Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարում՝ անմար կրակի շուրջ, հնչում էր Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ուշ երեկոյան կազմակերպված այս ազդեցիկ միջոցառմանը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մասնակցում էր նաեւ Ազգային ակադեմիական երգչախումբը, մենակատարներ՝ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլը, բաս Թոբիաս Բերնդտը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։ Համերգը ղեկավարում էր ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:
Հատկանշական է, որ ծրագիրն իր շարունակությունը գտնելու է Կանադայում։ Օնտարիոյի «Ռեգենտ» թատրոնում նույնպես կայանալու է համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Համերգին մասնակցելու է Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում տեղի է ունենալու հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետի սյուիտի համաշխարհային պրեմիերան։
Հյուրընկալող կողմը նվագախմբի կայքում գրել է, որ հայերը 1915թ.-ին սարսափելի ցեղասպանություն են վերապրել, եւ անդրադառնալով այս պատմական իրողությանը՝ Օնտարիոյի ֆիլհարմոնիկը պատիվ ունի ներկայացնել Վաչե Շարաֆյանի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է հատուկ այդ կապակցությամբ՝ հիշատակելով Հայոց պատմության ամենաողբերգական էջը։
Երաժշտության հիմքում մի հայ ընտանիքի պատմություն է՝ վերցված ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի ինքնակենսագրական պոեմներից։ 1915 թ.-ին նրանք անցել են Հայոց ցեղասպանության արհավիրքների միջով: Բալետի վերջին տեսարանում հանդերձյալ աշխարհից հնչում է «անապատի հարսի» ուղերձը, որը կընթերցի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Բեատա Պոզնյակը։
«Անապատի հարսը» խորհրդանշում է Դեր Զորի անապատում խոշտանգված, սպանված միլիոնավոր հայերին: Ստեղծագործությունը եզրափակվում է բանաստեղծությամբ, որտեղ «հարսը» հույս է հայտնում, որ հարսանեկան սովորության համաձայն՝ իր ուսի վրայով նետած ծաղկեփունջը կվերանա տիեզերքի սեւ խոռոչում, եւ այն այլեւս ոչ մեկին բաժին չի հասնի:
Դա հայ ազգի մարդասիրական ուղերձն է աշխարհին՝ արթնանալ, դատապարտել ցեղասպանական մտքերը, քաղաքականությունը եւ համախմբել մարդկային ջանքերը, որպեսզի կարողանանք կանխել եւ ընդմիշտ կասեցնել մարդկության պատմության նման սարսափելի երեւույթներն ապագայում։
Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը BRAVO.am-ի հետ զրույցում նկատեց, որ Ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպվող միջոցառումներն արդեն ավանդական են դարձել նվագախմբի համար։ Այդպիսով իրենք հարգանքի տուրք են մատուցում անմեղ զոհերի հիշատակին ու նաեւ չմոռանալու, դատապարտելու եւ առաջ նայելու կոչ են անում ողջ հայությանը, աշխարհին.«Սա կարելի է նաեւ ոգեշնչող միջոցառում անվանել։ Կյանքը շարունակվում է, մենք պետք է չմոռանալով առաջ նայենք։ Մենք ամեն տարի պատրաստվում ենք Ապրիլի 24-ի միջոցառումներին, եւ այս անգամ դրանք կազմակերպվել են Հայաստանում ու Կանադայում։ Դիրիժոր Գյունտեր Նոյհոլդի հետ առաջին անգամ ենք համագործակցում, արտասահմանցի մենակատարները նույնպես առաջին անգամ են Հայաստանում, բայց բանակցում ենք, որ առաջիկայում հաճախակի լինեն համերգները Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»։
Հավելենք, որ Մոցարտի «Ռեքվիեմը» հնչել է նաեւ աայսօր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: