսվում է ամեն անհատի պատասխանատվությունից եւ սիրուց առ հայրենիք, ընտանիք ու հասարակություն: Նա համոզված է, որ հենց այդ գաղափարը կարող է հիմք ծառայել առողջ հասարակության եւ հզոր պետականության համար»,-ասել է ռեժիսորը:

Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է. մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, ով ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան եւ հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը: Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։


Ֆիլմն ամբողջական դարձրել են ընտրված դերասանները՝ թոռան դերում, որը սիրո, երաժշտության, կյանքի ու պատերազմի խաչմերուկում ընտրություն է կատարում հայրենասիրությամբ, Լեւոն Հախվերդյանն է, նրա հոր դերում Արմեն Մարգարյանն է: Ֆիլմում կտեսնեք Մարջան Ավետիսյանին, Եվա Զոհրաբյանին, Շանթ Հովհանիսյանին, Ալիս Կապլանջյանին, Վահագն Մարտիրոսյանին, Սաթենիկ Հազարյանին, Նարինե Պետրոսյանին, Թումաջ Դանեշ Բեհզադին եւ այլոց։ Պրոդյուսերը Դիանա Ավետիսյանն է։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։

Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել տարբեր երկներում, իսկ հաջորդ պրեմիերան տեղի կունենա ապրիլի 1-ին՝ Լոս Անջելեսում:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW