×


Ռոբերտ Դե Նիրո․ խելագար տաքսու վարորդից մինչեւ սատանա

Օգոստոսի 17-ին լրանում է Ռոբերտ Դե Նիրոյի ծննդյան 79-ամյակը՝ մի դերասանի, ով նույնքան համոզիչ է ինչպես վտանգավոր մաֆիոզիի, այնպես էլ հմայիչ թոշակառուի դերում: Նա առավել հայտնի է իր աշխատանքով կրիմինալ ֆիլմերում, թրիլերներում եւ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ համագործակցությամբ։ «Օսկար» (1975, 1981) եւ «Ոսկե գլոբուս» (1981, 2011) մրցանակների դափնեկիր է։ Նկարահանվել է 110 ֆիլմում եւ ավելի քան 35 ֆիլմի պրոդյուսեր է եղել։ Նա 140 անգամ առաջադրվել է ամենահեղինակավոր կինոմրցանակների, որից 49 անգամ հաղթել է։ Նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Կնքահայրը», «Տաքսու վարորդը», «Եղնիկների որսորդը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոնին» եւ շատ այլ ֆիլմերում։

Ահա 10 հետաքրքիր փաստ դերասանի կյանքից․

•    Մանկությունում մշտական գունատության պատճառով ապագա աստղը ստացել էր «Բոբի Միլք»  մականունը։ Իսկ նրա դերասանական դեբյուտը տեղի էր ունեցել 10 տարեկանում. նա խաղացել է Վախկոտ Առյուծի դերը «Օզ երկրի կախարդը» հեքիաթի դպրոցական բեմադրության մեջ։

•    Դեռահասության տարիներին Ռոբերտը շատ ամաչկոտ էր, ուստի, ի տարբերություն իր կերպարի, ընտրել էր դերասանական ուղին. «Դա էր պատճառներից մեկը, որ ես գնացի դերասանական դպրոց, քանի որ դա օգնեց ինձ բացվել եւ պակաս ինտրովերտ դառնալ: Բայց, ճիշտն ասած, մնացի նույն մարդը»:


•    Աննախադեպ իրադարձություն Օսկարի պատմության մեջ. Մարլոն Բրանդոն եւ Ռոբերտ Դե Նիրոն դարձան միակ դերասանները, ովքեր մրցանակի արժանացան նույն կերպարը մարմնավորելու համար, բայց նրա կյանքի տարբեր տարիներին։

•    Նկարահանումների ժամանակ Դե Նիրոն փրկել է իր գործընկեր Ջոն Սեւեյջին․ նրա ոտքի վրա նկատել էր թունավոր օձ եւ ժամանակին զգուշացրել ընկերոջը վտանգի մասին։

•    Դե Նիրոն վերամարմնավորման վարպետ է․ իր դերի համար նա սովորել էր սաքսոֆոն նվագել։

•    «Կատաղած ցուլը» ֆիլմում մարմնավորվելով մարզիկ Ջեյք Լամոտային՝ դերասանը բռնցքամարտի դասեր էր անցել եւ գիրացել 27 կգ-ով։


•    Ամենադժվար դերը Դե Նիրոն համարում է Ֆրենկ Շիրանի կերպարը Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» դրամայում։

•    Նա երազում է կրկին աշխատել Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։ 1993 թվականին նրանք միասին նկարահանվել էին «Այս տղայի կյանքը» ֆիլմում։

•    Բացի դերասանությունից Ռոբերտը զբաղվում է պրոդյուսերությամբ եւ ռեժիսուրայով։ Նա նկարահանել է «Բրոնքսի պատմությունը» կրիմինալ դրաման եւ «Կեղծ գայթակղությունը» դրամատիկ թրիլլերը՝ Մեթ Դեյմոնի եւ Անջելինա Ջոլիի մասնակցությամբ։

•    Դերասանը ատում է հարցազրույցներ տալ։ Մի անգամ նա 4 ժամ ակամա պատասխանում էր լրագրողի հարցերին, բայց դա այնքան վատ ստացվեց, որ վերնագրում գրված էր՝ «Իսկ հիմա Ռոբերտ Դե Նիրոյի 972 խոսքերը»։ Ինքը՝ Դե Նիրոն, դա բացատրում է այսպես. «Ես դերասան եմ։ Իմ գործը ձեւանալն է ու դա պրոֆեսիոնալ կերպով անելը։ Իսկ երբ գնում եմ տուն, կարող եմ հանգստանալ։ Ես գոհ եմ, որ մարդկանց հետաքրքրում է իմ անհատականությունը, բայց իրականում դրա կարիքը չկա»։


•     Դե Նիրոն նոր տեխնոլոգիաների կողմնակից չէ, նա հազիվ է հարմարվել նույնիսկ բջջային հեռախոսին. «Ես սմարթֆոն ունեմ, թեեւ փորձում էի դիմադրել դրան։ Երեխաներս եւ թոռներս անընդհատ հաղորդագրություններ են գրում, իսկ ես սովորաբար ձայնային նամակներ եմ ուղարկում նրանց: Կարծում եմ, եթե բջջային հեռախոս ես օգտագործում, ավելի լավ է խոսել, ոչ թե գրել: Իհարկե, գնահատում եմ նման սարքերի առավելությունները, դրանք արագ ու արդյունավետ են, բայց ես սիրում եմ իրական շփում։ Ի վերջո, ես դերասան եմ»:

•    Նրան չէին ուզում Իտալիայի պատվավոր քաղաքացիություն տալ։ Վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դեմ էր դրան՝ ասելով, որ դերասանը իտալացի ամերիկացու համար կեղծ կերպար է ձեւավորել որպես գանգստերի եւ հանցագործի։ Սակայն 2006 թվականին Դե Նիրոն ստացավ 2-րդ քաղաքացիությունը։


•    Դե Նիրոն հայտնի է ոչ միայն իր դերերով, այլեւ դրանցից մերժումներով։ Նա չհամաձայնեց մարմնավորել Հիսուս Քրիստոսին Մարտին Սկորսեզեի դրամայում միայն այն պատճառով, որ «ինքն իրեն չէր տեսնում» այս դերում։ Դերասանը հիշում է. «Այն ժամանակ ես գլուխս սափրել էի, քանի որ նկարահանվում էի «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմում: Ես հանեցի գլխարկս եւ ասացի Մարտինին. «Մի՞ թե այս տեսքով կարող եմ Հիսուսի դեր կատարել»։

•    Նրա կարծիքով, որպես դերասան հասել է այն ամենին, ինչի մասին կարելի է միայն երազել։ «Ես շատ բախտավոր եմ, դա փաստ է»:

•     Չնայած տարիքին՝ դերասանը չի պատրաստվում թոշակի գնալ. «Մեկ ֆիլմ ունեմ, որը հույս ունեմ նկարահանել Մարտին Սկորսեզեի հետ, ընտանեկան գործերը շատ են... Մի խոսքով, անընդհատ ինչ-որ բան եմ անում։ Եվ ես սիրում եմ զբաղված լինել: Էլ ինչո՞վ կարող եմ զբաղվել»:

Պատրաստեց` Մարտա Սեմյոնովան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW