×


«Անծանոթ տղամարդկանցից նվերներ չեմ ընդունում».Մոնիկա Գրիգորյան

Պոդիումի, մոդելային կյանքի մասին չմտածող Մոնիկա Գրիգորյանի կյանքում 2019 թվականին շրջադարձային փոփոխություն եղավ՝ շնորհիվ քրոջ համարձակ, բարի նախաձեռնության: Հենց նա գեղեցկության մրցույթին մասնակցելու հայտն ուղարկեց Մոնիկայի փոխարեն: Այսօր արդեն «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցցե-միսս եւ «Միսս Տիեզերք» գեղեցկության 69-րդ միջազգային մրցույթի մասնակից Մոնիկա Գրիգորյանը մասնակցում է տարբեր մրցույթների, նոր ֆոտոշարքեր ներկայացնում եւ զբաղվում մոդելինգով:

Շնորհակալ է

Չեմ կարող ասել, որ մոդել դառնալը, պոդիումով քայլելն իմ մանկության, պատանեկության երազանքն է եղել: Պատահական, քրոջս օգնությամբ հայտնվեցի այս աշխարհում, ինչի համար այսօր շատ ուրախ եմ: 2019 թվականի գեղեցկության մրցույթից խոսելիս քույրս առաջարկեց, որ մասնակցության հայտ ներկայացնեմ եւ ուղարկեմ իմ լուսանկարները: Պատասխանս բացասական էր: Օրեր անց ստացա հրավեր՝ մասնակցելու քասթինգին: Մտածեցի՝ կատակ է, բայց՝ ոչ: Այդ օրը քրոջս հետ մի փոքր տարաձայնություն ունեցա, բայց հետո եւ միշտ միայն շնորհակալ եմ իր արածի համար:


Բարդությունների եւ բարդույթների մասին

Սկզբում շատ դժվար էր ինձ համար: Ստիպված էի ամեն շաբաթ գալ Վանաձորից, մասնակցել փորձերին, սովորել ճիշտ քայլել բարձրակրունկներով, ճիշտ կեցվածք ընդունել բեմում եւ առօրյայում: Ստիպված էի բարդույթներ հաղթահարել: Ամեն անգամ տուն էի գնում ու ասում, որ չեմ շարունակելու, ամեն ինչ շատ բարդ է, ես ամենագեղեցիկը չեմ եւ այլն: Հիշում եմ՝ մայրս ու քույրս ասում էին՝ այնտեղ գուցե ամենագեղեցիկը չեմ, բայց պետք է ավարտեմ այն, ինչ սկսել եմ: Գոնե որոշակի ձեռքբերում, հաղթանակ պետք է ունենալ:

Սխալ պատկերացումներ

Հայաստանում մոդելների մասին կարծիքը տարբեր է եւ հաճախ սխալ: Մտածում են՝ թեթեւ խելքի ու վարքի տեր մարդիկ են: ՄԻնչ այս ոլորտում հայտնվելն ինքս էլ կարծում էի, որ այստեղ որեւէ հաջողության հասնելու համար ծանոթ եւ գումար ունենալը պարտադիր է: Երբ ծանոթացա Գոհար Հարությունյանի հետ, հասկացա, որ այս աշխարհն այնքան էլ այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են: Աշխատանքով, համառությամբ կարող ես եւ ինքնուրույն հաջողությունների հասնել:

Սկզբունքներ

2019 թվականի գեղեցկության մրցույթին հրաժարվեցի լողազգեստով ներկայանալ: Այն ժամանակ մտածում էի՝ ինչ կմտածեն բարեկամներս, ընկերներս եւ համաքաղաքացիներս: Հետո համոզվեցի, որ դա ամոթալի չէ: «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ արդեն ներկայացա նաեւ լողազգեստով: Ունեմ սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եմ եւ չեմ դավաճանի: Բաց տեսարանում, տղաների հետ ֆոտոշարքերում սկզբունքորեն չեմ նկարահանվի:


Տիտղոսների եւ հաջողությունների մասին

Տիտղոսներից յուրաքանչյուրը յուրովի կարեւոր է եւ իր տեղն ունի: Բայց «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցցե-միսս տիտղոսն ամենաթանկն է: Առաջին հաղթանակն է, բոլորովին այլ ապրումներ ու զգացողություններ ունեի:
Առհասարակ, այդ տիտղոսները որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող են: Դրսում ինձ չեն ընկալում որպես Մոնիկա, այլ ընդունում են, որպես Հայաստանը ներկայացնող մոդել: Ամեն ինչ անում եմ՝ պատշաճ եւ լավ ներկայացնելու համար:

Առաջ եւ հիմա

3-4 տարիների ընթացքում շատ եմ փոխվել: Առաջ չէի կարողանում լսել իմ հարցազրույցները, չէի հավանում կեցվածքս, քայլվածքս: Այսօր արդեն այլ է: Այդ ամենն, իհարկե, աշխատանքի ու դեպի լավը փոխվելու ցանկության արդյունք է:
Եթե հնարավորություն կա ավելիին հասնելու, ինչո՞ւ չփորձել: Պետք է առաջ գնալ ու կատարելագործվել: Հավատս չէր գալիս, որ փողոցով քայլելիս ինձ էլ կճանաչեն ու կցանկանան լուսանկարվել ինձ հետ:

Քույր եւ եղբայր

Ունեմ քույր, ով մեծ է ինձնից մեկ տարով եւ 17 տարեկան եղբայր: Մենք շատ մտերիմ ենք: Քույրս միշտ օգնում է ոճիս հարցում: Սիրում եւ հետաքրքրված է նորաձեւությամբ, միշտ տեղին խորհուրդներ է տալիս: Իսկ եղբայրս ինձ օգնում է իմ ինստագրամյան էջը ճիշտ վարել: Այդ հարցում նա բավական տեղյակ է: Ակտիվ եմ սոցիալական հարթակում: Սիրում եմ խորհուրդներով կիսվել իմ հետեւորդների հետ: Հաճախ լսում եմ նրանց արձագանքները եւ սիրով պատասխանում հարցերին:


Լոռեցիների մասին

«Միամիտ լոռեցի» արտահայտությունը շատ եմ լսել, բայց ընկերուհիներս անկեղծացել են, որ ամենեւին այդ կարծիքին չեն: Միամիտ չեմ. մարդկանց շատ արագ եմ ճանաչում: Առհասարակ, լոռեցիներս միամիտ չենք, ուղղակի պարզ մարդիկ ենք:

Թանկարժեք նվերներից հրաժարվելու մասին

Ուշադրության կենտրոնում լինելը հաճելի է, բայց ամեն ինչ իր սահմանն ու չափն ունի: Կան մարդիկ, որոնցից աշխատում ես հեռու մնալ անգամ սոցիալական հարթակում: Նվերներ շատ են լինում, բայց ոչ բոլորն եմ ընդունում: Սիրում եմ նվերներ ստանալ այն մարդկանցից, որոնց ճանաչում եմ: Անկեղծ ասած, մերժել եմ շատ թանկարժեք նվեր ընդունել: Անծանոթ տղամարդկանցից նվերներ, առհասարակ, չեմ ընդունում:

Անձնականի մասին

Այն հանրայնացնել չեմ սիրում: Երբ իմ կողքին հայտնվի նա, այդ մասին կիմանան: Նա պետք է լինի կնամեծար, հումորով, առատաձեռն եւ շատ ու շատ դրական հատկանիշներով օժտված: Բայց երբեք չես կարող հստակ ասել, թե ում կընտրես, ով կլինի քո կողքին: Չեմ պատկերացնում, որ նա ինձ ընտրության առաջ կկանգնեցնի՝ կա՛մ ընտանիք, կա՛մ մոդելինգ: Ամեն դեպքում, ինձ համար ընտանիքն ամենակարեւորն է: Բնական է, որ ընտանիք կազմելուց հետո իմ աշխատանքում սահմանափակում կլինի՝ հիմնականում ժամանակի հետ կապված:

Գեներ

Կազմվածքս պահպանելու համար մի ժամանակ ինտենսիվ մարզվում էի եւ սպիտակուցային սննդակարգի հետեւում: Այսօր, ցավոք, ժամանակս չի ներում հաճախ մարզասրահներ գնալ: Ուտում եմ այն, ինչ ուզում եմ եւ երբ ցանկանում եմ: Սահմանափակումներ չկան սննդի հարցում: Երեւի գենետիկ է, չեմ գիրանում:


Առօրյան

Հիմա տեղափոխվել ենք Երեւան, կրթությունս շարունակում եմ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանում: Երկու ամսից կավարտեմ: Զբաղված եմ ավարտական աշխատանքով, նաեւ գրասենյակային աշխատանքի եմ անցել: Գրաֆիկս բավական ծանրաբեռնված է:

Տարիներ անց

Մեր օրերում դժվար է պատկերացնել անգամ վաղվա օրդ, բայց հուսամ՝ 5 տարի անց արդեն իմ ընտանիքը կունենամ, սիրելի աշխատանքս, եւ այդ ամենը ցանկալի է, որ լինի Հայաստանում:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մոնիկա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին