×


Ինչպես Ամալը գերեց երդվյալ ամուրի Ջորջ Քլունիի սիրտը. Հոլիվուդի ամենայուրահատուկ զույգը

«Երբ առաջին անգամ նրան տեսա, արդեն գիտեի՝ յուրահատուկ է, տարբերվող: Իսկ հետո մտածեցի՝ տեսնես հնարավորություն ունեմ նրա հետ հանդիպելու: Շատ արագ հասկացա, որ Ամալի հետ ցանկանում եմ ողջ կյանքս անցկացնել: Բայց երբեք դա չենք քննարկել ու խոսել ամուսնանալու մասին: Մենք պարզապես նստեցինք, ու ասացի. «Լսիր, ես 52 տարեկան եմ ու մեկ ծնկի վրա եմ իջել արդեն 28 րոպե, դրա համար պետք է արագ պատասխան ստանամ, այլապես ազդրս դուրս կընկնի: Հնարավոր է՝ էլ ոտքի չկանգնեմ»,- այսպես է ամուսնության առաջարկության մասին հիշել Ջորջ Քլունին:

Զույգի սիրո պատմությանը ծանոթանալու համար մի քանի տարի հետ գնանք ու իրադարձությունները վերականգնենք հերթականությամբ:

Ծանոթությունը

Ջորջ Քլունին ու Ամալ Ալամուդդինը ծանոթացել են 2013 թվականին՝ դերասանի տանը, որը գտնվում է իտալական Կոմո լճի ափին: Ամալը նրան հյուր է գնացել ընդհանուր ընկերոջ շնորհիվ, որի հետ մեկնել էին Կանն: Ճանապարհին որոշել են մի պահ տեսնել Քլունիին: Այնպես է ստացվել, որ այդ պահին տանն են եղել նաեւ դերասանի ծնողները, եւ Ամալը միանգամից բոլորի հետ էլ ծանոթացել է:

«Տեսա այդ զարմանալի կնոջն ու միանգամից շունչս կտրվեց: Նա լուսավոր էր, ուրախ, գեղեցիկ ու բարի: Բառացիորեն ինձ կտրեց գետնից: Չգիտեմ էլ, թե նա ինչ մտածեց իմ մասին, հավանաբար, որ ծեր եմ: Հետո նա ինձ ուղարկեց իր հին լուսանկարներից, սկսեցինք գրել իրար ու պատմել, թե մեր կյանքում ինչ է տեղի ունենում»,- առաջին հանդիպման մասին հիշել է Քլունին:


Ծանոթությունից հետո որոշ ժամանակ նրանք էլեկտրոնային նամակներ են ուղարկել միմյանց ու հեռախոսով խոսել, իսկ ընթացքում պարզ է դարձել, որ ավելին են, քան ընկերներ:

Առաջին պաշտոնական ժամադրությունը կայացել է 3 ամիս անց: Քլունին Ամալին հրավիրել է լոնդոնյան հայտնի Abbey Road ընկերություն, որտեղ աշխատում էր իր «Գանձեր որսացողները» ֆիլմի վրա, հաջորդել է ռոմանտիկ ընթրիքը ռեստորաններից մեկում: Համատեղ ընթրիքից հետո հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում:

«Երբ ռեստորանից դուրս եկանք, մեզ արդեն մոտ 50 լուսանկարիչ էր սպասում, բայց Ամալը հիանալի կարողացավ հաղթահարել ամեն ինչ»,- կիսվել է Ջորջը:

Նա նաեւ խոստովանել է, որ սկզբում այնքան էլ համոզված չի եղել, որ Ամալը կհավանի իրեն, ամենաշատը վախենում էր տարիքային մեծ տարբերությունից.«Նրանից մեծ եմ 17 տարով, սկզբում չէի ուզում ցույց տալ զգացմունքներս, համոզված չէի, որ դրանք փոխադարձ են»:

Նշանադրությունը

Դեկտեմբերին առաջին համատեղ ուղեւորությունն են ունեցել: Սուրբ Ծննդի տոներն անցկացրել են մեքսիկական Կաբո Սան Լուկաս հանգստավայրում, որտեղ էլ ավելի են մտերմացել:

Մարտին մեկնել են Քենիա: Վայրի բնության գրկում, որտեղ նաեւ Ամալի սիրելի կենդանիներն են՝ ընձուղտները, Քլունին հասկացել է, որ հենց այդ կնոջ հետ է ցանկանում անցկացնել ողջ կյանքը.«Հիշում եմ՝ նրան ընձուղտ մոտեցավ: Նկարում էի Ամալին, իսկ նա ժպտում էր: Հենց այդ պահին զգացի, որ ուզում եմ ամուսնանալ նրա հետ»:


Դրանից մեկ ամիս անց Քլունին սիրելիին ամուսնության առաջարկություն արեց: Երբ ծնողները հարցնում էին Ամալին, թե ինչ մտադրություն ունի Քլունին, պատասխանում էր, որ ընդամենը կես տարի են հանդիպում ու չարժե լուրջ հարաբերությունների մասին մտածել: Բացի այդ էլ ամուսնանալու ու ընտանիք կազմելու միտքը նրան այդքան էլ չէր գրավում: Նա այդ ժամանակ 35 տարեկան էր, հաջողակ ու հայտնի փաստաբան եւ ավելի շատ կենտրոնացած էր կարիերայի վրա:

Բայց ինչպես պարզվեց, Քլունին իր սեփական պլանն ուներ: Ի դեպ, նա Հոլիվուդում հայտնի էր որպես երդվյալ ամուրի ու բազմիցս էր հայտնել, որ չի պլանավորում երբեւէ ամուսնանալ:

Ամալին հանդիպած Ջորջը լիովին այլ էր: Նա երկար ու մանրակրկիտ պլանավորում էր, թե ինչպես է առաջարկություն անելու: Մատանին պահել էր դարակում, որպեսզի Ամալը մոմերը վառելու համար լուցկի փնտրի ու տեսնի այն:


Ամեն ինչ հենց Ջորջի պլանավորածի պես եղավ. այդ պահին սկսեց հնչել Ֆրենկ Սինատրայի կատարմամբ «Why Shouldn't I» երգը, նա ծնկի իջավ: «Միանգամից բացականչեց. «Աստվա՜ծ իմ», բայց պատասխանել չէր շտապում: Այնքան զարմացած էր, որ մոտ 20 րոպե մնացի այդ դիրքում»,- պատմել է դերասանը: Բայց դե ինչպես արդեն գիտենք, համաձայնությունն ամեն դեպքում տվեց:

Հարսանիքը

Զույգն ամուսնացել է 2014 թվականի սեպտեմբերին Վենետիկում՝ առաջին հանդիպումից 1 տարի անց: Արարողությունն անցկացվել է Aman Canal Grande շքեղ հյուրանոցում, իսկ հյուրերն իսկապես աստղային են եղել՝ Մեթ Դեյմոն, Սինդի Քրուֆորդ, Ջոն Կարսինսկի, Էմիլի Բլանտ, Բրեդ Փիթ ու այլք: Հարսը կրում էր Oscar de la Renta-ի գեղեցիկ զգեստ:


«Ջորջի հետ ուզում էինք, որ հարսանիքը ռոմանտիկ լինի ու էլեգանտ: Չեմ պատկերացնում, թե դիզայներ Oսկարից բացի, էլ ով կարող էր այդ տրամադրությունը փոխանցել զգեստի միջոցով»,- անկեղծացել է Ամալը:

Ամուսնությունից հետո նրանք միասին ներկա են եղել «Ոսկե Գլոբուս»-ին ու արտակարգ տեսք ունեցել:

Երեխաների ծնունդը

Սկզբում Ջորջն ու Ամալն երեխաներ ունենալու մտադրություն չունեին, սակայն հետո փոխեցին իրենց միտքը: «Երեխաներ չէինք ուզում, նրանց մասին մինչեւ ամուսնանալը երբեք չենք խոսել: Հետո հասկացանք, որ բախտներս շատ է բերել գտնել իրար, հիմա պարտավոր ենք մեր երջանկությունը կիսել ուրիշների հետ»,-անկեղծացել է Քլունին:

Ամալը հղիացել է 2016 թվականին, երկվորյակներ ունենալու լուրը ծնողներին պարզապես ցնցել է.«Երբ բժիշկն ասաց՝ երկու փոքրիկ ենք ունենալու, զարմացել էինք, մտածում էինք՝ սխալվել են»:

2017 թվականի հունիսին ժամկետից մեկ ամիս շուտ լույս աշխարհ եկան Էլլան ու Ալեքսանդրը:


Ամուսնությունից 8 տարի անց էլ նրանք շարունակում են ներդաշնակ լինել ու օրինակ շատերի համար: Հանրայնորեն սեր են խոստովանում միմյանց ու նույնքան ռոմանտիկ են:  

Ջորջի խոստովանությունը

«Տարօրինակ բան է գտնել մեկին, ում սիրում ես: Առավել լավ է, երբ այդ պահին սպասել ես ողջ կյանքիդ ընթացքում, որը տեւել է 52 տարի: Ամալ, ինչպիսի ուժ էլ մեզ միացրած լինի, հպարտ եմ, որ քո ամուսինն եմ: Ամեն օր ինձ երջանիկ եմ զգում: Բախտս բերել է կարիերայում, ու երջանկության գագաթնակետը նման գեղեցկուհու հանդիպելն էր:

Երբեք չեմ մտածել, որ կամուսնանամ ու երեխաներ կունենամ: Մտածել եմ, որ կաշխատեմ, հիանալի ընկերներ ունեմ, կյանքս հագեցած է: Բայց չէի գիտակցում, թե այն որքան ոչ լիարժեք է, մինչեւ չհանդիպեցի նրան: Հետո ամեն ինչ փոխվեց: Անգամ լոքդաունի ժամանակ մենք շարունակում էինք միմյանց նամակներ գրել: Ես դրանք դնում էի սեղանին, իսկ նա պատասխանը թողնում էր բարձի տակ:

Ամալը զարմանալի կին է, շատ հոգատար: Նա նաեւ իմ հանդիպած ամենախելացի մարդկանցից է: Հումորի հիանալի զգացում ունի: Նրա հետ ամեն ինչից կարող եմ խոսել»:

Ամալի խոստովանությունը

«35 տարեկան էի, արդեն մտածում էի, որ էլ երբեք չեմ ամուսնանա: Ու հանդիպեցի Ջորջին, սկզբում իմ լոնդոնյան բնակարանում էինք գաղտնի տեսնվում: Հետո հասկացա՝ ինչ էլ պատահի, նրանից բացի ոչ մեկի հետ չեմ ուզում հանդիպել: Չէի կարողանում քնել, երբ նա հեռու էր: Բարեկամներս նշում էին, որ միշտ ժպտում էի ու գլուխս թեքում, երբ ընթերցում էի նրա հաղորդագրություններն ու նամակները, որոնք թաքցնում էր պայուսակիս մեջ:



Մի քանի բան կա, որ պարտավոր եք իմանալ Ջորջի մասին. նախ նա ջենթլմեն է: Միշտ բարի է ու հոգատար մարդկանց հետ: Նրանով անվերջ հիանում եմ ու իր ժպիտից ամեն անգամ հալվում: Նա ինձ ստիպում է ամենաերջանիկ կինը լինել»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին