×


Ջորջ ու Ամալ Քլունիների 8 տարեկան ընտանիքն ու «սխալը» երեխաների հարցում

Ջորջ եւ Ամալ Քլունիներն իրենց ամուսնության 8-ամյակը տոնել են Նյու Յորքում: Նրանք միասին ընթրել են, որի ժամանակ էլ հայտնվել են պապարացիների օբյեկտիվում: Գեղեցիկ զույգի սիրո պատմությանը BRAVO.am-ն ավելի վաղ արդեն անդրադարձել է:

Հիմա էլ պատմենք, որ CBS-ի առավոտյան ծրագրի եթերում խոսել են իրենց ծանոթության, ընտանիքի ու 5-ամյա երկվորյակների՝ Էլլայի ու Ալեքսանդրի մասին:



Ջորջ Քլունին հերթական անգամ հիշել է, թե ինչպես է մինչ Ամալին հանդիպելը երդվյալ ամուրի եղել՝ երբեք չամուսնանալու որոշմամբ, բայց 53 տարեկանում միտքը փոխել է: Հիմա նա 66 տարեկան է, իսկ կինը՝ 44:

«Նա ինձ գերել է հենց այն վայրկյանին, երբ ներս է մտել: Բայց ամենազարմանային այն էր, որ չգիտեի, թե արդյոք նա ինձ հավանե՞լ է: Ամալն այնքան անսովոր ուրախ է, խելացի, գեղեցիկ, պարզապես գրավիչ կին, որով ես տարվել էի»,- անկեղծացել է դերասանը:


Իսկ ահա, թե ինչ է ասել Ամալը. «Հանդիպեցի Ջորջին ու մտածեցի՝ այնքան ուրախ եմ, որ աշխարհում նրա նման մեկը կա: Բայց չեմ էլ մտածել, որ նրա հետ ամբողջ կյանքս կանցկացնեմ, ու նման հիանալի ընտանիք կունենանք: Նա ինձ անակնկալի բերեց»:

«Դա փչացրեց իմ կյանքը, որը մինչ այդ այնքան թեթեւ էր, իսկ հիմա իմ տանը վազվզում են երկվորյակներ»,- կատակել է Քլունին:

Իսկ երբ հաղորդավարը նրանցից փորձել է հետաքրքրվել երեխաների նախասիրությունների մասին, Ջորջը հետեւյալն է ասել. «Մեծ սխալ ենք թույլ տվել. նրանց իտալերեն ենք սովորեցրել, բայց մեզնից ոչ մեկն այդ լեզուն չի հասկանում: Երկուսս էլ պատկերացում չունենք, թե ինչի մասին են խոսում իրար հետ»:


Ամալ Քլունին էլ ավելացրել է, որ Ալեքսանդրը սիրում է կատակել: Նրա խոսքով՝ Ջորջը որդուն տարբեր հնարքներ է սովորեցրել, որոնք հիմա երեխան հենց իր դեմ է օգտագործում: Ջորջը նշել է, որ Ալեքսանդրի սիրելի սուպերհերոսը Բեթմենն է ու այնքան էլ հիացած չէ, որ հայրը մարմնավորել է նրան. «Ասում եմ՝ գիտե՞ք, որ ես Բեթմեն եմ եղել, իսկ նա պատասխանում է. «Այո, բայց ոչ հիմա»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին