Լեոնարդո ԴիԿապրիոն նորից ազատ է: Նախ People-ը, ապա ամերիկյան այլ լրատվամիջոցներ գրեցին, որ օսկարակիր դերասանն ու նրա ընկերուհին՝ մոդել Կամիլա Մորրոնն էլ միասին չեն. նրանց սիրավեպը տեւեց չորս տարի: Բաժանման պատճառը հայտնի չէ, դերասանի ներկայացուցիչները հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ:
Վերջին անգամ նրանց միասին նկատել են հուլիսի սկզբին, երբ ծովափին զբոսնելիս են եղել մոդելի շան հետ: Դեռ ամռան սկզբին էին Լեոնարդոյից ու Կամիլայից մտահոգիչ կադրեր ստացվել: Պապարացիները զույգին նկատել էին Մալթայում, որտեղ նրանք հանրային վայրում հարաբերություններ էին պարզում ու բավական մտահոգ տեսք ունեին: Ապա այդ վեճից հետո ԴիԿապրիոն սփոփում էր ընկերուհուն: Դրանից հետո դերասանն ամբողջ ամռան ընթացքում միայնակ է հանգստացել Եվրոպայում:
Թեեւ նրանք իրենց հարաբերությունները չեն թաքցրել, բայց 4 տարվա ընթացքում միասին շատ քիչ միջոցառումների են ներկա եղել: Առաջին անգամ 47-ամյա ԴիԿապրիոն ու 25-ամյա Մորրոնը 2020 թվականին միասին ներկա են եղել «Օսկար» մրցանակաբաշխությանը:
Մոդելն էլ անդրադարձել էր իրենց տարիքային տարբերությանը. «Հոլիվուդում ու աշխարհում այնքան շատ են դեպքերը, երբ տարիքային մեծ տարբերությամբ մարդիկ սկսում են հանդիպել: Կարծում եմ՝ ամեն մեկը պետք է որոշի՝ ում հետ սիրավեպ ունենալ»:
Քովիդով պայմանավորված մեկուսացման շրջանը նրանք միասին անցկացրել էին դերասանի տանն ու կարծես ավելի մտերմացել, ԴիԿապրիոն անգամ Մորրոնին ծանոթացրել էր ծնողների հետ:
Դերասանը սովորաբար հանդիպում է մինչեւ 25 տարեկան կանանց հետ: Նրա ընտրյալների ցանկում չի եղել ոչ մի բացառություն, համացանցում անգամ շրջանառվում է սանդղակ, որում ներկայացված է այդ վիճակագրությունը: Արդեն նախկինների թվում է նաեւ Կամիլան:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: