×


Ինտրիգներ եւ 18+ սարկազմ՝ Ելենա Վարդանյանից

Հայտնիության, շքեղության եւ փառքի սովոր երկու կին եւ մեկ երիտասարդ արտիստ, երեք բարդ ու հետաքրքիր ճակատագիր, որոնք միաձուլվել են կյանքի ու հանգամանքների բերումով. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում «Խաղը» ներկայացման առաջնախաղն էր: Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի հիման վրա ներկայացումը բեմադրել է թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը. նրա ռեժիսորական դեբյուտն է: Ներկայացումից առաջ BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին անկեղծացել է՝ սրտի թրթիռ եւ սպասում կա:


«Բեմ բարձրանալուց հետո անհանգստությունս միշտ անցնում է, այս դեպքում կանցնի միայն այն ժամանակ, երբ հանդիսատեսն ընդունի ներկայացումը, ինչին շատ եմ սպասում եւ կարեւորում: Բոլորս էլ հասկանում ենք, որ շատ դժվար ժամանակներ են, ուղղակի ուզում եմ լավ տրամադրություն, դրական լիցքեր փոխանցել, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն քաղաքականության եւ առօրյայի հետ: Որոշեցինք տոն ստեղծել առաջին հերթին կանանց միամսյակին ընդառաջ, «երաժշտական դադար» տալ ու հաճելին պարգեւել մարդկանց»,-պատմել է Ելենան:


«Խաղը» հոլիվուդյան երկու կինոաստղի մասին է, որոնց տրվել է հանրության սերը վերադարձնելու վերջին հնարավորությունը՝ միասին նկարահանվել նույն ֆիլմում: Դոն Նիգրոյի պիեսները աշխարհի լավագույն թատրոններում են բեմադրում՝ ռեժիսորական շատ տարբեր մոտեցումներով: Ելենա Վարդանյանը ներկայացրել է Վիկտոր Վեբերի ռուսերեն թարգմանությամբ, պահել պիեսի հիմնական գիծը՝ չխուսափելով նոր լուծումներից եւ փոփոխություններից: Եթե Նիգրոյի պիեսում գործող անձինք կանայք են, ապա այս ներկայացման մեջ հայտնվում է երրորդ  կերպարը՝ երիտասարդ արտիստը:  Դժվար ճակատագրով տղա, որի հիշողություններն այդ երկու տաղանդավոր կանանց մասին օգնում են ավելի լավ գլուխ հանել նրանց փոխհարաբերություններից: Ռիթմիկ, սարկազմով ու բարձր տրամադրությամբ աչքի ընկնող ներկայացման երաժշտական ձեւավորումը եւս Ելենայինն է:


Նշում է՝ իր գլխավոր նպատակը որպես ռեժիսոր հանդես գալը չէր.«Միշտ կատակում եմ՝ ասելով, որ երկու ամիս ազատ ժամանակ ունեի, որոշեցի ինձ փորձել եւ մեդալի մյուս կողմով նայել մեր մասնագիտությանը: Գործընկերներս, որոնք զբաղված են ներկայացման մեջ, շատ աջակցեցին ու ողջունեցին գաղափարը: Ես ռեժիսորի կամ արտիստի կերպարով չեմ ներկայանում, այլ մարդու, որը շատ ագահ է զգացմունքների առումով: Ինձ շատ են հարկավոր զգացմունքներ՝ հատկապես դրական: Եթե վաղն աշխատեմ որպես դիմահարդար ու դրանից դրական հույզեր ստանամ, ապա կանեմ: Այս դեպքում էլ նպատակը որպես ռեժիսոր հանդես գալը չէր, այլ հաճույք, դրական զգացմունքներ ստանալն ու փոխանցելը»:


Արդյո՞ք գոյություն ունի կանանց ընկերություն, ի՞նչ է պետք զոհաբերել հաջողության հասնելու ճանապարհին՝ այս եւ այլ շատ հարցեր են շոշափվում 18+ անձանց համար նախատեսված ներկայացման մեջ: Դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը, Լալիտա Բուկիան, Մանվել Խաչատրյանը եւ Անտոն Աղաջանյանը: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆը՝ Նունե Կիրակոսյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին