«Երեկ մի շնորհավորական նամակ ստացա, որում գրված էր՝ հաջորդ անգամ կուզեր հարյուրամյակի առիթով շնորհավորել, եւ դա ասում էր ինձնից քսան տարի ավագ ընկերներիցս մեկը։ Ասացի՝ մի պայմանով, որ ինքն այդ հարյուրամյակին ներկա գտնվի»,- պատմում է երգիչ, երգահան, կիթառահար Վախթանգ Հարությունյանը, որն իր ծննդյան օրն ընկերների հետ հոբելյանական համերգ էր կազմակերպել «Մետրո» թատրոնում։ Հնչում էին հեղինակ-կատարողների ամենահայտնի երգերը, դահլիճում էլ արդեն ծանոթ ու հարազատ հանդիսատեսն էր, որ առիթը բաց չի թողնում բարդերի համերգներին ներկա լինելու, նրանց հետ հանդիպելու եւ ընկերանալու։ BRAVO.am-ը նույնպես շնորհավորելու էր գնացել Վախթանգ Հարությունյանին, ետնաբեմում հասցրել ենք զրուցել նրա հետ, ինչպես նաեւ լուսանկարել երեկոյի հետաքրքիր դրվագները։
Արդեն ավանդույթ դարձած համերգները, որ Վախթանգն ամեն տարի կազմակերպում է իր ծննդյան օրվա առիթով (ծնվել է փետրվարի 29-ին), համախմբում են ավագ եւ երիտասարդ սերունդների կատարողներին՝ ներկայացնելու հին ու նոր ստեղծագործությունները։ Այս անգամ համերգի առաջին մասում հանդես եկան Վախթանգի ընկերները՝ Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը, Դավիթ Ամալյանը, Արմեն Ադամյանը, Ռուբեն Քամալյանը, Վահե Քոչարը, Արեւիկ Կարապետյանը, Մագա Գիշյանը եւ այլ հեղինակ-կատարողներ։ Իսկ ահա երկրորդ մասում Վախթանգ Հարությունյանն էր նվագակցող երաժիշտների հետ՝ Նելլի Մանուկյան (ֆլեյտա), Գագիկ Շիբոյան (երկրորդ կիթառ), Գեւորգ Մովսիսյան (ակորդեոն), Տիգրան Ոսկանյան (կոնտրաբաս)։
«Ինձ համար սա հաշվետու համերգ էր․ ներկայացրի այն ամենն, ինչ խմորվել է անցած մեկ տարվա ընթացքում, ինչպես նաեւ ավելի հին երգեր նախորդ տարիներից, որոնք շարունակում են արդիական մնալ այս պահին։ Իհարկե, կային երգեր նոր ձեւաչափով, նոր գործիքավորմամբ: Կան երգեր, որ այս երեսուն տարվա ընթացքում գրվել են, բայց հիմա արդեն հետաքրքիր չեն ինձ։ Ճիշտ է՝ շատերը սիրում են, բայց ես դրանք չեմ կատարում այլեւս։ Մեզ հետ պարբերաբար նաեւ երիտասարդներ են ելույթ ունենում, որոնք շարունակում են այս ժանրում իրենց ստեղծագործական ուղին։ Նրանք ներգրավվել են այս միջավայրում եւ միշտ մասնակցում են մեր համերգներին»,- նշեց երգահանը։
BRAVO.am-ի հետ իր նախորդ հարցազրույցներից մեկում Վախթանգ Հարությունյանը խոստովանել էր, որ չի սիրում մեծ ուշադրությունն իր ծննդյան օրերին, եւ մենահամերգն էլ յուրատեսակ փախուստ է ծննդյան խնջույքից։ Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հակադրություն չի՞ տեսնում մեծ ուշադրությունից փախչելու մտքի եւ միաժամանակ մենահամերգ կազմակերպելու միջեւ։ Խոստովանեց, որ դա իր փոքրիկ նախապատմությունն ունի:
«Քանի որ փետրվարի 29-ն ամեն տարի չէ, որ մեզ այցելում է, հաճախ շնորհավորանքները լինում են ե՛ւ նախորդ օրը, ե՛ւ շարունակվում են հաջորդ օրը՝ մարտի 1-ին։ Միշտ զգացողություն եմ ունենում, որ այդ ուշադրությունը փոխհատուցված չէ, այսինքն՝ ինչ-որ մի բան ինձ տալիս են, բայց ես չեմ կարողանում ոչինչ վերադարձնել։ Իհարկե, տարիների ընթացքում անընդհատ այդ վերադարձը լինում է, փոխանակում գոյություն ունի, բայցեւ այդ օրվա մեծ կենտրոնացումն ինչ-որ ձեւով փարատելու կարիք ունեի, ինչ-որ չափով հավասարակշռելու։ Մոտ քսան տարի առաջ էր, երբ որոշեցի ամեն տարի ծննդյանս օրը ներկայանալ առաջին հերթին հաշվետվության տեսքով՝ ինչ եմ արել ստեղծագործական առումով, ինչպես նաեւ այդ շնորհավորանքները տեղափոխել ոչ թե սեղանի շուրջ, այլ բեմ՝ անկեղծ ձեւաչափով։ Այդպես շարունակվում է արդեն քսան տարի»,- պատմեց Վախթանգ Հարությունյանը։
Նրան նաեւ հարցրինք, թե իր ստեղծագործական տարիների ամենամեծ ձեռքբերումը որն է համարում, երբ հետադարձ հայացքով նայում է անցած ճանապարհին։ Նա առանց երկմտելու նշեց, որ վերջին հինգ-վեց տարիներին հեղինակային երգի փառատոների ընթացքում ձեռք բերած երիտասարդությունն է, նոր կատարողները, որոնց ներկայանալու հարթակ են տրամադրել.«Երբ հայտնվում է մի երիտասարդ, որը փոքրիկական կամ մեծիկական երգեր է գրել՝ այս ժանրին հարող իր բանաստեղծական որոշակի խտությամբ, ապա ես ներքին մեծ հրճվանք ու վայելք եմ ապրում։ Իսկ հետագայում, երբ այդ երգերը գտնում են իրենց ունկնդրին, սիրվում են, նաեւ դուրս են գալիս անկախ թռիչքի, այդ ժամանակ իմ բաժին մեծ վայելքը երկարում է»։
Ի դեպ, համերգը նաեւ բարեգործական նպատակ ուներ. տոմսերի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Գթության խոհանոց» ծրագրին՝ օգնելու կենտրոնի տարեց շահառուներին.«Մի փոքրիկ պատմություն կա դրա հետ կապված։ Երբ գերմանացի իմ ավագ ընկերներից մեկն ասաց՝ «Գիտե՞ք, մենք արդեն տասնյակ տարիներ այստեղ տատիկներին, պապիկներին կերակրում ենք, եւ ես այնքան ուրախ կլինեմ, որ Հայաստանում գոնե մեկ մարդ պահելու համար ինչ-որ մեկն իր վրա վերցնի նրան ապահովելու գործը»։ Ինձ համար դա փոքրիկ, բայցեւ կարեւոր մարտահրավեր եղավ, որ տատիկներն ու պապիկները մեր պատասխանատվության տիրույթում լինեն»։ Վախթանգ Հարությունյանն իր հետ բերել էր նաեւ հեղինակային երգերի գրքեր, ձայնասկավառակներ, որոնք տեղում վաճառվում էին, եւ հանգանակված գումարը նույնպես ուղղվելու էր բարեգործական նպատակին։
Մեծ ուշադրությունից ու շնորհավորանքներից, իհարկե, խուսափել չէր հաջողվի․ ընկերներն ու հանդիսատեսը համերգի ընթացքում էլ շարունակում էին շնորհավորել, իսկ համերգի ավարտին նրան սպասում էին թատրոնի նախասրահում՝ անձամբ ողջունելու, լուսանկարվելու եւ պատրաստած նվերները փոխանցելու։ Դժվար թե ջերմության ու սիրո այդ մեծ ալիքը ստեղծագործողի մեջ փախչելու ցանկություն առաջացնեին, հատկապես որ ամեն ինչ մտերմիկ ու ընկերական միջավայրում էր, գինու հյուրասիրությամբ, ոչ թե խնջույքի սեղանի շուրջ:):
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: