Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 21-րդ անգամ անցկացվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը:
Մեկ տարվա աշխատանքից ու ներկայացումներից հետո դերասանները սպասում են հենց թատրոնի միջազգային օրվան, որպեսզի ստանան իրենց մրցանակները:
BRAVO.am-ը միջոցառումից առաջ դերասանուհիներից մի քանիսի հետ խոսել է իրենց ընտրած հագուստների ու հավանած ներկայացումների մասին: Նրանից մի քանիսն արձանիկներ ստացան իրենց դերերի համար: Առանձնացրել ենք նաեւ երեկոյի առավել գեղեցիկ կերպարներին:
Էվա Խաչատրյան՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» («Հինգ պատմություն սիրո մասին», Կամերային թատրոն)
Վերջին 2 տարիներին մրցանակաբաշխությունը բավական մեծ շուքով է կազմակերպվում, եւ մեզ էլ հնարավորություն է տրվում էլ ավելի գեղեցիկ ներկայանալ:
Այն ցուցադրվում է հեռուստատեսությամբ, այդքան շատ մարդ է հրավիրված լինում, ներկայանալի տեսքը պարտադիր է, եւ բացարձակապես կապ չունի առաջադրված ես որեւէ անվանակարգում, թե՝ ոչ:
Էվա Խաչատրյանը
Նախորդ տարիներին, երբ «Արտավազդն» անցկացվում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, մենք ավելի զուսպ էինք. միջավայրն ու մթնոլորտը դա էին թելադրում: Շքեղ լինելը մի տեսակ չափից շատ աչքի ընկնելու ցանկության տպավորություն կստեղծեր: Իսկ այստեղ բեմը մեծ է, լույսերը՝ վառ:
Հնարավորություն է տրված որպես դերասանուհի գեղեցիկ լինել, ինչը նաեւ շատ հաճելի է: Ի՞նչ անենք՝ մենք Օսկար չունենք, սա էլ մեր «Օսկարն» է: Մի քիչ էլ մենք մեզ յուրահատուկ զգանք, դրա համար էլ փորձել եմ տպավորիչ լինել:
Բավական բարդ է նշել հավանածս ներկայացումը, գրեթե բոլորը դիտել եմ, ցավոք, միայն «Մաուգլին» չեմ տեսել, որովհետեւ Գյումրիում է ցուցադրվում: «ԿոնտրԱկտ» ներկայացումն է շատ տպավորել, «Սկապենի արարքները», Գոռ Համբարձումյանի մենախոսությունն էր հետաքրքիր: Մեր «Համլետն» է լավ ներկայացում, իմ ներկայացումն ու դերերը, որոնք վեցն են, ուղղակի պաշտում եմ:
Ելենա Վարդանյան՝ «Լավագույն դերասանուհի» («Գարդենիա» (I կին), Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն)
Թատրոնի միջազգային օրը որոշեցի սպիտակ հագուստով լինել: Այդ գույնը միշտ թարմ է ու խաղաղություն է խորհրդանշում: Կյանքում մշտապես սեւ եմ կրում, դրա համար էլ որոշեցի տարբերվել:
Ներկայացումներից ոչ մեկը չեմ ուզում առանձնացնել: Բոլոր կոլեգաներիս սրտանց շնորհավորում եմ թատրոնի օրվա առիթով, բոլորն էլ արժանի են պարգեւների: Ներկայացումներն էլ միայն գովասանքի են արժանի, ինչի համար հոտնկայս եմ ծափահարում նրանց:
Արմինե Անդրեասյան` «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Միսս Մարթա, «…եւ նորից գարուն», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն)
Կանաչ գույնի զգեստով եմ, որովհետեւ իմ ներկայացումը «…եւ նորից գարունն» է: Այն ամենագարնանային գույնն է եւ երկրորդ շնչառություն ու երիտասարդություն է հաղորդում:
Արմինե Անդրեասյանը
Շատ-շատ եմ հավանել Գյումրու թատրոնի «Մաուգլի»-ն, Գոռ Մարգարյանի «Գարդենիան», երիտասարդ ռեժիսորներից Մերի Մարգարյանի գործերն եմ սիրում: Նա ե՛ւ երեխաների, ե՛ւ մեծահասակների համար ներկայացումներ ունի՝ «Զոլավորը» եւ «Ճախրող լամպը»: Երիտասարդ ու տաղանդավոր անհատականություն է:
Ջեմմա Ադամյան՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի
Հենց միջոցառումից առաջ եմ ընտրել կերպարս, տեսել եմ զգեստներն ու միանգամից էլ հավանել:
Ջեմմա Ադամյանը եւ Էվա Խաչատրյանը
Մենք թատրոնում՝ փոքրիկ բեմում, ցույց ենք տալիս կյանքի մակետը, որը մեծացնելու դեպքում դառնում է աշխարհի մակետը: Թատրոնի օրն ամբողջ աշխարհի տոնը կարող է դառնալ: Իզուր չեն դասականներն ասել, որ կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասաններ:
Իմ սիրելի ներկայացումներից, դե բնականաբար, առաջին հերթին մեր «Մաուգլի»-ն է, շատ եմ հավանել նաեւ «…եւ նորից գարունը» եւ «Գարդենիան»:
Անի Լյուպե՝ Կամերային թատրոնի դերասանուհի
Վիլվետը շատ եմ սիրում, ինձ համար այն շատ խորություն ունի ու կշիռով կտոր է: Հաշվի առնելով Օպերայի բեմը՝ այն ընտրեցի, կարծում եմ՝ կերպարս համահունչ է ստացվել: Գույնն էլ իմ սիրելին է: Առհասարակ երկար զգեստների սիրահար եմ:
Լավ ներկայացումները շատ են, մեր թատրոնից կնշեմ «Համլետը», «Հինգ պատմություն սիրո մասինը» եւ «Ներոնը»: Մյուս թատրոններում էլ իմ գործընկերներն են աշխատում, իհարկե, ուզում եմ, որ Կամերայինը հաղթանակ ունենա, բայց մյուսների համար էլ ուրախ եմ:
Մարիամ Ալեքսանյանը
Մարիամ Ալեքսանյան՝ դերասանուհի
Այս անգամ որոշեցի երեկոյան զգեստ չկրել ու ինձ ավելի հարմարավետ զգալ: Այդ կերպարով լավ եմ զգում ու բացի այդ էլ գեղեցիկ է:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: