Այս տարին աչքի է ընկնում հանրահայտ զույգերի ընտանիքներում երեխաների ծնունդներով, ընդ որում՝ նրանից շատերն առաջին անգամ են փոքրիկ ունեցել:
Ներկայացնում ենք երջանիկ ծնողներին ու նրանց երեխաներին:
Ջեննիֆեր Լոուրենս - Կուկ Մարոնի
Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ օսկարակիր Լոուրենսն ու նրա արվեստաբան ամուսինն առաջին անգամ ծնողներ են դարձել: 2021 թվականին Vanity Fair-ի հետ զրույցում դերասանուհին նշել էր, որ փոքրիկի հետ կապված ամեն ինչ փորձելու են հնարավորինս գաղտնի պահել:
«Ամեն բջջով ցանկանում եմ կյանքիս այդ մասը պաշտպանել որքան հնարավոր է: Չեմ ուզում՝ որեւէ մեկը խառնվի երեխաներիս կյանքին: Անձնական կյանքը սկսվում է այն ժամանակ, երբ ես սահման եմ դնում աշխատանքիս ու երեխաներիս դաստիրակության միջեւ»,-ասել էր նա:
Երեխայի ծննդից դեռ երկար ժամանակ անց հայտնի չէր նրա սեռն ու անունը: Սեռի մասին պատահական բացահայտում է արել Լոուրենսի հարեւան Էլեն ԴեՋեներսն իր շոուի ժամանակ:
Ազատ ժամանակն ամուսիններն անցկացնում են իրենց որդու հետ, զբոսնում են միասին, ճամփորդում՝ հաճախ հայտնվելով պապարացիների թիրախում: Ծնողներն իրենք երեխայի լուսանկարները երբեւէ չեն հրապարակել:
Լոուրենսն ու Մարոնին սկսել են հանդիպել 2018 թվականին, մեկ տարի անց ճոխ հարսանիք են արել: Լոուրենսի խոսքով՝ չէին պլանավորել այդքան շքեղ անցկացնել:
Պրիյանկա Չոպրա - Նիք Ջոնաս
40-ամյա հնդիկ դերասանուհին ու 29-ամյա ամերիկացի երգիչն այս տարի առաջին անգամ ծնողներ են դարձել: «Երջանկությամբ լցված՝ հաստատում ենք, որ փոխնակ մոր օգնությամբ փոքրիկ ենք ունեցել: Խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը, որպեսզի կարողանանք կենտրոնանալ մեր ընտանիքի վրա»,- գրել են նրանք՝ չնշելով երեխայի սեռն ու անունը: Բայց PageSix-ին միանգամից հայտնի դարձավ, որ նրանք աղջիկ են ունեցել:
Ավելի վաղ Չոպրան զրույցներում հայտնել էր, որ ցանկանում են երեխաներ ունենալ ու պատրաստ են հանուն նրանց փոխել իրենց կյանքի ռիթմը: Դստեր ծննդից 100 օր անց նրանք ինստագրամում համատեղ լուսանկար են հրապարակել: Փոքրիկին անվանել են Մալթի Մարի, ինչը սանսկրիտից թարգմանվում է որպես լուսնի լույս եւ հոտավետ ծաղիկ:
Նրանք հայտնել են, որ նոր են փոքրիկին տուն տարել, որը 3 ամիս մնացել է հիվանդանոցում՝ նորածինների համար նախատեսված ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
«Ամեն ընտանիքի ճանապարհորդությունը բացառիկ է եւ պահանջում է հավատի որոշակի չափ: Մենք բարդ ամիսներ ենք անցկացրել, բայց հետ նայելով՝ հասկանում ենք, թե որքան թանկ է եղել ամեն պահը: Հիմա ուրախ ենք, քանի որ մեր փոքրիկը վերջապես տանն է»:
View this post on Instagram
Այս հրապարակումն էլ երջանիկ Ջոնասն արել է հայրիկների տոնին:
View this post on Instagram
Չոպրան ու Ջոնասը ծանոթացել են 2018 թվականին ու 2 ամիս անց ամուսնացել Հնդկաստանի Թաջ Ումայդ-Բհավան պալատում:
Սոֆի Թերներ - Ջո Ջոնաս
Այս ամռանը համալրում է եղել նաեւ երգչի եղբոր՝ Ջո Ջոնասի ընտանիքում: Նա եւ «Գահերի խաղ»-ի աստղ Թերներն իրենց երկրորդ դստերն են ունեցել: Նրանց ավագ դուստրը՝ Վիլլան, 2 տարեկան է:
Սոֆին այս տարվա Met Gala-ին շատ գեղեցիկ կարմիր զգեստով էր եկել, որն ընդգծում էր հղիությունը: Ծնող դառնալու մասին դերասանուհին ահա թե ինչ է ասել Elle ամսագրին. «Ինձ համար կյանքի իմաստ է հաջորդ սերնդին դաստիարակելը: Կյանքում ամենահիասքանչն է նայել, թե ինչպես է դուստրս ավելի ու ավելի ուժեղ դառնում: Այնքան ուրախ ենք, որ մեր ընտանիքը մեծանում է: Ամենալավ օրհնությունն է»:
Ջոնասն ու Թերները ծանոթացել են 2016 թվականին, այդ ժամանակ Սոֆին հանդիպում էր բրիտանացի ռեգբիստ Դեննի Կիպրիանիի հետ: 2017-ին Ջոնասի հետ հայտնել են իրենց նշանադրության մասին, իսկ 2 տարի անց ամուսնացել Լաս Վեգասում: Նրանց գրանցել է Էլվիս Փրեսլիի նմանակը, իսկ հարազատների հետ համատեղ հարսանիքն արել են Ֆրանսիայում:
Ռիհաննան - A$AP Rocky
Ռիհաննան եւ ռեփեր A$AP Rocky-ն ծնողներ դարձան մայիսին, նրանց առաջնեկը տղա է: Լուրերը, որ զույգը փոքրիկի է սպասում, սկսեցին շրջանառվել այս փետրվարին. նրանք համատեղ ֆոտոշարք էին արել Նյու Յորքում: Լուսանկարները տարածվեցին կայծակի արագությամբ, իսկ երգչուհին ամեն անգամ առիթը բաց չէր թողնում ընդգծելու իր կարգավիճակը:
Նա անգամ հղիների համար նորաձեւության նոր թրենդի հեղինակ դարձավ՝ ամենուր ցուցադրելով մերկ փորը: Նա նաեւ նկարահանվեց Vogue ամսագրի համար ու պատմեց մայր դառնալու հետ կապված իր ապրումների մասին:
«Երեխաներն ինձ շատ ավելին կսովորեցնեն, քան՝ ես նրանց: Ուզում եմ տեսնել, թե այս կյանքում ինչ ուղի կընտրեն ու ինչպիսի մարդ կդառնան: Ես այստեղ եմ, որպեսզի նրանց պահեմ ճանապարհի վրա. ոչ միայն վարորդն եմ, այլ նաեւ՝ ուղեւոր: Չէի կարող հրաժարվել իմ սիրելի հագուստներից միայն այն պատճառով, որ մարմինս փոխվում է: Իսկապես, մարմնիս հետ անհավանական բաներ են կատարվում, բայց ես չեմ պատրաստվում ամաչել դրանից»,- նշել էր նա:
Երեխայի ծննդից հետո երգչուհին բավական գաղտնի է պահում անձնական կյանքը, միայն մի քանի լուսանկար է հրապարակել որդու հետ:
Հարաբերությունների մասին զույգը հայտնել է 2020-ի նոյեմբերին, իսկ մեկ ամիս անց միասին մեկնել են հանգստի Բարբադոս, որտեղ էլ նշել են Ամանորը: Ծանոթացել են դեռ 2010-ին, սակայն այն ժամանակ ընդամենն ընկերներ են եղել:
Մարիա Շարապովա - Ալեքսանդր Գիլկես
Այն մասին, որ հղի է, Մարիա Շարապովան հայտնել է ապրիլին, երբ տոնում էր 35-ամյակը: «Թանկ մեկնարկ: Տոնական տորթը երկուսի փոխարեն ուտելը միշտ էլ իմ սիրելի զբաղմունքն է եղել»,- գրել է նա ու բավական կլորացած փորով լուսանկար հրապարակել Ինստագրամում:
View this post on Instagram
Փոքրիկը, որին անվանել են Թեոդոր, ծնվել է հուլիսի 1-ին, հենց դրա համար էլ Շարապովան Լոնդոնում չի կարողացել ներկա լինել Ուիմբլդոնին ու մասնակցել Կենտրոնական կորտի 100-ամյակի միջոցառմանը, որին հրավիրված են եղել նախորդ տարիների հաղթողները:
«Նա ամենահիանալի, բարդ ու հաճելի նվերն է, որի մասին միայն կարող էր երազել մեր փոքրիկ ընտանիքը»,- գրել է մայրիկը: Դրանից հետո փոքրիկի մասին քիչ հրապարակումներ են եղել, մինչ այդ էլ Շարապովան միայն պատմել է, որ հղիների համար հատուկ հագուստ չի կրել:
View this post on Instagram
Շարապովան սիրավեպեր է ունեցել շատ հայտնիների հետ, իսկ այն մասին, որ հանդիպում է Ալեքսանդր Գիլկեսի հետ, լրատվամիջոցները պատահաբար են իմացել՝ 1 տարվա սիրավեպից հետո: Զույգին 2018 թվականի հունվարին լուսանկարել են Լոս Անջելեսի օդանավակայանում: Նրանք համատեղ միջոցառման են մասնակցել նույն տարվա հունիսին, իսկ հոկտեմբերին Շարապովան Instagram-ում սիրելիի լուսանկարն է հրապարակել:
Գիլկեսը ծնվել է Մեծ Բրիտանիայում՝ հայտնի բժշկի ու Օքսֆորդի համալսարանում ռուսերենի դասախոսի ընտանիքում: Ավարտել է Բրիսթոլի համալսարանը, իսպաներեն ու ռուսերեն է սովորել, ինչպես նաեւ ուսուցանել է Իթոնում, որտեղ էլ ընկերացել է Արքայազն Ուիլյամի ու Հարրիի հետ: Ապա տեղափոխվել է Փարիզ, որպեսզի որպես գլխավոր բաժնետեր միանա Louis Vuitton-ի թիմին, իսկ 2008-ին Phillips-ի բաժնետեր է դարձել ու տեղափոխվել Նյու Յորք: 2010-ին հիմնադրել է Paddle8 առցանց աճուրդի ընկերությունը, որը մասնագիտացված է արվեստի գործերի հարցում:
Գիլկեսը հանդիպել է Քեյթ Միդլթոնի քրոջ՝ Պիպպայի հետ: 4 տարի ամուսնացած է եղել դիզայներ Միշա Նոնուի հետ, որը Մեգան Մարքլի ընկերուհին է:
Աննա Լունդբերգ - Մայքլ Շին
53-ամյա բրիտանացի դերասանն այս մայիսին հայտնեց, որ 3-րդ անգամ հայր է դարձել: «Լույս աշխարհ է եկել անկողնու վրա ցատկող եւս մեկ կապիկ»,- գրել է նա:
Շինն ու նրա կինը՝ 28-ամյա շվեդ դերասանուհի Աննա Լունդբերգը, 2019 թվականին աղջիկ են ունեցել, որին Լիրա անունն են տվել: Շինը Քեյթ Բեքինսեյլի հետ առաջին ամուսնությունից եւս մեկ աղջիկ ունի. Լիլի Մո Շինը 23 տարեկան է:
Քվենտին Տարանտինո - Դանիելա Պիկ
59-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ Քվենտին Տարանտինոն երկրորդ անգամ հայր է դարձել: Նրա կինը՝ իսրայելցի երաժիշտ ու մոդել Դանիելա Պիկը, աղջիկ է ունեցել: Հղիության մասին զույգը հայտնել է միայն փետրվարին: Նրանց որդին՝ Լեոն, 2 տարեկան է: Երեխաներից անգամ մեկ կադր հնարավոր չէ գտնել համացանցում:
«Քվենտինն ու Դանիելան երջանիկ են հայտնել, որ հուլիսի 2-ին ծնվել է Լեոյի կրտսեր քույրը»,- հայտնել են նրանց ներկայացուցիչները:
Տարանտինոն ու Պիկը սկսել են հանդիպել 2009 թվականին՝ «Անփառունակ սրիկաները» ֆիլմի պրոմոտուրի ժամանակ, սակայն որոշ ժամանակ անց բաժանվել են: Տարիներ անց վերսկսել են հարաբերություններն ու 2017-ին Լոս Անջելեսում նշանվել, իսկ մեկ տարի անց՝ գաղտնի ամուսնացել:
Սիրուշո - Լեւոն Քոչարյան
Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների ընտանիքներում էլ այս տարի փոքրիկներ են ծնվել: Իրենց երրորդ երեխային դիմավորեցին նաեւ Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը:
Այն մասին, որ ընտանիքում համալրում է լինելու, երգչուհին մարտին հայտնեց, նաեւ հետաքրքիր տեսանյութ հրապարակեց՝ ցույց տալով երեխայի սեռը: Պարզ դարձավ, որ 2 որդիներից հետո զույգը վերջապես աղջիկ է ունենալու:
View this post on Instagram
Փոքրիկը ծնվեց հունիսին՝ Միացյալ Նահանգներում, նրան կոչեցին Զաբել՝ միավորելով երկու տատիկների անունները՝ Սյուզան եւ Բելլա: Ապա երգչուհին դստեր հետ գեղեցիկ կադր հրապարակեց:
View this post on Instagram
«Պետք է արագ վերականգնվել, որովհետեւ առաջիկայում ելույթներ կան: Բեմի մարդկանց ու մարզուհիների ամենամեծ խնդիրներից է: Երրորդ անգամ ավելի դժվար ես վերականգնվում, բայց արդեն վարպետացած ես լինում այդ հարցում: Ամեն դեպքում լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու»,- գրել է երգչուհին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: