Հոկտեմբերին հայտարարված Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան «Սանսեթ բուլվար» մյուզիքլի երեւանյան բեմադրության պրեմիերան տեղափոխվում է 2023 թվական, տեղեկացնում է SKYFIST Studio պրոդյուսերական կենտրոնը:
«Ստեղծված իրավիճակում պրոդյուսերական թիմը պրեմիերան հետաձգելը միակ ճիշտ լուծումն է համարում։ Բեմադրությունը «սառեցված» է. փորձերը կվերսկսվեն հենց հանգամանքները թույլ տան՝ նույն դերասանական կազմով եւ նույն ինտենսիվությամբ: Մոտ ապագայում կշարունակվեն դեկորացիաների եւ ռեկվիզիտորների արտադրությունը, ինչպես նաեւ զգեստների կարումը, որպեսզի ներկայացումը հնարավորինս շուտ պատրաստ լինի բեմ դուրս գալուն։ Էնդրյու Լլոյդ Ուեբերի լոնդոնյան գրասենյակը հավանության է արժանացրել թիմի որոշումը եւ աջակցելու է, որ «Սանսեթ բուլվարը» Երեւան վերադառնա»,- նշված է հաղորդագրությունում:
Պրեմիերայի նոր ժամկետները կհայտարարվեն առանձին: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ «տոմսերը կարող եք վերադարձնել՝ կապվելով տոմսարկղերի եւ տոմսերի գործակալությունների հետ, որտեղից գնել եք դրանք»:


×
2,121






