×


Համատեղելով ժամանցը, առողջ ապրելակերպն ու որակյալ կրթությունը․ վերաբացվել է «Մանկության ակադեմիա»-ն

Գունեղ պատերով, մեծ ու ընդարձակ տարածքով, ինքնատիպ դիզայնով արտաքինից աչքի ընկնող «Մանկության ակադեմիա»-ն հասցրել է ճանաչելի դառնալ ոչ միայն տարածքի բնակիչներին, այլև այն ծնողներին, որոնք ցանկանում են՝ իրենց երեխաները որակյալ կրթություն ստանան, առողջ ու անհոգ մանկություն ունենան։


Այժմ արդեն մանկակրթարանը պաշտոնապես բացված է և պատրաստ է ընդունել իր մեծ ու փոքր այցելուներին՝ ցույց տալու, որ իրենց կենտրոնը ոչ միայն արտաքինից է գունեղ ու հաճելի, այլև միջավայրն է այստեղ պայծառ ու տրամադրող՝ շնորհիվ ներդրված հատուկ պայմանների, որակավորված մասնագետների, հոգատար ու բարեհամբույր աշխատակիցների։ Օգոստոսի 24-ին կայացած վերաբացմանը ներկա է եղել նաև BRAVO.am-ը, շրջել է մանկակրթարանի տարածքում, լուսանկարել բազմաթիվ սենյակներն ու ստեղծված պայմանները, միջոցառման հյուրերին, ինչպես նաև զրուցել կենտրոնի հիմնադիրների հետ՝ կարևոր ու հետաքրքիր մանրամասներ պարզելով գործող ծրագրերի, առավելությունների ու նորությունների մասին։

«Մանկության ակադեմիա»-ն նախագծվել ու կառուցվել է միջազգային ստանդարտներին համապատասխան։ Շենքը զբաղեցնում է 6000 քմ տարածք, ունի նաև 3000 քմ տարածք զբաղեցնող մեծ բակ և այգի, որտեղ տարվա տաք եղանակին անցկացվում են տարատեսակ խաղեր ու պարապմունքներ։ Իհարկե, կառույցի գլխավոր գործառույթը կրթադաստիարակչական է։ Լիցենզավորված մանկակրթարան, որակավորված մանկավարժներ, ազգային ու միջազգային ծրագրեր, առողջ ապրելակերպ՝ այս հիմնական սկզբունքներով է առաջնորդվում կենտրոնը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դրանցից յուրաքանչյուրին։


Օրինակ՝ առողջ ապրելակերպի գաղափարը լիարժեք իրագործելու համար այստեղ հոգ են տանում երեխաների և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական առողջ զարգացման մասին։ Այդ նպատակով ներդրվել է չորսանգամյա առողջ սնունդ, իսկ սննդակարգը կազմել է սննդաբան Լիդիա Այվազյանը՝ կիրառելով առողջ ափսեի մեթոդը, այսինքն՝ օրվա սնունդը պիտի պարունակի մրգեր, բանջարեղեն, սպիտակուցներ ու ածխաջրեր։


Փոքրիկների առողջ ապրելակերպն ամբողջական դարձնելուն օգնում են նաև լողի պարապմունքները։ Ակադեմիայի լողավազանը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Ներդրված է ախտահանման գերժամանակակից համակարգ, որը չի վնասում երեխաների մաշկն ու մազերը։ Իսկ պարապմունքներն անցկացնում են պրոֆեսիոնալ մարզիչները։ Ակադեմիան ունի նաև մանկական մարզասարքերով հագեցած սպորտդահլիճ, ինչպես նաև երեխաների ուրախ ժամանցն ապահովող բատուտ։ Կարևորվում են ամենօրյա զբոսանքները տարվա բոլոր եղանակներին։


Հատկանշական է, որ Մանկության ակադեմիայում գործում է հալոթերապիայի մասնագիտացված սենյակ, որն ավելի հայտնի է որպես աղի սենյակ։ Այն ունի բուժական նշանակություն՝ ամրացնում է երեխաների իմունային համակարգը, մաքրում է շնչուղիները։

Մանկակրթարանում առանձնակի ուշադրություն է դարձվում նաև ուսումնական ծրագրերին, որոնք մեծ մասամբ ինտերակտիվ են և խաղային տարբեր մեթոդներով են անցկացվում։ Ծրագրերը կազմելիս հաշվի են առնվել պետական չափորոշիչներն ու միջազգային փորձը։ Երեխաների թիվը խմբերում քիչ է, որպեսզի յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերվի, նրանց հետ աշխատում են մանկավարժը, մանկանկավարժի օգնականը, լոգոպեդն ու հոգեբանը։ Վերջիններիս կողմից հաշվի են առնվում երեխաների նախասիրությունները, հետաքրքրությունները, ուժեղ ու թույլ կողմերը։


«Մանկության ակադեմիան իրականացնում է արդի պահանջներին համապատասխան կրթություն՝ ձևավորելով մտածող, ինքնուրույն, բանիմաց, խելացի, հոգատար բալիկներ, ինչը խոսում է նաև մեր հետագա սերնդի որակի մասին։ Մենք պարբերաբար դրսից մասնագետներ ենք հրավիրում, որպեսզի մեր աշխատակիցները վերապատրաստումներ անցնեն, ծանոթանան միջազգային փորձին ու մոտեցումներին։ Եվ հետո մենք այդ մտածելակերպը ներդնում ենք մեր ակադեմիական կրթության մեջ՝ իհարկե, կարևորելով ու առաջնահերթությունը տալով մեր ազգային արժեքներին»,- իր խոսքում շեշտեց մանկակրթարանի գործադիր տնօրեն Նարե Ներկարարյանը։


Նա ասաց, որ նոր մշակվող ծրագրի համաձայն՝ իրենց կենտրոնում տասը բարեգործական տեղ են հատկացնելու նաև սոցիալապես անապահով և պատերազմից տուժած ընտանիքների երեխաներին․ «Մանկության ակադեմիան այդպիսով նոր նշաձող է սահմանել՝ օգնելու այդ ընտանիքների բալիկներին։ Ընտրությունը կատարելու ենք պետական և միջազգային կառույցների օգնությամբ, կարծում եմ՝ աշխատանքն արդյունավետ կլինի, քանի որ մշակվել է հատուկ ծրագիր՝ երեխաներին ներգրավելու համար։ Գաղափարը դեռ նոր է, պետք է աշխատենք դրա շուրջ, որպեսզի ճիշտ ձևով ընտրությունը լինի»,- հավելեց Ներկարարյանը։

Մանկակրթարանի վերաբացմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա նույնպես շրջեց կենտրոնի տարածքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին և իր խոսքում ընդգծեց՝ մասնավորն ավելի ճկուն է, պետք է ուշադրություն դարձնել այդ հատվածում տեղի ունեցող փոփոխություններին․ «Բարի երթ ու անվտանգ մանկություն եմ ցանկանում մեր երեխաներին։ Վստահ եմ՝ սա լավագույն մանկակրթարաններից մեկը կլինի, որի փորձը, իհարկե, համայնքը պիտի վերցնի ու ներդնի համայնքապատկան մյուս կենտրոններում»,- նշեց քաղաքապետը։


Հավելենք, որ Մանկության ակադեմիայում ընդունելությունը նախատեսված է 1-ից 6 տարեկան երեխաների համար, կրթությունն իրականացվում է չորս տարբեր խմբերում՝ կրտսեր առաջին, կրտսեր երկրորդ, միջին և ավագ։ Կրտսեր խմբերում տասը երեխա է սովորում, միջին խմբում՝ 12, իսկ ավագ խմբում՝ մինչև 15 երեխա։ Կենտրոնն աշխատում է երկու տարբերակով՝ առավոտյան 8։30-ից մինչև 13։00, որը կեսօրյա ծրագիրն է, և 8։30-ից մինչև երեկոյան 18։30, որն ամբողջօրյա ծրագիրն է։ Ծնողն է ընտրում, թե որ տարբերակն է իրեն հարմար։ Վճարը կեսօրյա ծրագրի համար ամսական 200 000 դրամ է, իսկ ամբողջօրյա ծրագրի համար՝ 290 000 դրամ։ Մանկակրթարանն շխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին։ Հասցեն՝ Դավթաշեն, 4-րդ թաղ., Փիրումյաններ 5/1 ։

Այլ մանրամասներին և հետագա նորություններին ծանոթանալու համար կարող եք հետևել կենտրոնի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին՝

https://www.facebook.com/academyofchildhood/

https://www.instagram.com/academy__of__childhood/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW