×


Anastasile-ը Երեւանում է. հայտնի բյութի-բլոգերը՝ միլիոնավոր դիտումներով իր տեսանյութերի եւ անցած բարդ ճանապարհի մասին

Հաջողության պատմություն, որը կարող է գրավել ու մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սեփական բլոգը վարել, մեծ ու թիրախային լսարան ունենալ, չվախենալ բարդություններից ու չհիասթափվել կես ճանապարհից։ Anastasile բլոգի հիմնադիր, Ինստագրամում եւ Տիկտոկում հայտնի բյութի-բլոգեր Անաստասիա Տուպիցինան այս օրերին Երեւանում է։ BRAVO.am-ը հանդիպել է նրան, հետաքրքիր բացահայտումներ արել անցած ճանապարհի, մեծ լսարան գրավելու, կորցնելու եւ վերագտնելու մասին, թրենդերին հետեւելու եւ նոր թրենդեր ստեղծելու, տարօրինակ թվացող մտքերը յուրօրինակ փորձարկումների վերածելու մասին։

«Նաստյա, փորձիր, հրաշալի կստացվի»

Երբ նոր էի սկսում բլոգը, դիմահարդարման ոչ մի դասընթաց դեռ չէի անցել, ուղղակի ինձ դուր էր գալիս կոսմետիկան, եւ վերջ։ Այդ ժամանակ շատ էի հետեւում տարբեր վիդեոբլոգերների, Յութուբում բազմաթիվ տեսանյութեր էի դիտում։ Մտածում էի՝ հրաշալի կլիներ, եթե ինքս էլ նման մի բան սկսեի։ Բայց շատ էի վախենում։ Այդ ժամանակ Ինստագրամում մոտ 2000 հետեւորդ ունեի. բոլորն իմ ծանոթներն էին, բարեկամները, դպրոցական ընկերները: Շատ էի անհանգստանում, թե նրանք ինչպես կվերաբերվեն, չէ՞ որ տեսանյութերի սկզբում առանց դիմահարդարման էի լինելու։ Կես տարի մտածեցի դրա շուրջ։ Հետո այդ մասին պատմեցի ընկերուհուս, նա ինձ ոգեւորեց, ասաց՝ «Այո՛, Նաստյա, փորձիր, հրաշալի կստացվի, ընտիր կլինի»։ Ասացի՝ «Դե, լավ, դու ինձ խոստացել ես, որ լավ է լինելու» (ժպտում է,- հեղ․)։

Անաստասիան


Իմ առաջին տեսանյութը նկարեցի սմարթֆոնիս դիմացի տեսախցիկով, մոնտաժեցի եւ ոչ մի տեղ էլ չհրապարակեցի։ Հետո նորից նկարեցի. այլ կերպ տեղադրեցի տեսախցիկը, որ լույսն ու կադրն ավելի գեղեցիկ լինեին, մի կերպ հեռախոսս ամրացրի հայելուն։ Հրապարակեցի, ծանոթներս տեսան եւ հուրախություն ինձ՝ ոգեւորեցին, ասացին՝ հետաքրքիր է: Վատ արձագանքներ չեղան, թե ինչ ֆո՜ւ եմ։ Մտածեցի՝ դե, լավ, պետք է շարունակել։

Սկսեցի փորձարկումներ անել։ Արձագանքներ կային, մարդկանց դուր էր գալիս, դիտումների թիվը մեծանում էր։ Օրինակ՝ եթե սկզբում 2000 դիտում էր ունենում մեկ տեսանյութը, ապա հետո այդ թիվը դարձավ 40 000։ Մտածեցի՝ ընտիր է, պետք է զարգացնել միտքը։ Պրոֆեսիոնալ լույս գնեցի, համացանցով էի պատվիրել, այն ինձ հասավ կոտրված, բայց օգտագործում էի ինչ-որ կերպ։ Դիտումները դարձան 100 000, 120 000, վստահ էի, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Որոշեցի տեսախցիկ գնել, գնեցի նաեւ բազմագույն նկարչական թղթեր, երկկողմանի սկոտչով ամրացրի պատերին։ Ճիշտ է՝ պատերը փչացրի, որովհետեւ հետքերը չէին մաքրվում, բայց դե, ոչինչ։ Շարունակում էի նկարել, ինձ համար կերպարներ էի մտածում։ Նույնիսկ փոքրիկ գովազդային պատվերներ էի ստանում։


«Այդ ընթացքում բոլորը մոռացան իմ մասին»

Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց այդ ժամանակ համալսարանում էի սովորում, սկսեցի պրակտիկաս, զուգահեռ նաեւ դիպլոմային աշխատանքովս էի զբաղված, կարճ ասած՝ ամեն ինչ թողեցի։ Դադարեցի նկարել, ոչինչ չէի հրապարակում, մոտ մեկ տարի առհասարակ դադարեցի օգտվել Ինստագրամից։ Իհարկե, այդ ընթացքում բոլորը մոռացան իմ մասին, 40 000 հետեւորդներիս կեսը դադարեց հետեւել իմ էջին։ Մտածեցի՝ վերջ, իմաստ չկա շարունակել:

«Պետք էր սկսել զրոյից»

Ավարտեցի համալսարանը, այդ ժամանակ նաեւ հղիացա, սկսվեց կարանտինը, բոլորը փակված էին տներում։ Մտածեցի՝ պետք է փորձել նորից ինչ-որ բան անել։ Սկսեցի վիդեոներ նկարել, նորից 2000 դիտում. ամեն ինչ պետք էր սկսել զրոյից։ Ժամանակն անցնում էր, բայց դիտումների թիվը չէր ավելանում։ Չէի հասկանում՝ ինչ է կատարվում, մտածում էի՝ ինչո՞ւ է ուրիշների դեպքում ստացվում, իմ դեպքում՝ ոչ։ Շատ էի հուսահատվել։ Նոր լույս գնեցի, փորձեցի ավելի վառ դիմահարդարում անել, միեւնույն է՝ հեռանում էին բաժանորդներս, նորերը չէին ավելանում։ Մոտ կես տարի առհասարակ առաջխաղացում չկար։

Անաստասիան


Ծննդյանս օրը որոշեցի նոր տեսախցիկ գնել, մտածում էի՝ ահա, նոր տեխնիկայով կնկարեմ, ամեն ինչ հրաշալի կլինի։ Նույնիսկ բարձրախոս գնեցի։ Իհարկե, ոչ մի փոփոխություն։ Անելանելի իրավիճակ էր։ Փորձում էի անել այնպես, ինչպես հայտնի բլոգերներն են անում, կրկնօրինակում էի նրանց ժեստերը, խոսելաոճը։ Բայց հետո հասկացա, որ դա մեծ սխալ էր։ Սկսեցի շատ տարօրինակ մտքեր իրականացնել, հասկացա, որ սովորական նյութերը չեն հետաքրքրում մարդկանց։ Նկարեցի «Դիմահարդարման 100 շերտերը» թեմայով մի զվարճալի տեսանյութ, որում սարսափելի տեսք ունեի. շպարը հալվել ու լղոզվել էր դեմքիս (ծիծաղում է,- հեղ․)։ Մտածում էի՝ եթե սա էլ դիտումներ չհավաքի, ապա էլ չգիտեմ՝ ինչ պիտի նկարեմ, որ մարդկանց հետաքրքրի։ Այդ տեսանյութը 200 000 դիտում գրանցեց։ Վերջապես, ինչ-որ բան տեղից շարժվեց։ Շարունակեցի նկարել ինչպես ուսուցանող տեսանյութեր, այնպես էլ ոչ թանկ կոսմետիկայով լավ դիմահարդարում ստանալու տարբերակներ։


«Համոզեցին TikTok-ում գրանցվել»

Մի քանի տեսանյութ տեղադրեցի TikTok-ում, մեկը մոտ 170 000 դիտում գրանցեց, մտածեցի՝ օ՜, հրաշալի է, վերջապես ինչ-որ բան ստացվում է, լավ է, որ համոզեցին գրանցվել այս հարթակում: Զվարճալի տեսանյութ նկարեցի՝ իբրեւ թե կարողանում եմ մեծ շուրթեր ստանալ։ Հատուկ շատ մեծ նկարեցի, որ սովորական չլինի։ Այդ տեսանյութը 3 միլիոնից ավելի դիտում գրանցեց։ Նույնիսկ թոփ հորիզոնականներում էի հայտնվել Ֆիլիպիններում, ինձ սկսեցին այլ երկրներից հետեւել, ինչը մտքովս չէր անցնի։ Այդ տեսանյութը սկսեցին Ինստագրամում հրապարակել եւ ինձ նշել, հետեւորդներիս թիվն ավելանում էր։

@anastasile

Будет завтра ❤️

♬ GOODMORNINGTOKYO! - iris



«Էջս ջնջեցին»

Չհասկացա, թե ինչու, ինչպես կարող էր դա լինել։ Նամակներ էի գրում Ինստագրամի ղեկավարությանը, բայց ոչ ոք ինձ չէր պատասխանում, ոչինչ չէր ստացվում։ Հանկարծ Յութուբում մի տեսանյութ գտա, որում բացատրում էին, թե ինչ կարելի է անել։ Ֆեյսբուքյան էջիս միջոցով նամակ գրեցի, ինձ պատասխան եկավ, որում ասվում էր՝ պետք է հարցաթերթիկ լրացնել, նկարվել եւ ուղարկել իրենց։ Մեկ շաբաթ անց էջս վերականգնեցին։

«Մեծ թվով հետեւորդներ միացան էջիս»

Շարունակեցի նկարել, տեղադրում էի ե՛ւ Ինստագրամում, ե՛ւ Տիկտոկում: Հետո Ինստագրամում հայտնվեց Reels հարթակը, հասկացա՝ անպայման պիտի փորձել այդ հնարավորությունը։ Սկզբում շատ քիչ էին դիտումները, բայց նախորդ ամռանը տեսանյութերիցս մեկը 700 000-ից ավելի դիտում գրանցեց, ինչը հրաշալի էր։ Հենց այդ շրջանում մեծ թվով հետեւորդներ միացան էջիս։ Կարծում եմ՝ հենց կերպարանափոխության տեսանյութերիս շնորհիվ հաջողություն ունեցա (Անաստասիան կարճ տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով կտրուկ անցումը մինչեւ դիմահարդարումը եւ դրանից հետո,- հեղ․)։

Մի պահ եկավ, երբ տեսանյութերս Ինստագրամում սկսեցին 16 միլիոն դիտում հավաքել, մեկ ամսում ինձ 100 000 մարդ բաժանորդագրվեց։ Շատ եմ աշխատում տեսանյութերի որակի վրա, որ ամսագրային էֆեկտով լինեն։


@anastasile

Don’t forget to subscribe ✅

♬ original sound - sosa



Դասընթացներ ապագա բյութի-բլոգերների համար

Հիմա նաեւ օնլայն դասեր եմ վարում, սովորեցնում եմ՝ ինչպես նկարել ֆոտո եւ վիդեո, ինչպես մշակել եւ մոնտաժել դրանք, ինչպես ճիշտ տեղադրել տեսախցիկն ու լույսը, եւ այլն։ Ինձ ոգեւորեցին այն մարդիկ, որոնք զբաղվում են նման դասընթացներ կազմակերպելով։ Նրանք ինձ առաջարկեցին մեկ ամբողջական կուրս նկարահանել տարբեր թեմաներով, որոնք կհետաքրքրեն ապագա բյութի-բլոգերներին։ Մտածում էի՝ շատ դժվար կլինի, բայց ասացին՝ արի փորձենք։ Մեկ ամիս ամեն օր 4-5 ժամ տեսագրում էի տարբեր թեմաներով իմ դասախոսությունները։ Այդ ընթացքում մտածում էի՝ Աստված իմ, ինչո՞ւ համաձայնեցի, ախր բարդ է շատ։ Բայց երբ վերջում տեսա մոնտաժված տարբերակը, հասկացա՝ ամեն ինչ ճիշտ էր արված։ Հիմա իմ էջում նույնպես կարելի է գտնել այդպիսի ուսուցողական տեսանյութեր։


@anastasile

Туториал ?❤️

♬ Ginseng Strip 2002 - Yung Lean




«Դեռ մի քանի ամիս կմնանք Հայաստանում»

Ամուսինս հայ է, այստեղ ենք եկել երեխայի հետ, ուզում ենք ապրել մի որոշ ժամանակ։ Բայց առաջին անգամ չենք Հայաստանում. նախորդ ամռանն էլ էինք եկել։ Այստեղ ամուսնուս հետ երկրորդ հարսանիք ենք արել, մի քիչ շրջել ենք տեսարժան վայրերով։ Պլանավորում եմ այստեղ էլ նոր տեսանյութեր նկարել:

«Երկար փորձել, աշխատել, չհանձնվել»

Ինձ հաճախ հարցնում են՝ ինչպես անեն, որ լավ ստացվի, մեծ լսարան ունենան, այսպես ասած՝ հաջողության գաղտնիքը որն է։ Իմ կարծիքով՝ գաղտնիքը պարզ է՝ անել այն, ինչ ուզում ես։ Շատ պատճառներ ունեի, որ կանգ առնեի, հանձնվեի ու չփորձեի նորից, բայց շարունակում էի, լաց էի լինում, հետո նորից շարունակում ու փորձում, վերլուծում էի, թե ինչն այնպես չեմ անում, ինչը կարող եմ ավելի լավ անել, ինչպես հետաքրքրեմ մարդկանց։ Նայում էի, թե ինչու է ուրիշների մոտ ստացվում, եւ ինչն է ինձ պակասում։ Պետք է հետեւել թրենդերին, միշտ նորը փորձել եւ գլխավորը՝ չհանձնվել։ Եթե երկար փորձեք, աշխատեք, ինչ-որ պահի ամեն ինչ կստացվի, խոստանում եմ։

Անաստասիայի էջերը

Ինստագրամում՝ https://www.instagram.com/anastasile/

Տիկտոկում՝ https://www.tiktok.com/@anastasile?lang=en

Տելեգրամում՝ https://t.me/anastasileblog

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW