×


Լուսանկարը՝ news.am-ի

«Այն, ինչ տեղի է ունենում, հերթական քաղաքական հարց չէ». Սիրուշո

Սիրուշոն արձագանքել է «քաղաքականությանը չխառնվելու» իրեն ուղղված կոչերին՝ նշելով, որ քաղաքականությունն իրեն երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը՝ միշտ: Երգչուհու գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Երբեմն նկատում եմ, որ գրում են «Մենք քեզ սիրում ենք, դու քաղաքականությանը մի´ խառնվիր»: Սա ինձ համար շատ տարօրինակ է: Նախ այն, ինչ տեղի է ունենում, հերթական քաղաքական հարց չէ. երկիր ու հայրենակիցներ կորցրինք ու դեռ շարունակում ենք կորցնել: Սա արժանապատիվ երկիր ունենալու հարց է, որին ամեն օր մասնակցում են մեծ թվով երաժիշտներ, ռեժիսորներ, սպորտսմեններ, բազում մտավորականներ, երիտասարդներ ու մեծահասակներ: Մի խոսքով՝ մարդիկ, ովքեր սրտացավ են ապագայի համար:
Ինչպե՞ս կարող եմ ես չմիանալ:

Ու ընդհանրապես, դուք իմ գործունեությանն առհասարակ հետեւե՞լ եք: Գոնե մեկ անգամ երգերս լսե՞լ եք:

Հայրենասիրական երգի ոգին դեռ մանկուց է իմ մեջ ԱՐՄԱՏԱՑԱԾ, ու այդ երգերի մեծ մասն ինքս եմ գրել: Գրել եմ սրտով եւ մտքով: Գրել եմ այն ժամանակ, երբ ոչ հեղափոխություններ կային, ոչ էլ ընտանիքս էր քաղաքականության մեջ: Դա ես եմ, իմ հայացքներն են, որը միշտ եմ ներկայացրել թե´ երգերիս, թե´ ստեղծածս զարդերի, թե´ ընդհանրապես բոլոր քայլերիս մեջ:

Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ: Այնպես որ ինձ խորհուրդ տալ պետք չէ, թե ինչին մասնակցեմ, ինչին՝ ոչ, միշտ ինքս եմ որոշել՝ ինչ անել ու շարունակելու եմ որոշումներս ինքս կայացնել»:

Երգչուհին նշել է նաեւ, երբ երկրում պատերազմ է լինում, իր հայրենակիցների հետ իր ամուսինն էլ է գնում ու իր ընկերներն են գնում.«Ու ես, որպես դժոխքի միջով անցած այս երկրի քաղաքացի, իմ ձայնը բարձրացնելու լիարժեք իրավունք ունեմ: Ես ունեմ գաղափարներ, որոնց մասին միշտ եմ խոսել ու ունեմ մեծ բանակ գաղափարակիցների, որոնց հետ ու որոնց համար դա անում ու անելու եմ այնպես ու այնքան, որքան ճիշտ համարեմ»:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին