Քիչ առաջ Թուրինում ավարտվեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որում մեր երկրի պատվիրակը՝ Ռոզա Լինը, հաղթահարեց մրցակցությունը՝ ներկայանալով իր «Snap» երգով։
Քվեարկությանը մասնակցում էին միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները, որոնցից հաջորդ փուլ անցան տասը՝ Շվեյցարիան, Հայաստանը, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Նիդերլանդները։ Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէր, քանի որ այս փուլում յուրաքանչյուր երկիր պիտի քվեարկեր միայն մյուս երկրների մասնակիցների օգտին։
21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում, երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց, սակայն պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհին լուրջ ազդեցություն է ունեցել նրա պրոդյուսինգով զբաղվող «Նվակ» կոլեկտիվը:
Ռոզան նշում է, որ իր երգն ուղեւորություն է դեպի իր ներաշխարհ, այն մի անձնական պատմություն է, որը բոլորին է ծանոթ.«Կարծում եմ, որ մենք՝ բոլորս, հայտնվել ենք մի կետում, որտեղ թվում է՝ էլ ելք չկա, եւ որ ամբողջ աշխարհը պարզապես գլխիվայր շուռ է եկել: Այդ պահին դու սկսում ես ամեն ինչ հարցականի տակ դնել, անգամ ինքդ քեզ: Ինձ այդ հուսահատ իրավիճակը շատ ծանոթ է, արդյունքում հասկացա, որ ես ունակ եմ ձեւավորելու իմ իրականությունը. դրա համար պարզապես պետք էր ինձ հայտնի ուղիներից դուրս գտնել ներքին խաղաղությունս: Կարեւորն ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է, գիտակցումը, որ դու եւ միայն դու ես քեզ պետք: «Snap»-ն ինձ համար ինքնաբուժություն էր, եւ ես հուսով եմ՝ այս երգը կօգնի նաեւ այն մարդկանց, ովքեր հիմա ծանր օրեր են ապրում»։
«Snap»-ի երաժշտության հեղինակներն են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստի հեղինակն ինքը՝ Ռոզա Լինն է, համահեղինակներն են Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Հանրային հեռուստաընկերության որոշմամբ՝ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը՝ նախապես ներկայացված կոնցեպտի հիման վրա:
Հավելենք, որ հաջորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ վերջին՝ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: