×


Շեքսպիրյան 16-րդ փառատոնի ուղերձն ու բացման հյուրերը

Երեւանի Շեքսպիրյան 16-րդ փառատոնն անցկացվում է հոկտեմբերի 17-ից 22-ը։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացմամբ մեկնարկը տված փառատոնն այս տարի ունի հատուկ ուղերձներ՝ պահպանել մշակույթը (#SaveCulture), դադարեցնել ագրեսիան (#StopAggression), իսկ գաղափարն է մշակույթի լեզվով աշխարհին պատմել, թե ինչ է կատարվում հիմա մեր երկրում։ Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Շեքսպիրյան 16-րդ փառատոնն ընտրության առաջ էր՝ լինել, թե չլինել:

«Շատ երկար քննարկումների արդյունքում հասկացանք, որ պետք է օգտագործենք փառատոնը որպես հարթակ մի քանի կարեւոր հարցերի համար: Փառատոնի միջազգային հյուրերի եւ մասնակիցների միջոցով նաեւ որոշեցինք լսելի դարձնել այն խնդիրները, որոնց առաջ հիմա կանգնած է հայ մարդը: Այս տարի փառատոնն ունի հստակ քաղաքականություն. բացի մշակութային մեծ հրավառությունից, որը կլինի ներկայացումների միջոցով, նաեւ կարեւոր մեդիա արշավ ենք անցկացնում»,- նշեց փառատոնի տնօրեն Կարո Բալյանը:


Մեդիաարշավի շրջանակում հրապարակվում են տեսանյութեր հայ ազգի անվանի ու տաղանդավոր մարդկանց մասին, որոնք իրենց ոլորտում եղել են անկրկնելի ու թողել մեծ մշակութային ժառանգություն ոչ միայն հայերին, այլ նաեւ ամբողջ աշխարհին: Հոլովակի վերջում հարցադրում է՝ որքա՞ն նման տաղանդավոր մարդ զոհվեց պատերազմի հետեւանքով:

Փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի եւ հյուրի Իտալիայից, Հունգարիայից, Ղազախստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից։  Թատերական հետաքրքիր անցուդարձից բացի, փառատոնն այս տարի նաեւ միավորելու է հասարակական-բարեգործական եւ մշակութային արժեքները։ Կլինի տոմսերի վաճառք եւ փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։


ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի շեքսպիրյան փառատոն եւ Եվրոպական համանուն փառատոնների ցանցի անդամ է հանդիսանում: «Մենք» բարեգործական ՀԿ հիմնադիր Հայկ Գրիգորյանի խոսքով՝ փառատոնի միջազգային լինելու հանգամանքը կնպաստի մեր ասելիքը տեղ հասցնելու գործում. «Հայաստանում պետք է  բոլորն իրենց ձեւով խոսեն ու փորձեն տեղ հասցնել մեր խնդիրները։ Սա պետականամետ ու հայապահպան մոտեցում է»:


Շեքսպիրյան փառատոնի շրջանակում ներկայացում կցուցադրվի նաեւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում. Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը կներկայացնի «Լիր արքան»։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաեւ հատուկ ծրագիր՝ «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների եւ անկախ թատերախմբերի համար։


Կանցկացվեն վարպետաց դասեր։ Փառատոնը ձեռք է բերել բացառիկ համաձայնություն. վարպետաց դասերը կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (ՌԴ)։ Սա աննախադեպ հնարավորություն է հռչակավոր ռեժիսորի հետ շփվելու համար։

Փառատոնի օրակարգին եւ բոլոր նորություններին կարելի է հետեւել նորաստեղծ կայք-էջի միջոցով։ 16-րդ փառատոնն անցկացվում է «Մենք» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ  եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի/Bravo.am/ եւ Ակսել Թամասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին