×


Շքեղություն եւ ոճ՝ Porsche-ից. կին վարորդները Երեւանում ծանոթացել են նոր մոդելներին

Porsche AG-ի պաշտոնական ներկայացուցիչ «Պորշե կենտրոն Երեւանը» թվով երրորդ միջոցառումն է կազմակերպել կին վարորդների համար, այս անգամ՝ «Women empowerment» խորագրով:

Փոխվել է միջոցառման անցկացման վայրն ու ձեւաչափը, սակայն ուշադրության կենտրոնում նորից կանայք են եղել: Bravo.am-ը ներկա է եղել երեկոյին, ծանոթացել ներկայացված մեքենաներին ու նրանց առանձնահատկություններին:

Ընկերության վաճառքների պատասխանատու Քրիստինե Բարսեղյանը նշել է, որ շատ անսպասելի են որոշել նման ձեւաչափով միջոցառում կազմակերպել, նպատակն է եղել ամառային ակտիվ շրջանից հետո աշնանը եւս չպասիվանալ:


«Ավտոշուկայում ամենաակտիվ բրենդներից ենք ու հաճախ ենք միջոցառումներ կազմակերպում: Որոշեցինք չեզրափակվել միայն ամառային սեզոնով եւ հիմա էլ մի փոքր տրամադրություն հաղորդել կին վարորդներին: Եղանակային կանխատեսումների պատճառով չուզեցինք սխալվել եւ մայրաքաղաքում արեցինք. սովորաբար միջոցառումների ժամանակ տեղափոխվում ենք Հայաստանի տարբեր մարզեր: Մի փոքր շքեղությանն ու նորաձեւությանն ենք տեղ հատկացրել՝ կանայք են հավաքվել ու չեն կարող չխոսել հագուստից եւ ոճից, դրա համար էլ փորձել ենք համադրել երկուսը մեկում»,- ընդգծել է նա:

Բարսեղյանը ուրախությամբ նշել է, որ շուտով վերաբացելու են իրենց նորացված ցուցասրահը, իսկ մինչ այդ որպեսզի մեքենաների սիրահարները չձանձրանան, որոշել են ներկայացնել նոր մոդելներ՝ ամենագնաց եւ սպորտային:


Նա ավելացրել է, որ ժամանակները եւ աշխարհայացքները շատ են փոխվել, ու հիմա տարբեր ոլորտներում ավելի ակտիվ են դարձել կանայք՝ ոչնչով չզիջելով եւ անգամ առաջ անցնելով տղամարդկանցից. «Կին գործարարներն աշխուժացել են, ավելի համարձակ ու վճռական դարձել, նրանք իրենց ինքնուրույնությունն ամրապնդելու կարիք ունեն, ինչը Porsche բրենդը ողջունում է»:

«Բենթլի Երեւան», «Պորշե Կենտրոն Երեւան» եւ «Աուդի Արմենիա» ընկերությունների մարքեթինգի բաժնի ղեկավար Մարիամ Մատնիշյանն էլ ասել է, որ Porsche-ն շատ է կարեւորում կին հաճախորդներին, դրա համար էլ այս տարի նրանց մեծ ուշադրություն են դարձել ու ամեն ինչ արել բրենդի հետ կապելու համար:


«Կինն ու ավտոմեքենան այսօրվա իրականության մեջ կապված են ու մեքենան մեծ դեր ունի նրանց կյանքում: Կին վարորդները շատ տարբեր են, լավն ու հմուտ. մի քանի անգամ միասին ճանապարհ ենք անցել ու համոզվել դրանում: Սա կանանց նվիրված մեր 3-րդ միջոցառումն է. առաջինն արել ենք 2021-ին՝ Դիլիջանում, մյուսն այս ամռանը Սեւանում ենք կազմակերպել եւ աշնանային տրամադրությունը որոշեցինք տեղափոխել Երեւան:

Այս անգամ այն անցնում է առանց վարման, բայց փոխարենը ներկայացնում ենք այն մոդելները, որոնք հարմար են վարել քաղաքում: Քանի որ Cayman-ը ցածր ավտոմեքենա է, մարդիկ կարծում են, որ հարմար չեն հայկական ենթակառուցվածքներին, սակայն իրականում ճիշտ հակառակն է: Քաղաքը բավական հարմարեցված է նման սպորտային մեքենաների համար»,-ընդգծել է նա:


Միջոցառումների կարեւորության մասին

Շուշան Հակոբջանյանը բավական փորձառու վարորդ է, ղեկին է արդեն 12 տարի ու հատկապես սիրում է զգալ արագությունը:

«Այսպիսի միջոցառումներ ավելի հաճախ պիտի լինեն, որպեսզի մոտիկից ծանոթանանք մեքենաների տարբեր տեսակների տեխնիկական հնարավորություններին, դիզայնին եւ հարմարավետությանը»,-ընդգծել է նա:  


Հակոբջանյանը կարծում է, որ պետք չէ տարբերություն դնել կին ու տղամարդ վարորդների միջեւ, քանի որ մեքենա լավ վարել կարողանում են երկու սեռի ներկայացուցիչներն էլ, սակայն մի այսպիսի նկատառում է անում. «Սակայն կանայք ավելի ուշադիր են ղեկին եւ զգույշ են վարում: Եթե ուսումնասիրեք, կտեսնենք, որ վթարների հիմնական մասը տղամարդկանց մասնակցությամբ է լինում»:

Միջոցառման ընթրիքի հատվածում հանդես են եկել բանախոսներ Արտյոմ Մկրտչյանը եւ Սիրանուշ Մինասյանը ու պատմել իրենց գործունեության մասին:


Մկրտչյանը հայաստանյան գինու ոլորտի շուկայի լավագույն մասնագետներից մեկն է, ով միաժամանակ հանդիսանում է «Դեկանտ» գինու խանութ-համտես սրահի համահիմնադիրը, «Հայաստանի գինու Vini ուղեցույց» նախագծի համահիմնադիրը եւ առաջինն է ստեղծել «Հայկական գինու ճանապարհը» խորագրով ծրագիր։ Սա միակ հարթակն է, որտեղ կարելի է գտնել ամբողջական տեղեկատվություն հայկական խաղողի սորտերի, հայկական գինեգործության, տերրուարների մասին եւ այլ հետաքրքրող տեղեկատվություն։

Մինասյանը ոճաբան-իմիջմեյքեր է, «Ինքդ քեզ ոճաբան By Siramy» գրքի հեղինակը, «Սիրամի» բրենդի հիմնադիրը, նա շուտով իր հեղինակային խանութ-սրահի դռները կբացի բոլոր ցանկացողների առջեւ: Բրենդը ներկայացնում է դիզայներական լյուքս դասի հագուստ կանանց համար։ Մինասյանը երկար տարիներ բնակվել եւ ստեղծագործել է Ռուսաստանում, իսկ վերջին դեպքերից հետո որոշել է ընդմիշտ վերադառնալ հայրենիք ու իր ստեղծագործական ուղին շարունակել այստեղ՝ համաշխարհային շուկային ներկայանալով որպես հայ դիզայներ։


Նոր Porsche Macan-ի մասին

Porsche-ն թողարկել է իր Macan մոդելային շարքի կոմպակտ ամենագնացների թարմացված տարբերակները՝ ավելի բարձր կատարողականությամբ, ավելի հղկված դիզայնով եւ կառավարման նոր կոնցեպտով: Մոդելն ունի 3 տարբերակ՝ Macan, Macan S եւ Macan GTS, որոնք ունեն զգալիորեն ավելի մեծ հզորություն, քան նախորդները: Որպես ամենագնացների հաջողված շարքի սպորտային առաջատար, Macan GTS-ը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Վերջինիս 2.9 լիտրանոց երկտուրբինային V6-ն այժմ ապահովում է 324 կՎտ (440 ձիաուժ) հզորություն` 44 կՎտ (60 ձիաուժ) աճ: Porsche GTS-ի մեքենաներին բնորոշ անվտանգության եւ արագության ապահովման շնորհիվ` այն սպորտ քրոնո փաթեթով հագեցած 0-100 կմ/ժ արագության հասնում է 4.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է մինչեւ 272 կմ/ժ: Ինչպես նախկինում, բոլոր շարժիչներն էլ միացված են յոթ արագությամբ Porsche երկկցորդ փոխանցման տուփով (dual-clutch transmission (PDK)  եւ Porsche Traction Management (PTM) լիաքարշակ համակարգով:

Որպես ընտրովի տարբերակ` շարժիչի բոլոր տարբերակների պարագայում, hաճախորդները ունեն համալրման մեծ ընտրության ազատություն:


Ավելի հստակ դիզայն՝ սպորտային շեշտադրմամբ

Porsche-ն էլ ավելի է հղկել իր կոմպակտ ամենագնացի վիզուալ տեսքը՝ կատարելով մի շարք սպեցիֆիկ փոփոխություններ: Թափքի վերափոխված առաջնամասը այն դարձնում է ավելի տպավորիչ ու ազդեցիկ: Ետեւի մասը` տեխնիկական դիզայնով հատուկ արդյունավետ դիֆուզորով է: Այստեղ եւ առջեւի մասում բամպերները առանձնանում են նոր 3D ֆակտուրայով դետալներով, որոնք առկա են նաեւ մեքենայի դռների վրադիր տարրերին՝ կողային շեղբերին:

Լուսադիոդային լուսարձակները եւ Sport Design արտաքին հայելիներն այժմ ստանդարտ են բոլոր մոդելների համար: Իր սեգմենտում ամենասպորտային մեքենա հռչակված Macan-ը կրկին անգամ ամրապնդում է իր դիրքը՝ օպտիմիզացված ընթացային մասը, ստաբիլիզատորները, ինչպես նաեւ ավելի զգայուն ղեկային մեխանիզմն էապես բարելավում են կոմպակտ ամենագնաց մեքենայի կառավարումը: Այս առումով, Macan GTS-ը այժմ առավել քան երբեւէ, հմտորեն ընդգծում է  դինամիկայի եւ հարմարավետության միջեւ հավասարակշռության առկայությունը:

Սպորտային ամենագնացներում կարեւոր է նաեւ ղեկի առավելագույն զգայունությունը: Նոր Macan-ում կիրառվել է երկդռնանի Porsche սպորտային մեքենաների փորձը: Սա իր հերթին ավելի է բարելավում ղեկ-վարորդ փոխադարձ կապը Macan-ի նոր մոդելներում:


Boxster

718 մոդելների դիզայնը՝ իր սպորտային սուր եզրերով ու հստակ ձեւով նոր դարաշրջան է բացում Boxster-ի պատմության մեջ: Օդի մուտքի հորիզոնական գծերը առջնամասը տեսողականորեն ավելի լայն են դարձնում, ինչը մեքենային տալիս է լրացուցիչ եռանդուն եւ վճռական տեսք:

Թեւե՞ր. ինչպես բնորոշ է Porsche-ին, նրանք տեղակայված են առջեւի ծածկոցի վերեւում ու իրենց ձեւով ընդգծում են լուսադիոդային ցերեկային լույսերով  նոր լուսարձակների դիզայնը։

Կողային ուրվագիծը ընդգծում է մեքենայի միջադիր  դասավորությամբ շարժիչի կոնցեպտը: Անիվի կամարները մեծ են՝ մինչեւ 20 դյույմ չափի անիվների համար:
Սա պարզ է դարձնում, որ նոր 718 մոդելները նախատեսված չեն ավտոտնակում փակված լինելու համար, այլեւ շարժման հուզիչ հաճույքի, շունչ կտրող վայելքի համար:

Զարմանալի չէ, որ դռների վահանակների հատուկ ձեւը խրախուսում է եկող օդի հոսքը դեպի մեծ կողային օդի ընդունիչներ ուղղորդելուն՝ Նոր տուրբո շարժիչների օպտիմալ շնչառության եւ, հետեւաբար, հզոր քարշակման ուժի համար:


Մեկ այլ սպորտային դետալ՝ V-աձեւ ոտքերով նոր արտաքին հայելիներ։
718 Boxster-ի կտորից փափուկ ծածկը  փակ վիճակում պահպանում է սպորտային մեքենային բնորոշ դինամիկ ուրվագիծը: Կոճակի սեղմումով այն ավտոմատ կերպով բացվում է 9 վայրկյանում, նույնիսկ մինչեւ 50 կմ/ժ արագությամբ վարելիս։

718 մոդելների հետնամասը ոչ միայն վկայում է ընդգծված սպորտային ոճի, այլ նաեւ մեր դիզայներների տաղանդի մասին։ Նա ստացավ հստակ, հակիրճ ձեւ եւ բոլորովին այլ, յուրահատուկ տեսք ունի: Շատ գեղեցիկ են հարթ հետեւի լույսերը՝ եռաչափ դիզայնով: Հորիզոնական լույսերը շրջապատում են 4 կետանոց LED արգելակային լույսերը: Լամպերի միջեւ տեղակայված շեշտադրման ժապավենը տեսողականորեն ընդլայնում է մեքենայի հետեւի մասը:

Դրա վերեւում տեղադրված է հետեւի հակաթեւը, որն ավտոմատ կերպով բացվում  է 120 կմ/ժ արագությամբ սրընթանալիս, դրանով իսկ նպաստում է անիվների ավելի լավ ճանապարհը բռնելուն:


Իսկական սպորտային մեքենայից շատ բան կարելի է սպասել։ Միջին շարժիչով 718 մոդելներն առանձնանում են ոչ միայն բարձր դինամիկայով, այլեւ 2 բեռնախցիկի առկայությամբ։ Սրահն առանձնանում է տարբեր մտածված լուծումներով եւ համալրման հնարավորություններով։

Մոդելային շարքը հասանելի է պատվիրելու համար։ Ցուցասրահից վաճառքի մեքենաներին կարող եք ծանոթանալ պաշտոնական ներկայացուցչության ինտերնետային կայքում՝ porsche.am: Մանրամասների համար զանգահարել՝ 010 739 403, 096 096 911:

Ինչպես նաեւ կարող եք հետեւել սպասվող նորություններին ընկերության պաշտոնական էջերում՝

https://www.facebook.com/porschecenteryerevan

https://www.instagram.com/porschecentreyerevan/

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW