«Գոյ» թատրոնի «Խելագարը» ներկայացման պրեմիերայի հրավիրատոմսը դատական ծանուցագրի ձեւաչափով էր․ հանդիսատեսին «վկայի» կարգավիճակով հրավիրել էին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն։ Նշվում էր, որ անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում կարող են կիրառվել ՀՀ թատերական օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ։ Bravo.am-ի լրագրողն ու լուսանկարիչը տեղում էին՝ արձանագրելու այս յուրօրինակ «դատական նիստի» ընթացքը։
«Գոյ»-ը վերադարձավ նոր հարթակում։ Ավելի քան 30 տարի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գործող թատրոնն այժմ իր ներկայացումները շարունակում է այլ բեմում։
Դարիո Ֆոյի պիեսի ընտրությունը նոր բեմադրության համար պատահական չէր. թեման համընկել է այն դատական գործընթացի հետ, որին առնչվում են գոյականները։
«Մենք արկածներով լի ճանապարհ անցած թատրոն ենք։ Այսօր չեք կարող գտնել մի թատրոն, որը երբեւէ առավոտյան բեմում աշխատել է, կեսօրին եղել դատարանում, իսկ երեկոյան վերադարձել բեմ ու խաղացել ներկայացում։ Կամ՝ Շեքսպիր ու Սարտր կարդալուց հետո կարդացել է վարչական դատարանից ստացված նամակներ»,- բեմից հայտարարեց պրոդյուսեր, դերասան Արսեն Ազիզյանը։
Նա տեղեկացրեց, որ դահլիճում ծանուցագիր-հրավիրատոմսով բերման են ենթարկել նաեւ իրենց քննած, ձերբակալած քննիչներին ու ոստիկաններին. «Մենք նրանց շնորհիվ կարդացինք օրենսգիրքը, իսկ նրանք մեր շնորհիվ՝ Ստանիսլավսկու «Իմ կյանքը արվեստում» գիրքը»։
Ազիզյանի խոսքով՝ կամք ու հավատ ունեն՝ շարունակելու խոսակցությունը հանդիսատեսի հետ, որը սկսել էր իրենց ղեկավարն ու ուսուցիչը՝ Արմեն Մազմանյանը. «Ընկերների հետ իրենց գործով փորձում էին աշխարհն ավելի գեղեցիկ դարձնել։ Ու այսօր շատ կարեւոր է պահել այն փորձարարական ոգին, համարձակությունն ու ազատությունը, որոնք ի սկզբանե եղել են «Գոյ» թատրոնի հիմքում»։
Պիեսի հերոս Ջուզեպպե Պինելլին անարխիստական շարժման ակտիվիստներից է, որը հայտնվում է ոստիկանությունում եւ մահանում՝ ընկնելով շենքի չորրորդ հարկից։ Իրադարձությունները տեղի են ունենում 1970-ականների Իտալիայում։ Ի՞նչ պատահեց, երբ ոստիկանություն բերվեց մեկը, որը բոլորից խելագար էր ու միաժամանակ՝ բոլորից խելացի։
Ներկայացման ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է, իսկ խելագարի կերպարը մարմնավորում է Սամվել Թոփալյանը։
«Թեման հոգեհարազատ էր մեզ։ Այն արդիական է, նուրբ հումորով ու հետաքրքիր կերպարներով։ Գլխավոր ասելիքն այն է, որ ճշմարտությունը խեղաթյուրվում է, որովհետեւ իշխանավորներն այն ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Անխուսափելիորեն զուգահեռներ են առաջ գալիս ճշմարտության խեղաթյուրման եւ «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի միջեւ։ Միանշանակ է, որ այս ամենը տեսել ենք տարիներ շարունակ, երբ տարբեր խախտումների հետեւանքով եկել, կանգնել ենք այն իրողության առջեւ, որն ունենք այսօր»,- ասում է Սամվել Թոփալյանը։
Ոստիկանապետին մարմնավորող Սամսոն Ստեփանյանի խոսքով՝ այսօր կարեւոր է գործը, ոչ թե խոսքը, եւ այս առաջնախաղով իրենք փորձում են եւս մեկ անգամ դա հաստատել։
«Մենք, իհարկե, պիեսը չենք ադապտացրել, բայց ներկայացման կոնֆլիկտն առնչվում է ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ աշխարհին։ Ճշմարտությունը շարունակաբար փոխվում է՝ կախված այս կամ այն իրավիճակից։ Եվ նրանք, որոնց ձեռքում են իշխանության որոշ լծակներ, կարողանում են փոխել ճշմարտությունն ու մարդկանց հրամցնել մեկ ուրիշը»,- նշում է Ստեփանյանը։
Աշոտ Տեր-Մաթեւոսյանը հերքում է պառակտումների մասին խոսակցությունները. «Եթե այդպես լիներ, այսօր «Գոյ»-ը ներկայացում չէր խաղա։ Ուղղակի կա իրավական հարց, որի համար պայքարում են մեր ընկերներից մի քանիսը: Մենք էլ ենք նրանց հետ։ Սակայն որոշեցինք մտնել ստեղծագործական փուլ. վերջիվերջո դերասան ենք, ոչ թե փաստաբան»։
Ներկայացման մեջ վառ ու տպավորիչ կերպով ցուցադրվում է, թե ինչպես են ոստիկանական բաժանմունքներում ցուցմունքներ կորզում։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ մարդուն ստիպում են կասկածել սեփական աչքերին ու հիշողությանը։ Անկախ նրանից, թե ինչ է նա տեսել կամ զգացել, պահանջում են հավատալ ոչ թե սեփական ընկալումներին, այլ իրենց թելադրած «ճշմարտությանը»։
Ուշագրավ է նաեւ ամբողջ պատմության միջով անցնող մեկ այլ շեշտադրում․ ներկայացման ընթացքում անընդհատ վախ ու զգուշացում կա այն մասին, որ այս ամենը «հանկարծ լրագրողների բերանը չընկնի»։
Թերեւս ներկայացման ամենասուր ու սարկազմով լի հատվածը վերջաբանն է, երբ Խելագարը հայտարարում է. «Ոստիկանությունը պաշտոնական հայտարարությամբ նշում է, որ պայթյուն տեղի չի ունեցել։ Իհարկե, շենքն էլ այլեւս չկա, բայց այն փաստը, որ շենքն էլ չկա, դեռ չի նշանակում, որ այն պայթել է։ Բայց վկաները պնդում են, որ պայթյուն եղել է։ Բնականաբար, բայց ոստիկանությունը հորդորում է կեղծ տեղեկատվություն չտարածել, հատկապես նրանց, ովքեր այնտեղ են եղել եւ սեփական աչքերով տեսել են, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ ականատես լինելը դեռ չի նշանակում իմանալ ճշմարտությունը։ Եթե ձեր կարծիքը չի համապատասխանում պաշտոնական տարբերակին, խնդրում ենք վստահել պաշտոնական տարբերակին»։
«Գոյ»-ը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում ներկայացումներ կխաղա վարձակալության հիմունքներով։ Թատրոնը բաց է համագործակցության բոլոր առաջարկների համար, սակայն այս շրջանում չի նախատեսում վերադառնալ իր նախկին տարածք, որն այժմ գործում է որպես Մայր թատրոնի բաց հարթակ։ Դերասանները դա պայմանավորում են նրանով, որ դատական գործընթացը դեռ չի ավարտվել։
Հիշեցնենք, 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը վերակազմակերպվել էր՝ միանալով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ»-ի ստեղծագործական կազմը դեմ էր միավորմանը եւ կառավարության որոշումը վիճարկում է դատարանում։
Թատրոնի իրավական կարգավիճակի վերաբերյալ գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։ Իսկ «Խելագարը» նորից կխաղան դեկտեմբերի 1-ին:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
184





