×


Ինչպես մայրը Հայաստան բերեց որդու աշխատանքները․ բացվել է Արտակ Սաքանյանի անհատական ցուցահանդեսը

Ֆրանսաբնակ հայ նկարիչ Արտակ Սաքանյանը թեեւ երկար տարիներ է՝ հեռու է հայրենիքից, բայց իր աշխատանքներով վերադարձել ու նոր կապ է գտել հարազատ միջավայրի հետ։ Երեւան քաղաքի պատմության թանգարանում երեկ բացվել է արվեստագետի անհատական ցուցահանդեսը՝ «Արարատի ստորոտին» խորագրով։ Վայրն էլ պատահական չէ ընտրված. այս թանգարանում է անցել Արտակի մանկությունը, քանի որ երկար տարիներ այդտեղ աշխատել է նրա մայրը՝ Իրինա Պրոշինա-Սաքանյանը։ Հենց նա էլ նախաձեռնել ու կազմակերպել է որդու աշխատանքների ցուցադրությունը Հայաստանում։

«Հույս ունեմ, որ Արտակն իր ցուցահանդեսների միջոցով ինչ-որ կերպ կվերադառնա Հայաստան: Իսկ թանգարանի ընտրության հարցում կասկած անգամ չէր կարող լինել․ վերադարձն արմատներին շատ կարեւոր է յուրաքանչյուր ստեղծագործող մարդու համար»,- բացման խոսքում ասաց Իրինա Պրոշինա-Սաքանյանը:


Նա ընդգծեց, որ միայն փոքր չափի աշխատանքների ներկայացումը տեղափոխման բարդությունների հետ է կապված. տեխնիկապես շատ դժվար է մեծածավալ գործեր բերելը․ «Մեծ շրջանակներ տեղափոխելը մի երկրից մյուսը, ցավոք, նաեւ մեծ գումարներ արժե, որը ո՛չ մենք, ո՛չ էլ թանգարանն ի վիճակի չենք այս պահին մեզ թույլ տալ։ Բայց հավատացած եմ, որ մոտ ապագայում Արտակը նաեւ մեծ ցուցահանդեսով կներկայանա Հայաստանում»։

Իրինա Պրոշինա-Սաքանյանը հիշեց, թե ինչպես է որդին առաջին անգամ մատիտը վերցրել ձեռքն ու նկարել իր սիրելի կատուներին՝ մեկ ուրվագծով, առանց ձեռքը թղթից կտրելու․ «Արտակի մանկական ձեռագիրը մնացել է իր աշխատանքներում։ Դեռ երկու տարեկան էր, երբ մատիտը վերցրեց ու անհասկանալի ձեւով, մեկ գծով նկարեց կատուներ, կերպարներ, դեմքեր... Ինչպես տեսնում եք, կատուները մնացել են նրա նկարներում: Ես ասում էի՝ Արտակ, այդպես չի լինում, կատուներն ու մարդիկ այդպիսին չեն, նա ասում էր՝ «Ես այդպես եմ տեսնում»։ Եվ դա իսկապես նկարչի հայացք է։ Տարիներ անց Արտակը վերադարձավ սիրելի գործին․ նկարում է, ցուցադրվում եւ քիչ-քիչ հայտնի դառնում մասնագիտական շրջանակներում»։

Արմինե Սարգսյանը եւ Իրինա Պրոշինա-Սաքանյանը


Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն էլ, ներկայացնելով ցուցադրված աշխատանքները, որոնց թվում նկարներ էին ոչ միայն թղթի, այլեւ հախճապակու, ճենապակու վրա, հայտնեց, որ այդ շարքերից մեկը նվիրաբերվել է թանգարանին․ «Արտակի ծնողները հետաքրքիր անակնկալ են մատուցել եւ նրա «Արարատի ստորոտին» շարքը նվիրել են մեր թանգարանին։ Մենք այն կպահպանենք եւ որոշ ժամանակ անց, երբ Արտակը երբեւիցե կգա Երեւան, կցուցադրենք նրա մյուս աշխատանքների հետ»։


Ցուցահանդեսը նվիրված է Արտակ Սաքանյանի եղբոր՝ Արամ Ջիլավյանի եւ ընկերոջ՝ Պարույր Սարգսյանի հիշատակին (զոհվել է 44-օրյա պատերազմում)։

Նկարիչ Արտակ Սաքանյանը 2013 թվականից ի վեր հանդիսանում է DRUO աճուրդի անդամ: Հայտնի է Ֆրանսիայում, որտեղ պարբերաբար ցուցահանդեսների է մասնակցում: Նրա արվեստանոցը գտնվում է Sainte Marie /Mer-ում՝ Ատլանտյան Լուարայում: Նա զբաղվում է նաեւ քանդակագործությամբ, խեցեգործությամբ, հախճապակու գունազարդմամբ:


Արտակը Պորնիկ քաղաքի մշակութային դեսպանն է 2019 թվականից: Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր անկյուններում՝ Ռուսաստան, Իտալիա, Գերմանիա, Մեքսիկա, ԱՄՆ եւ այլուր։

Իր գեղանկարչական գործունեության համար Արտակն արժանացել է բազմաթիվ պարգեւների, մասնավորապես՝ Փարիզի սենատի Պատվավոր լեգեոնի շքանշան, Լեոնարդո դա Վինչիի առաջին մրցանակ (Ֆլորենցիա, Իտալիա), Ուֆֆիցի պատկերասրահի մրցանակ (Ֆլորենցիա, Իտալիա), Վենետիկի «Կանոլետտոյի» մրցանակ: Նա արժանացել է նաեւ Ֆրանսիայի եվրոպական արվեստի, գրականության եւ փիլիսոփայության ակադեմիայի սպայի կոչման:


Արտակ Սաքանյանը հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու եւ ընդգրկված է Ֆրանկոֆոն հեղինակներին ու բանաստեղծներին նվիրված հանրագիտարանում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին