×


Կաննի կինոփառատոնի շլացուցիչ զգեստներն ու կարմիր գորգի գեղեցկուհիները

Կաննում 75-րդ անգամ անցկացվում է հայտնի կինոփառատոնը, որը գեղեցկության ու նորաձեւության վերջին թրենդները ցուցադրելու հիանալի վայր է: Փառատոնի կարմիր գորգն իր շքեղությամբ մրցակցում է «Օսկարի» ու «Met Gala»-ի հետ:

Աստղերը ջանք ու եռանդ չեն խնայում Կաննի կարմիր գորգին տպավորիչ ու անմոռանալի տեսք ունենալու համար: Հայտնի բրենդներն էլ ամեն ինչ անում են նրանց գեղեցիկ զգեստներով ապահովելու համար:

BRAVO.am-ը ներկայացնում է կարմիր գորգի վրա առավել ուշադրություն գրաված կերպարներին, իսկ դրանում կօգնեն Reuters-ի տարբերվող լուսանկարները:

Այս տարի շատերին կարելի էր տեսնել Valentino-ի՝ արդեն հայտնի դարձած վարդագույն զգեստներով: Նրանից մեկն էլ իսպանացի դերասանուհի Ռոսսի դե Պալման էր, որը սիրում է չափազանց աչքի ընկնող լինել: Բրենդի ստեղծագործական տնօրեն Պիերպաոլո Պիչոլիի ստեղծած զգեստով նա տպավորել է բոլորին:


Այս տարվա փառատոնը Հնդկաստանի համար մի քանի առումով կարեւոր նշանակություն ունի: Այն նվիրված է հնդկական կինեմատոգրաֆին: Հնդկական ֆիլմերի տաղավարը բացել է հայտնի դերասանուհի Դիպիկա Պադուկոնեն, նա նաեւ փառատոնի ժյուրիի անդամ է: Bollywood-ի աստղը Կաննում այս օրերին արդեն մի քանի անգամ հայտնվել է կարմիր գորգին, մենք ընտրել ենք Louis Vuitton-ի կարմիր զգեստով կերպարը: Նա ապրանքանիշի առաջին հնդիկ դեսպանն է ու առիթը բաց չի թողել այն եւս մեկ անգամ գովազդելու:


Հնդկուհի Այշվարիա Ռայը եւս փառատոնի մշտական ու սիրելի հյուրերից է: Նրա շքեղ հագուստի հեղինակը հնդկական Gaurav Gupta բրենդն է: «Վեներայի ծնունդը»՝ այսպես է նկարագրում զգեստը հեղինակը՝ Գուպտան: Այն ստեղծելու համար պահանջվել է 3500 ժամ: Զգեստը պատված է անհամար ապակյա ուլունքներով ու բյուրեղներով, ոգեշնչված է իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի կտավներից:


Սուպերմոդել Ադրիանա Լիման էլ շարունակում է Ռիհաննայի՝ հղիների համար սկսած նորաձեւության թրենդը: Երգչուհին հաճախ էր ցուցադրում իր բավական մեծ փորը, նույնն էլ Կաննում արել է բրազիլուհին: Նա եկել էր դիտելու Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ գան. Մեւերիկ» ֆիլմը: Իսկ զգեստը Balmain-ինն է:


Թիլդա Սուինթոնի 2 կերպար ենք առանձնացրել: Առաջինում նա ամբողջությամբ սպիտակ է՝ վերնաշապիկ-զգեստով: Նմանատիպ հագուստ կրել էր նաեւ 2021-ի կինոփառատոնի ժամանակ: Իր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային էլ ներկայացել է Chanel-ի զգեստով:


Մարիոն Կոտիյարն այս տարվա կինոփառատոնին ներկայացնում է «Քույր եւ եղբայր» ֆիլմը, որը նկարահանել է Արնո Դեպլեշենը: Այս անգամ նա որոշել է ամբողջությամբ սեւ կրել ու ցուցադրել նաեւ գեղեցիկ ոտքերը: Դրանում դերասանուհուն օգնել է Chanel նորաձեւության տունը:


Հետաքրքիր տեսք ուներ նաեւ սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն. նրա՝ Stephane Rolland-ի զգեստի վերեւի հատվածը թափանցիկ է ու ամպեր է հիշեցնում:


Ալիսիա Վիկանդերը Կաննում էր «Իրմա Վեպ» ֆիլմի պրեմիերային ու կրում էր Louis Vuitton-ի ոսկեգույն զգեստ: Նա ֆիլմը դիտել է ամուսնու՝ դերասան Մայքլ Ֆասբենդերի հետ:


Էլ ի՞նչ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգ առանց Շերոն Սթոունի: Նախորդ տարի նա Dolce & Gabbana-ի ծաղկավոր գեղեցիկ զգեստով էր, այս անգամ նախապատվությունը տվել էր կապույտի երանգներով կոմպոզիցիային:


Մոդել Սառա Սամպայոն ներկա էր «Հավերժ գեղեցիկ» ֆիլմի պրեմիերային: Մոդելը սեւ թափանցիկ զգեստով շլացուցիչ տեսք ուներ ու լուսանկարիչներին գեղեցիկ նկարներ պարգեւեց:


Ամեն օր Կանն անվանի դեմքեր են ժամանում ու կարմիր գորգը յուրահատուկ դարձնում իրենց ներկայությամբ: Գույները, տրամադրությունն ու լավ ֆիլմերը կինոփառատոնում անպակաս են:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Reuters-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին