×


22-րդ «Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց Փանահիի եւ Նադերիի էմոցիոնալ գրկախառնությամբ եւ Կարագուլյանի անկեղծ խոստովանությամբ

Կինոյի տանը երեկ մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը։ Երեւանյան ամառների այցեքարտ հանդիսացող կինոտոնը այս տարի էլ ընթանալու է հայկական ու արտասահմանյան հեղինակային ֆիլմերով, պրեմիերաներով, անվանի կինոգործիչների մասնակցությամբ ու վարպետաց դասերով։ Կինոսեր հանրությունը մինչեւ հուլիսի 20-ը հնարավորություն կունենա արեւոտ օրերը համադրել Կաննի, Բեռլինի, Վենետիկի եւ հեղինակավոր այլ կինոփառատոների սպասված ֆիլմերի, «ծիրանային» միջոցառումների ու հանդիպումների հետ։

«Հենք ու հոլով» հավաքածուի գորգերը՝ կարմիրի փոխարեն

Դեռ նախորդ տարի փառատոնի հեղինակները որոշել էին, որ բացման ավանդական կարմիր գորգն այսուհետ լրացուցիչ իմաստավորում է կրելու եւ փոխարինվելու է տեղացի գորգագործ վարպետների պատրաստած գորգերով։ «Ոսկե ծիրան 2025»-ի համար AHA collective-ի թողարկած «Հենք ու հոլով» հավաքածուի ութ կարպետները հյուսվել են ութ ձեռքով։ Դրանք ներկայացնում են որդան կարմիրի, ինդիգոյի, լոգվուդի, տորոնի եւ Հայաստանի ծաղիկներից ստացված բնական ներկանյութերի հարստությունը։


Փառատոնի հատուկ հյուրերը՝ ժյուրիի կազմում

«Ոսկե ծիրան»-ն այս տարի էլ հյուրընկալել է անվանի կինոգործիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ հատուկ հյուրերի, որոնք ոչ միայն պատվելու են փառատոնն իրենց ներկայությամբ, այլեւ ներգրավված են մրցութային ծրագրերի ժյուրիների կազմերում։ 

Այդպես, մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի եւ Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից մեկը՝ լեգենդար Ամիր Նադերին։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագիրն այս տարի կգնահատի օպերատոր, ռեժիսոր եւ կինոուսուցիչ Ֆրեդ Քելեմենը։


Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյան՝ «Ոսկե ծիրան»-ում

Համաշխարհային կինոյի ներկայիս ամենաաստղային հայ տանդեմը՝ ի դեմս «Անորա» ֆիլմի դերասաններ Կարեն Կարագուլյանի եւ Վաչե Թովմասյանի, նույնպես հյուրընկալվել է փառատոնին։ Կարագուլյանը ներգրավված է նաեւ որպես «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրի ժյուրիի անդամ։

BRAVO.am-ի հարցին ի պատասխան՝ դերասանները նշել են, որ «Ոսկե ծիրան»-ն առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար, եւ երկար են սպասել իրենց ֆիլմով Հայաստան գալուն:


«Այս օրվա մասին Վաչեի հետ խոսել ենք դեռ երկու-երեք տարի առաջ՝ նկարահանումների ժամանակ, եւ ասել ենք. «Երանի այն օրը, որ «Անորա»-ով գնանք Երեւան՝ «Ոսկե ծիրան»-ին»։ Շատ հրապուրված ենք, հրաշալի է ամեն ինչ»,- նշել է Կարեն Կարագուլյանը։

Վաչեն էլ պատմել է, որ արդեն հասցրել են տարբեր կինոնախագծերում հանդես գալու շատ առաջարկներ ստանալ, իսկ Կարագուլյանը նկարահանվելու է աշխարհահռչակ ռեժիսորներից մեկի նոր ֆիլմում, որի մասին առայժմ չեն կարող բարձրաձայնել։

Ջաֆար Փանահիի անակնկալ այցն ու Ամիր Նադերիի մրցանակը

Փառատոնը մեկնարկեց ավանդական բացման արարողությամբ, որի ժամանակ ողջույնի խոսքերից բացի, հանձնվում է «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար։ Այս տարի այն ստացավ իրանցի մեծանուն ռեժիսոր, փառատոնի հատուկ հյուր Ամիր Նադերին։ Սակայն դրվագն առավել խորհրդանշական դարձավ, երբ պարզվեց՝ անակնկալ կերպով Հայաստան է եկել իրանական կինոյի մեծանուն դեմքերից մյուսը՝ Ջաֆար Փանահին՝ անձամբ հանձնելու մրցանակը Նադերիին։ Նրանց հանդիպումն անկեղծ ոգեւորությամբ էր, ուրախ բացականչություններով ու ջերմ գրկախառնությամբ։


«Անչափ ուրախ եմ, որ ձեզ հետ եմ։ Ամեն անգամ լավագույն հուշերով եմ մեկնում Հայաստանից: Բայց այս երեկոն տարբերվում է, քանի որ խոսելու եմ մի մարդու մասին, որի հետ մի տարածքում լինելը չափազանց մեծ պարտավորություն է։ Ես հիշում եմ՝ ուսանող ժամանակ համալսարանից դուրս եկա ու կողքի կինոթատրոնում տեսա, որ այս մեծ մարդն ինքն է անձամբ մաքրում կինոթատրոնի ապակիները, որպեսզի փակցնի իր ֆիլմի պաստառները։ Ես նրանից սովորեցի, որ երբ ֆիլմ ես նկարահանում, պիտի ամենափոքր դետալներին ուշադրություն դարձնես։ Այս մեծ մարդու արվեստն ինձ սովորեցրել է, որ ցանկացած արգելք չպիտի հաղթի կինո նկարելու քո ցանկությանն ու կարողությանը»,- ասաց Փանահին։

«Պարոն Փանահի, Դուք ինձ խենթացրիք այս երեկո։ Այս մրցանակն ինձ համար շատ նշանակալից է, քանի որ իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է։ Նա կարողացավ իր կինոյով ցուցադրել այն երկրի մշակույթը, որտեղ ապրում էր ու փորձում ազատ ստեղծագործել։ Ես այս մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի պարոն Փանահիի նման ճանապարհ հարթեն դեպի ապագա»,- անկեղծացավ Ամիր Նադերին։


Փառատոնը բացվեց Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմով, որը մայիսին Կաննում արժանացել է գլխավոր մրցանակին՝ Ոսկե արմավենու ճյուղի։

Ամբողջական ֆիլմացանկին ծանոթացեք այստեղ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW