×


PROFAL-ն իր 20-ամյակն ազդարարել է O2 Gardens նախագծի մեկնարկով

Հայաստանում ալյումինե դռների եւ պատուհանների, ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը, որը սկսել է նոր մշակույթ ձեւավորել նաեւ կանաչապատման ոլորտում, O2 Gardens նախագծի բացմամբ ազդարարել է իր 20-ամյակի միջոցառումների շարքը: Այսուհետ ընկերությունը հանդես է գալու նոր կարգավիճակով՝ դառնալով PROFAL GROUP:

Ընկերության տնօրեն Էդգար Ավետիսյանը նշել է, որ O2 Gardens-ն իրենց հիմնադիրներից Մերուժան Ավետիսյանի նախաձեռնությունն է եւ հոբբիից է դարձել բիզնես:


«Այս նախագծի համար ընկերությունը եւ սեփականատերն իրենց միջոցներից մոտ 10 մլն դոլարի ներդրում են կատարել: Բուսատեսակները ներմուծում ենք Եվրոպայից ու տարբեր երկրներից, բայց որոշներն աճեցնում ենք նաեւ մեզ մոտ: Սա նաեւ բիզնես կենտրոն է. 2-րդ հարկում ադմինիստրատիվ մասն է, մնացած հատվածները տրվում են վարձով, կա սրճարան եւ միջոցառումների անցկացման վայր՝ ընտանեկանից մինչեւ պաշտոնական»,- նշել է Ավետիսյանը:

Իրենց 20 տարիների ձեռքբերումների թվում նա ամենաշատը կարեւորել է պրոֆեսիոնալ թիմի ձեռքբերումը, որի փորձառու ու աշխարհում մրցունակ աշխատակիցների թիվը հասնում է 400-ի: Առաջիկայում պլանավորում են տարածաշրջանում առաջին մեծության եւ ավտոմատացված մեծ գործարան կառուցել եւ ավելացնել աշխատատեղերի քանակը:


«Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ այսօր ամուր ոտքերի վրա ենք կանգնած: Շատ հետաքրքիր ցուցանիշ ենք գրանցել՝ 20 տարվա ընթացում PROFAL-ն իրականացրել է 30 հազար նախագիծ: Ձեռքբերում է տարբեր երկրներում մեր ներկայացվածությունը՝ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Վրաստանում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Կարիբյան կղզիներում, ու նույնիսկ ընթացիկ 2 նախագիծ ունենք Բերմուդյան կղզիներում»,- ավելացրել է Ավետիսյանը:

Ընկերությունն 90-ականներին 3 ընկերներ՝ Դավիթ Սաֆարյանը, Գեւորգ Դեմիրճյանը եւ Մերուժան Ավետիսյանն են հիմնել: Հիմա PROFAL-ը քաղաք է քաղաքի մեջ՝ 10-ից ավելի արտադրամասով, վերազինված արտադրության միջազգային չափանիշների սարքավորումներով ու հոսքագծերով: Ընկերության նպատակն է հայկական արտադրանքը ճանաչելի ու մրցունակ դարձնել ամբողջ աշխարհում:


Մերուժան Ավետիսյանի խոսքով՝ O2 Gardens-ն ամբողջովին նոր ուղղություն է ընկերության համար: Երկար տարիներ զբաղվելով շինարարությամբ՝ հասկացել են, որ իրենց նախագծերին կանաչածածկ տարածքներն են պակասում.«O2 Gardens-ը 10 տարիների ընթացքում գաղափարների զարգացման արդյունքն է: Հիմնական նպատակն այն է, որ ուսուցողական կենտրոն լինի, եւ կարողանանք ծառայությունը սկզբից մինչեւ բարձր ծառերի ներկրումն ու աճեցումն ինքնուրույն անել: Հեռանկարում ուզում ենք նաեւ սոցիալական ծրագրեր իրականացնել ու նաեւ սեփական արտադրությունն ունենալ»:

Օ2 Gardens-ը բուսաբանական այգու ձեւաչափով է, մուտքն անվճար է, ցանկացողները կարող են այնտեղ զբոսնել, ծանոթանալ բույսերին ու մաքուր օդ շնչել, իսկ ցանկության դեպքում նաեւ գնել դրանք: Այգում ներկայացված են 2000-ից ավելի բուսատեսակներ, թփեր, ծաղիկներ, ծառեր եւ բույսերի խնամքի պարագաներ։


Այգում դասընթացներ են կազմակերպվելու երեխաների համար, ովքեր հնարավորություն կստանան տեսնել, թե բույսերն ինչպես են աճում: Դպրոցների հետ համագործակցությունն առաջնային է լինելու, նախատեսվում են նաեւ սեմինարներ ու դասընթացներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց էկոլոգիական կրթություն ստանալ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ շնորհավորել է PROFAL-ի 20-ամյակն ու նշել, որ այն Հայաստանի խոշոր արդյունաբերական ընկերություններից է. «Այն 20 տարիների ընթացքում մեծ նորամուծություններ ու միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրություն եւ շինարարություն է իրականացրել: Ուրախ ենք, որ նման մեծ հաջողություն է գրանցում՝ ստեղծելով նոր եւ էլի նորարարական ընկերություն լանդշաֆտի, բնական ձեւավորումների եւ ինդուստրիալ դիզայնի ոլորտում»:


Միջոցառմանը ներկա էին նաեւ PROFAL ընկերության միջազգային գործընկերներն ու այն կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ համագործակցել ու խոշոր նախագծեր է իրականացրել։ Ռուսական «Бамстройпуть» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Անտոն Աբդուրախմանովը նշել է, որ PROFAL-ի հետ արդեն 3 տարի է՝ համագործակցում են. «Ամեն ինչ հրաշալի է կազմակերպված, հիանալի ընկերություն է: Հաճելի է տեսնել, որ իսկական պրոֆեսիոնալներ են, ոչ ստանդարտ որոշումներ ունեն ու ամեն խնդրի անհատական մոտեցում են ցուցաբերում: Միասին նոր նախագծեր ենք իրականացնում, որոնք բավական մեծ են, բայց դեռ չենք կարող հայտնել դրանց մասին»:


Օ2 Gardens-ը գտնվում է Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում: Առավել մանրամասն տեղեկությունների եւ հետագա նորություններին տեղյակ լինելու համար կարող եք նախագծին հետեւել սոցցանցերի էջերում՝

https://www.facebook.com/O2gardens.2

https://www.instagram.com/o2_gardens_/


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին