×


Շակիրան եւ Պիկեն հայտնել են իրենց բաժանության մասին

Ժերար Պիկեն ու Շակիրան հաստատել են, որ 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր ճանապարհները բաժանվում են: Հանուն մեր երեխաների բարեկեցության, ինչը մեզ համար ամենակարեւորն է, խնդրում ենք հարգանքով վերաբերվել մեր անձնական կյանքին: Շնորհակալություն հասկանալու համար»:

Նրանք միասին են ապրել, բայց պաշտոնապես ամուսնացած չեն եղել: Պիկեն ու Շակիրան 2 որդի ունեն. Միլանն 9 տարեկան է, իսկ Սաշան՝ 6:

Առաջինը զույգի խնդիրների մասին հայտնել է իսպանական El Periodico պարբերականը՝ նշելով, որ ֆուտբոլիստը դավաճանում է երգչուհուն, ինչի մասին վերջինս իմացել է: Նա շատ ժամանակ էր անցկացնում Bling Bling եւ Patron գիշերային ակումբներում, ուր հաճախում էր թիմակից Ռիկարդ Պուչի հետ: Պիկեին հաճախ են տեսել այլ կանանց ուղեկցությամբ: Նա մի քանի շաբաթ ապրել է իր հին բնակարանում, ենթադրում էին, որ պատճառը Շակիրայի հետ կոնֆլիկտն էր:

Շակիրան՝ որդիների հետ

Hola պարբերականն էլ գրել է, որ Շակիրան բաժանումից հետո նյարդային նոպա է ունեցել: Երգչուհին պարզաբանել է, որ շտապ օգնություն է զանգահարել իր հայրիկի համար:

«Բազմաթիվ նամակներ եմ ստացել, որ եղել եմ Բարսելոնայի հիվանդանոցում: Այդ նկարներն արվել են նախորդ շաբաթ, երբ հայրիկս շատ հիվանդ էր: Ես նրան ուղեկցել եմ հիվանդանոց, որտեղ էլ հիմա բուժվում է»,-Թվիթերում գրել է նա:

Համացանցում նաեւ լուրեր էին շրջանառվում, որ Շակիրայի վերջին երգը Պիկեի դավաճանությունների մասին է: Ապրիլին նա Ռաու Ալեխանդրոյի հետ ներկայացրել է «Te Felicito» («Շնորհավորում եմ քեզ») երգը: MARCA-ն է ուշադրություն դարձրել դրա բառերին: Այսպիսի տողեր կան՝ «Որպեսզի բաժանվեմ քեզնից, ինձ մասերի եմ բաժանել: Ինձ զգուշացրել էին, բայց ես այդ ամենին ուշադրություն չէի դարձրել: Հասկացա, որ քո սերը կեղծ էր: Շնորհավորում եմ քեզ, դու լավ ձեւացնում ես»:

Շակիրայի ու Պիկեի հարաբերությունները շատ գեղեցիկ են սկսվել: Նրանք ծանոթացել են 2010 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության նախօրեին՝ Մադրիդում: Երգչուհին նկարահանում էր «Waka Waka» երգի տեսահոլովակը: Պաշտպանը նկարվել է դրվագներից մեկում, ապա Շակիրայից հեռախոսահամար վերցրել: Դրանից առաջ երգչուհին մոտ 10 տարի հանդիպել է Արգենտինայի նախկին նախագահի որդու՝ Անտոնիո դե լա Ռուայի հետ:



Նրանք սկսել են հանդիպել, իսկ հարաբերությունների մասին հայտնել են սոցցանցերում: Շակիրան նկար էր հրապարակել ու գրել. «Ներկայացնում եմ իմ նոր արեւին»:

Հանուն ընտանիքի՝ Շակիրան որոշ ժամանակով հրաժարվել է երկար շրջագայություններից, անգամ ցանկացել է ավարտել կարիերան, սակայն Պիկեն նրան հակառակն է համոզել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին