Դերասան, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը հոկտեմբերի 23-ին եւ 24-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք Silk Road Tribute Gala-ի շրջանակում կարժանանա Golden Globes-ի Beacon Award մրցանակին:
Ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխության «Մետաքսի ճանապարհ» պատվո գալա-երեկոն անցկացվելու է առաջին անգամ եւ նվիրված է Կենտրոնական Ասիայի ու Կովկասի կինոյի եւ հեռուստատեսության ներկայացուցիչներին:
Լուսանկարը՝ goldenglobes.com
«Երկօրյա միջոցառումը կնշանավորի «Մետաքսի ճանապարհ» տարածաշրջանի կինոյի եւ հեռուստատեսության գործիչների ձեռքբերումները»,-հայտնում է դերասանի ներկայացուցչական թիմը:
Մրցանակը Սամվել Թադեւոսյանին կշնորհվի որպես կինոյի, հեռուստատեսության եւ թատրոնի դերասանի, որի ստեղծագործական աշխատանքն արտացոլում է տարածաշրջանի նոր սերնդի տաղանդը։
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ մրցանակակիր վեց արտիստները ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը։
«Մրցանակակիրներից յուրաքանչյուրը նպաստել է, որ տարածաշրջանի պատմություններն ու ստեղծարար ձայները հասնեն ինչպես իրենց հայրենիքի, այնպես էլ աշխարհի տարբեր անկյունների հանդիսատեսին»,- ասել է «Golden Globes»-ի նախագահ Հելեն Հյոնեն:


×
89





