Դրամատիկական թատրոնի դերասանուհի Ալիս Մելիքսեթյանն օրեր առաջ դարձել է 35 տարեկան։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում կեսկատակ խոստովանել է, որ իրեն 15 տարեկան է զգում։
«Իմ մեջ դեռ կա այն ուրախությունը, պարզությունը, հավատն ու անկեղծությունը, որը բնորոշ է դեռահասներին։ Թռիվռի, ուրախ եւ աշխույժ վիճակներն ինձ դեռ չեն լքում։ Չեմ կարծում, որ իմ կյանքում ամեն բան արել եմ ու հասել այն կետին, որ պետք է լուրջ նստեմ ու միայն գնահատականներ տամ, կողքից նայեմ ուրիշների կյանքին»,-նշել է դերասանուհին։
Ասում է՝ տարիներն իրեն հարուստ կենսափորձ են տվել. «Այն, ինչ կարող են տալ ստեղծագործող, մտածող ու վերլուծող մարդուն, որը դեռ շատ ծրագրեր ու նպատակներ ունի։ Այս ընթացքում շատ վերելքներ ու վայրէջքներ են եղել, որոնք ավելի են կոփել ու կյանքիս գույներին նորերը խառնել՝ գունապնակն ավելի հարուստ դարձնելով»։
Թվերից չի վախենում. «Գիտակցում եմ, որ ծննդյան օրից դեպի մահվան ենք գնում: Չեմ մտածում վերջի մասին, սիրում եմ վայելել կյանքը՝ հուսալով, որ առջեւում դեռ շատ վայելքներ կան։ Մխիթարությունս այն է, որ միգուցե այս աշխարհը փորձաշրջան է եւ երկնքում է հավիտենական կյանքը»։
Տոնական հիշարժան օր է անցկացրել. «Առաջինը սրտիս ամենահարազատ մարդն է շնորհավորել, հետո նոր՝ մյուսները, նույնիսկ այնպիսի մարդիկ են հիշել ու գրել, որոնց հետ վերջին անգամ շատ տարիներ առաջ եմ կապի մեջ եղել, չեմ թաքցնի՝ շատ հաճելի էր։ Ուշադրություն չեմ սիրում, բայց իմ կամքից անկախ այդ օրն ուշադրության կենտրոնում էի։ Մեծ հավաքույթներ էլ չեմ սիրում, երեկոն մտերիմ մարդկանց միջավայրում եմ անցկացրել։ Ճիշտ է՝ տարբերվող ու յուրօրինակ նվերներ շատ եմ սիրում, բայց այս տարի նվերների մեծ մասը գումարի տեսքով էր»։
Երազանքների մասին նախընտրում է լռել. «Նվիրական երազանք ունեմ, որի մասին միայն ես ու իմ Աստվածը գիտենք։ Բնականաբար, գերագույն երազանքներից մեկը խաղաղությունն է, առանց որի անհնար է ամեն ինչ»։
Հաճախ է վերլուծում անցնող տարիները. «Միակ բանը, ինչի համար զղջում եմ, այն է, որ երբեմն շատ եմ վստահել ու հավատացել մարդկանց, դա էլ, կարծում եմ, շտկվող խնդիր է։ Չեմ թաքցնի՝ ինքս էլ երբեմն տարեդարձերիս օրը փոքր-ինչ թախծոտ ու մտածկոտ եմ լինում, բայց այս տարի երկնային հանգստություն էր պատել հոգուս, շատ խաղաղ էի»։
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ալիս Մելիքսեթյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: