×


Առաջին անգամ Երեւանում. Coca-Cola Music Fest-ի անակնկալներն ու հատուկ հյուրերը

Սեպտեմբերի 3-ին «Սպարտակ» մարզահամալիրում առաջին անգամ կանցկացվի «Coca-Cola Music Fest Yerevan»-ը:

BRAVO.am-ը միջոցառման կազմակերպման, մասնակիցների ընտրության ու Հայաստանում փառատոնային մշակույթի զարգացման մասին զրուցել է «Unity Production»-ի համահիմնադիր, պրոդյուսեր, «Coca-Cola Music Fest»-ի անցկացման գաղափարի համահեղինակ Ալեքսանդր Մհերյանի ու փառատոնի մասնակից մի քանի կատարողների հետ:

Անցկացման վայրը

Նմանատիպ երաժշտական փառատոններ այս տարի Երեւանից բացի, լինելու են նաեւ Մադրիդում, Բեռլինում եւ այլ քաղաքներում: Սովորաբար փառատոնը մի քանի օր է տեւում, բայց քանի որ Երեւանում առաջին անգամ է լինելու, որոշել են դեռ մեկ օրով բավարարվել:

«Փառատոնի համար շատ վայրեր ենք դիտարկել Երեւանի տարածքում. այն պետք է բացօթյա լիներ ու 10 հազարից ավելի այցելու ընդգրկեր: Ընտրվեց քաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակը»: Թեեւ սպորտային կենտրոնը գործում է, բայց երկար տարիներ չի վերանորոգվել, եւ մենք այն բարեկարգում ենք: Աշխատանքները վաղուց են մեկնարկել. խոտածածկն ենք վերականգնում, որ հնարավոր լինի փառատոնը կազմակերպել եւ լավ էներգետիկայով օր պարգեւել»,-պատմել է Ալեքսանդր Մհերյանը:

Առաջին փորձը

Հայաստանում երբեւէ նման ձեւաչափի ու այդքան երկար տեւողությամբ փառատոն չի եղել: Այն մեկնարկելու է ժամը 15:00-ից ու շարունակվելու մինչեւ ժամը 23:00-ն, այդ ընթացքում հանդես են գալու մոտ 14 խմբեր ու երգիչներ: Տեղադրվելու է 2 բեմ՝ ռոք ու փոփ կատարողների համար:

«Բեմերը միմյանց դիմաց են լինելու, այդկերպ կարողանալու ենք անդադար երաժշտություն ապահովել: Իսկական տոն է լինելու, ժամը 14:00-ից դռները բացելու ենք մարդկանց առաջ, կարող են օգտվել այնտեղ գործող սննդի եւ ըմպելիքների տաղավարներից՝ խմել, ուտել, ուրախանալ ու վայելել իրենց նախընտրած արտիստների ելույթները: Վստահ ենք՝ ամեն մեկը կգտնի իր նախընտրած երաժշտությունը, կօգտվի ֆեստի այլ ծառայություններից ու իրեն լավ կզգա»,- նշել է պրոդյուսերը:



Կազմակերպիչների նպատակն է ապահովել մասշտաբայնություն, որակյալ երաժշտություն ու միջազգային փառատոնային մշակույթը բերել Հայաստան:

«Կփորձենք հաջորդ տարիներին փառատոնը կազմակերպել նաեւ մարզերում ու դա անել բնության գրկում՝ նվազագույնը 2 օր տեւողությամբ: Շատ գեղեցիկ վայրեր ունենք Շիրակի, Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում: Հեռանկարում այդպիսի պլան ունենք, բայց մեկնարկը ճիշտ էր Երեւանում ազդարարել»,- ասել է Ալեքսանդր Մհերյանը:

«Նեմրա»-ն անհամբեր է. խմբի մենակատար Վան

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում միջազգային փառատոն է լինելու, դրա կարիքը մեր երկիրը շատ ունի։ Հավաքվելու են Հայաստանի գրեթե բոլոր լավագույն արտիստներն ու խմբերը, կարծում եմ՝ մեծ տոն է լինելու։


Այս ելույթին սպասում ենք մեծ ոգեւորվածությամբ ու անհամբեր. «Նեմրա»-ի համար ցանկացած համերգ առանձնահատուկ է եւ ոգեւորիչ, քանի որ եւս մեկ լավ առիթ է հանդիպելու մեր սիրելի հանդիսատեսին։

Կազմակերպիչները տեղեկացրել են, որ ռոք բեմի համերգն ավարտվելու է մեր ելույթով։ Հանդես ենք գալու մեր հիթերով. հնչելու են այն բոլոր երգերը, որոնք արդեն սիրվել են հանդիսատեսի կողմից»։

Կատարողների ընտրությունը

Փառատոնի ընթացքում կհնչի թրենդային ու ոճային առումով տարբեր երաժշտություն, որպեսզի մասնակիցներից ամեն մեկի հետաքրքիր ժամանցն ապահովվի: Ընտրվել են հիմնականում կենդանի կատարումներով աչքի ընկնող երաժիշտներ:



«Փառատոնը որակյալ երաժշտություն է քարոզում, ու այնպես ենք արել, որ Հայաստանում էլ հանդես գան ամենալավ խմբերն ու կատարողները:  Հնարավորություն ենք տվել նոր արտիստներին էլ ելույթ ունենալ, որոնք դեռ շատ հայտնի չեն, բայց տարբերվում են իրենց երգերի որակով: Կլինեն ռոք, փոփ, r&b հիփ-հոփ ոճի երգեր: Հատուկ հյուրերից Մինելլին Եվրոպանում նոր հիթերի շատ հայտնի կատարող է, Ուիլլի Ուիլյամը հեղինակ կատարող է եւ դիջեյ, նա փառատոնային երգիչ է ու իր շրջագայության շրջանակում կգա: Երկուսն էլ Հայաստանում չեն եղել, մեր մասին ոչինչ չգիտեին ու զարմացել էին, որ Հայաստանում նման մեծ ֆեստ է լինելու, բայց համոզվեցին մասնակցել ու նոր երկիր այցելել»,- պատմել է Ալեքսանդր Մհերյանը:



Կազմակերպիչներն ընտրել են նաեւ նոր, բայց արդեն հայտնի երգիչների, որոնց հիթերը բարձր տեղեր են զբաղեցնում տարբեր չարտերում: Նրանից է Yellowheart-ը, որը բնակվում եւ սովորում է ԱՄՆ-ում: Նա առաջին անգամն է Հայաստանում հանդես գալու եւ նաեւ նոր երգ է ներկայացնելու: Նոր կատարողներից կլինի նաեւ Brunette-ը, նա էլ է երգի պրեմիերա ունենալու Երեւանում:

«Անակնկալները շատ են լինելու, ամբողջ օրն անդադար լավ երաժշտություն է հնչելու: Արտիստներից ամեն մեկին կտրամադրվի 25-30 րոպե, որի ընթացում կհնչեն նրանց ամենահայտնի երգերը: Հաստատ ներկաները լավ տպավորություններով կհեռանան՝ սպասելով հաջորդ փառատոնին», - նշել է պրոդյուսերը:

«Մեծ փառատոնի մի մասնիկն եմ». Yellowheart

«Անկեղծ ասած «լավ» անհանգստություն ու պատասխանատվություն կա, որովհետեւ առաջին անգամ Հայաստանում հենց այս փառատոնի շրջանակում եմ ելույթ ունենալու ու անհամբեր սպասում եմ այդ օրվան:

Հենց հիմա 4 երգի տեսահոլովակի վրա եմ աշխատում, ուզում եմ մինչեւ փառատոնը թողարկել: Երգելու եմ արդեն սիրելի դարձած հին երգերիցս մի քանիսը, բայց հիմնականում նորերն եք լսելու: Նաեւ մի քանի անակնկալներ են սպասվում, որոնց մասին բեմից կհայտարարեմ:

Շատ լավ եմ զգում, որ այն երգերը, որոնք գրել եմ ու ձայնագրել իմ փոքր սենյակ-ստուդիայում, այնքան են սիրվել, որ նման մեծ փառատոնի մի մասնիկ են ինձ դարձրել: Մեծ ոգեւորվածությամբ սպասում եմ, որ վերջապես տեսնեմ այն մարդկանց, ովքեր սիրել են երգերս, ու միասին լավ օր ունենանք»:



Դժվարությունները

Փառատոնային մշակույթին Հայաստանում նոր-նոր են ծանոթանում, մարդկանց համար դեռ անսովոր է մի քանի ժամ կանգնած մնալ ու հետեւել ելույթների:
«Փառատոնների առանձնահատկությունն այն է, որ կարելի է բոլոր կատարողներին չհետեւել, փոխարենը նոր ծանոթություններ հաստատել, օգտվել համեղ ուտեստներից: Փոքր ֆիլմ ենք նկարահանելու եւ ցույց տալու այլ երկրների փորձը: Մարդիկ կհասկանան, որ սա պարզապես համերգ չէ, այլ մշակույթ ու երաժշտական տոն: Այս անգամ ավելի շատ երիտասարդությանը փորձեցինք հետաքրքրել:

Հայաստանում նմանատիպ մեծ միջոցառումներ անելը բարդ է, կան խանգարող տարբեր հանգամանքներ՝ սկսած տեղից մինչեւ հովանավորները: Հրավիրված կատարողները բարդ ռայդերներ են ներկայացնում ու գալիս մեծ թիմով», - ասել է Ալեքսանդր Մհերյանը:

«Մեզ մեծ իրադարձություն է սպասվում». Իվետա Մուկուչյան

«Շատ ուրախ եմ, որ Unity Production-ը նախաձեռնել է նման մասշտաբային նախագծի իրականացումը Հայաստանում: Վստահ եմ, որ այն շարունակական բնույթ է կրելու, քանի որ իր ձեւաչափով մեծ տոն է: Հաճելի է, որ կազմակերպիչները հրավիրել են նաեւ շատ երիտասարդ արտիստների, ովքեր, միաժամանակ, շատ խոստումնալից են: Նրանց շատերի երգերն իմ playlist-ում առկա են: Ինչ խոսք, մեզ մեծ իրադարձություն է սպասվում:


Այս պահին երկրում չեմ, բայց շատ եմ սպասում այդ օրվան: Կարծում եմ, որ շատ ջերմ եւ էներգիայով հանդիսատես ենք ունենալու: Հաճելի է՝ առաջին անգամ ելույթ են ունենալու Մինելլին ու Ուիլլի Ուիլյամը, նրանց հիթերը լսում են ամբողջ աշխարհում:

Թիմի հետ մշտական կապի մեջ ենք, փորձերը կսկսենք, երբ արդեն Երեւանում կլինեմ: Վստահաբար կներկայացնեմ վերջին՝ «Սիրտ» երգը, որը կարճ ժամանակահատվածում շատ է սիրվել, ինչի համար շատ ուրախ եւ շնորհակալ եմ: Իսկական տոն ենք ունենալու, քանի որ կազմակերպիչները ոչինչ չեն խնայում ամեն բան կատարելության հասցնելու հարցում»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին