×


Հսկա իրեր ու գլխիվայր շրջված սենյակներ. Երեւանում բացվել է Happium թանգարանը

Զվարճանքը, խաղերն ու ինքնատիպ քանդակների ցուցադրությունը՝ մեկ վայրում․ Երեւանում՝ Վաղարշյան 19 հասցեում, արդեն պաշտոնապես բացվել է «Happium» թանգարանը՝ իր ձեւաչափով միակը Հայաստանում։ Շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է մեծ ու տոնական միջոցառման ընթացքը, հյուրերին, շրջել է թանգարանի տարածքում եւ զրուցել նախագծի հեղինակների հետ՝ հետաքրքիր մանրամասներ պարզելով թանգարանում ստեղծված հնարավորությունների մասին։


«Ամբողջ աշխարհում կան ժամանակակից արվեստի կենտրոններ, որտեղ զվարճանքն ու թանգարանը համատեղվում են։ Շրջելով տարբեր երկրներում, տեսնելով այդ ամենը՝ բարի նախանձով լցվեցի եւ որոշեցի՝ մեզ մոտ էլ պիտի լինի նման թանգարան, հատկապես որ մասնագիտությամբ ռեժիսոր, պրոդյուսեր եմ։ Ունեցածս փորձի եւ գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց Happium-ը, որը մեծ ու բարդ նախագիծ է. հեքիաթը դեռ կշարունակվի 21-րդ դարի Հայաստանում»,- մեր զրույցում ասաց Happium-ի տնօրեն Աննա Մովսիսյանը։


Երկհարկանի թանգարանի ամեն մի հատված իր նշանակությունն ունի։ Ներս մտնելուն պես այցելուներին դիմավորում են անսովոր մեծ չափերի իրերը՝ յուրօրինակ դեկորներ դարձած, օրինակ՝ Pink Berry պաղպաղակը, Tosp-ի շապիկը, Coca-Cola-ի շիշը, iBOLIT mobi-ի սմարթֆոնը, Добрий հյութը, Royal Armenia սուրճի բաժակը, iLusin-ի գրիչը եւ նոթատերտերը, Longway-ի ֆրին... Մեծ իրերի այս միտքը շարունակվում է նաեւ ներքեւի հարկում, որտեղ հսկայի սենյակն է:


Հարեւանությամբ մեկ այլ ինքնատիպ սրահ է՝ գլխիվայր շրջված կահավորմամբ։ Այստեղ կարելի է լուսանկարվել սովորական դիրքով, ապա ստացված նկարը շրջել եւ հայտնվել սրահի առաստաղից կախված վիճակում։ Առաջին հարկում է նաեւ հակասթրեսային սենյակը, տիրը եւ այլ զվարճալիքներ ու խաղեր: Թանգարանի ամբողջ տարածքում էլ շրջում են հայտնի հեքիաթների հերոսներ, որոնք հյուրերին ուղեկցում են իրենց կախարդական աշխարհը։


Աննա Մովսիսյանն ընդգծում է՝ նախագիծն այնպես է մտածված, որ հետաքրքիր լինի տարբեր տարիքի մարդկանց համար, այնպես որ, տարիքային սահմանափակում չկա։ Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ Happium-ում կարելի է հետաքրքիր, ինքնատիպ ու զվարճալի լուսանկարներ ստանալ. ողջ տարածքը հարմարեցված ու հատուկ մտածված է այդ նպատակով։ Որքանով տարբերվող ու կրեատիվ կստացվի լուսանկարը՝ կախված է նաեւ ձեր մոտեցումից.«Եթե ունես վառ երեւակայություն, կկարողանաս ստեղծագործել։ Այստեղ կարող են կազմակերպվել հետաքրքիր միջոցառումներ, անհատական ու դասարանական այցեր, նույնիսկ հարսանյաց լուսանկարահանումներ։ Ինքներս էլ առաջիկայում բազմաթիվ միջոցառումներ ենք այստեղ կազմակերպելու»։


Նա նաեւ նշեց, որ շուտով թանգարանը շրջիկ տարբերակ էլ է ունենալու. մեծ մեքենայով բոլոր ցուցանմուշները տանելու են մարզեր, որպեսզի այնտեղ էլ կարողանան տեսնել ու վայելել թանգարանի հնարավորությունները։ Այդ ընթացքում Happium-ի տարածքում այլ թեմաներով նոր ցուցանմուշներ կստեղծվեն:


Քանդակների հեղինակներն՝ Արթուր Սարյանն ու Հակոբ Հակոբյանը, նույնպես ընդգծում են՝ նախագիծը կարծես շնչող օրգանիզմ է, անընդհատ նորության ու թարմացման կարիք է ունենալու․«Ինքներս ենք սկզբից մինչեւ վերջ նախագծել, կառուցել ու տեղադրել։ Մոտավորապես հասկացել ենք՝ ինչ խնդիր է դրված եւ այդ շրջանակում ազատ ստեղծագործել ենք։ Շատ հետաքրքիր է եղել, մեծ հաճույքով ենք արել, այստեղ ամեն ֆիգուրն իր պատմությունն ունի»,- ասաց Հակոբ Հակոբյանը։


Իսկ Արթուր Սարյանը, որը նաեւ քանդակների դիզայնի հեղինակն է, ցույց տալով ներկոտված մատները, խոստովանեց՝ ժամանակը շատ սուղ է եղել, փորձել են արագ հասցնել ամբողջ աշխատանքը․«Խնդիրներ էին դրված, որոնց լուծումները պետք էր շատ արագ գտնել, ամեն ինչ կառուցել այնպես, որ ե՛ւ ամուր լինեին, ե՛ւ սիրուն, մարդիկ էլ վայելեն, հետաքրքիր լինի։ Արդեն չորրորդ օրն է՝ 15 րոպե ես էի քնում, 15 րոպե՝ Հակոբը, որ հասցնեինք:)»։


Նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել Happium-ի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերին՝

https://www.facebook.com/happiumyerevan

https://www.instagram.com/happium_museum/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW