Դերասան ու կատակերգու Ջիմ Քերին որոշել է 60 տարեկանում ավարտել կարիերան: Այդ մասին նա հայտնել է Access Hollywood-ին տված հարցազրույցում:
Զրույցը նվիրված է եղել «Սոնիկը կինոյում 2» ֆիլմին, որում նկարահանվել է նաեւ Ջիմը: Պատասխանից հետո լրագրողը միանգամից չի հասկացել՝ արդյոք նա կատակում է, թե ճիշտն ասում:
«Թոշակի եմ անցնում, լուրջ եմ ասում: Եթե, իհարկե, հրեշտակներն ինձ հանկարծ ինչ-որ սցենար չբերեն՝ գրված ոսկե թանաքով: Գուցե այդ ժամանակ միայն վերադառնամ»,- ասել է նա:
Քերին պատմել է, որ սիրում է իր հանգիստ կյանքը. շատ ժամանակ կտրամադրի նկարչությանը, որը շատ է սիրում, ու կփորձի հանգստանալ իր մասնագիտությունից. «Արդեն իսկ շատ բան եմ արել, բավական է»:
Կարիերան
Քերին 16 տարեկանում որոշել է թողնել ուսումն ու իրեն լրիվ նվիրել կատակերգուի աշխատանքին: Նա բավական բարդ ճանապարհ է անցել երազանքն իրականացնելու համար:
Բեմ է բարձրացել դեռ 15 տարեկանում. հայրը նրան տարել է կանադական «Յակ-Յակ» ակումբ, որտեղ էլ պատանին ելույթ է ունեցել: Սակայն հանդիսատեսն այնքան էլ լավ չի ընդունել ու սուլոցներով է ուղեկցել ելույթը, դրանից հետո Քերին որոշ ժամանակ պարփակվել է իր մեջ:
Այդ ընթացքում գործարանում է աշխատել, իսկ երբ ընտանիքի ֆինանսական վիճակը լավացել է, որոշել է նորից վերադառնալ բեմ: Կատարելագործել է իր նախկին համարը, որը մեծ հիացմունքի է արժանացել: Նա «Յակ-Յակ»-ի դեմքն է դարձել, բացի այդ էլ սկսել գումար ստանալ իր ելույթների համար:
Ոգեւորված այդ հաջողությամբ՝ մեկնել է ԱՄՆ, որտեղ փորձել է ընդգրկվել Saturday Night Live ծրագրում, սակայն չի ընտրվել: Հետագա տարիներին էլ անհաջող փորձեր է արել աշխատանքի անցնելու հումորային ծրագրում, բայց ապարդյուն:
Այդ ժամանակ որոշել է նորից վերադառնալ Կանադա ու շարունակել հանդես գալ ակումբներում, իսկ երբ նրա մասին առաջին անգամ գրել են լրատվամիջոցներում, հեռուստատեսությունում են աշխատանք առաջարկել:
Քերրին նորից եկել է ԱՄՆ, կատակերգու դերասան Ռոդնի Դենջերֆիլդը նրան իր հետ շրջագայության է տարել, դրանից հետո նորից շարունակել է ակումբային ելույթներն ու բազմաթիվ քասթինգների մասնակցել՝ երազելով հայտնվել ֆիլմերում:
Նա հիանալի էր նմանակում դերասաններին ու ի վերջո 1996-ին հայտնվեց Saturday Night Live-ում: Մեծ ճանաչումը եկավ Roxbury Guys սքեչից հետո, որն առավել տարածված էր What is love? անվամբ:
Ֆիլմերը
Համաշխարհային ճանաչում Քերիին բերել է 1994 թվականին նկարահանված «Էյս Վենտուրա. տնային կենդանիների որոնում» ֆիլմը: Քերրին ինքն է գրել իր կերպարի հումորներն ու հորինել նրա խենթ ոճը: Ֆիլմը գերազանցել է բոլոր սպասելիքները՝ կինովարձույթում հավաքելով 100 մլն դոլար: Քերրիին դերի համար շատ են քննադատել, ավելի ուշ է Էյս Վենտուրան կինոյի հայտնի դեմքերից մեկը դարձել:
Ճանաչումն ամրապնդել օգնել է «Դիմակ» ֆիլմը, որում Քերրիի խաղընկերուհին Քեմերոն Դիասն է: «Դիմակն» առաջադրվեց BAFTA-ի ու Օսկարի: Դրանից հետո նրա հեղինակավոր ֆիլմերը շատացան՝ «Հիմարը եւ ավելի հիմարը», «Հավերժ Բեթմենը», «Մալուխագործը», որի համար նա առաջին անգամ ստացավ 20 մլն դոլար ու դրանից հետո ավելի քիչ գումարով հրաժարվում էր նկարահանվել:
Թեեւ Քերրին առավել հայտնի էր որպես կատակերգու դերասան, սակայն միայն այդ կարգավիճակում չէ, որ հանդես էր գալիս: Նա նկարահանվեց նաեւ «Թրումենի շոուն» եւ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմերում: Տարիներ անց Քերրին խոստովանել է, որ դեպրեսիայով ու անորոշությամբ տառապող Ջոելի կերպարը մարմնավորելն ամենահեշտն է եղել իր համար:
Հաջողության եւս մեկ ահռելի ալիք համակեց Քերրիին «Ամենակարող Բրյուսը» ֆիլմից հետո: Նկարահանումների ժամանակ օպերատորական կռունկը հրաշքով չվնասեց Ջենիֆեր Էնիսթոնին. նրան ժամանակին կարողացավ փրկել դերասանը:
Դրանից հետո Քերրին նկարահանվեց եւս մի քանի ֆիլմում, ապա սկսեց ավելի հազվադեպ հայտնվել էկրաններին: 2020-ին նա խաղաց «Սոնիկը կինոյում» ֆիլմում, հետո նաեւ շարունակությունում:
Ընդհանուր առմամբ Քերրիի կարիերան տեւել է 45 տարի, որի ընթացքում նա ստեղծել է բազմաթիվ մնայուն կերպարներ ու թեւավոր արտահայտությունների հեղինակ դարձել:
Մտքերը
Մանուկ տարիքում շատ թափթփված էի, այդպիսի մեկը երկրի վրա դեռ չէր եղել:
Իմ գլխավոր կանոննե՞րը: Եթե քեզ հետապնդում է «կյանքն ինչ-որ ուրիշ կերպ է անցնում, չեմ զբաղվում նրանով, ինչով պետք է» միտքը, ապա միշտ քեզ օգտագործելու են: Երկրորդը՝ երբեք ձեզ շատ լուրջ մի վերաբերվեք:
Եթե հրաժարվեք ձեր երազանքից, ապա էլ ի՞նչ կմնա:
Երբ գործերը չափից շատ վատ են ընթանում, մնում է միայն ծիծաղել:
Խնդիրները պետք է լուծել, ոչ թե դրանք դեղերով քողարկել:
Ցանկացեք, որ մարդկ իրականացնեն փողի ու փառքի հետ կապված երազանքը, որպեսզի հասկանան՝ երբեք չեն կարող լիարժեք զգալ իրենց:
Ուզում եմ սիրել եւ սիրում եմ, կարեւոր չէ, թե այն որքան երկար կտեւի՝ դար, թե մի ակնթարթ:
Մեզնից շատերն ուզում են փոխել այս աշխարհը, բայց մոռանում ենք ամենակարեւորի մասին՝ սրտի: Ե՞րբ եք վերջին անգամ անկեղծ թրթիռ զգացել, կամ էլ ուրախացել:
Եթե տաղանդ ունեք, այն ձեզ կպաշտպանի:
Կյանքում ամեն ինչ արվում է ոչ քեզ հետ, բայց քեզ համար:
Ամբողջ կյանքում հավատացել եմ հրաշքների:
Հայտնիության հակառակ կո՞ղմը: Երբեք չեք կարող սուպերմարկետներում գողություն անել, որքան էլ ցանկանաք:
Տարիների ընթացքում մյուսների թերություններին ավելի հեշտ ենք հարմարվում: Ինձ միեւնույն կլինի, եթե սիրելիս 3 գլուխ ունենա, բայց այն դեպքում, եթե հումորի լավ զգացում ունենա:
Միշտ ցանկացել եմ մեծ դերասան դառնալ, որի անունը դարերով կապրի: Այդ դեպքում կհպարտանայի ինձնով: Բայց այդպես լինել չի կարող, բավական է՝ հավատարիմ մնամ ինձ: Ահա եւ վերջ:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: