×


Ամենայուրահատուկ կոկտեյլ-բարը Երեւանում. բացվել է BANDEREGO-ն՝ բազմազան համերով ու նորարար մոտեցմամբ

Դառնալ աշխարհի լավագույն կոկտեյլ-բարերից մեկն ու ընդգրկվել միջազգային թոփ 50-ում՝ այս նպատակով Երեւանում բացվել է ամենատարբերվող ու նորարարական բարերից մեկը՝ «BANDEREGO»-ն, որը զարմացնելու է եկել նախ՝ կոկտեյլների ամենայուրօրինակ բաղադրատոմսերով, ապա՝ սպասարկման նոր մոտեցմամբ, հետաքրքիր գաղափարախոսությամբ եւ, իհարկե, տարածքի ինքնատիպ դիզայնով ու թեմատիկ սրահներով։ BRAVO.am-ը ներկա է եղել նոր կոկտեյլ-բարի բացմանը եւ զրուցել է նախագծի հիմնադիրների հետ՝ հետաքրքիր մանրամասներ պարզելով ողջ ծրագրի մասին։


BANDEREGO-ի բացումը համընկել էր Հելոուինի օրվա հետ, այնպես որ տարածքն ամբողջությամբ համապատասխանեցված էր այդ տրամադրությանը, աշխատակիցները նույնպես կերպարանափոխված էին։ Բայց մինչ կծանոթանայինք բարում առաջարկվող խմիչքների բազմազանությանը, կլինեինք տարածքում ներկայացված բոլոր սրահներում ու կտեսնեինք յուրօրինակ ինտերիերը, հասցրինք զրուցել BANDEREGO նախագծի հիմնադիր Ջոն Մկրտչյանի հետ, որը պատմեց իրենց գաղափարի ու ծրագրերի մասին։


«Գլխավոր փիլիսոփայությունն այն է, որ սա Ego-friendly բար է, այսինքն՝ կարեւոր է լինել այնպիսին, ինչպիսին կաս։ BANDEREGO անվանումը բաղկացած է երկու մասից, որոնք խորհրդանշում են մարդուն բնորոշ հակասական սկզբունքները՝ կենդանական (bander - կապիկ) եւ սոցիալական (լատիներեն ego - I): Այն արտացոլում է մարդկության զարգացման ուղին՝ սկսած մեր հեռավոր նախնիներից մինչեւ տիեզերական թռիչքներ եւ մետա-տիեզերքների ստեղծում: Բանդերէգոն խմիչքների եւ խոհանոցների պրիզմայով ցույց է տալիս, թե որքան հակապատկեր մշակույթներով է լցված մեր աշխարհը` հյուրերին հրավիրելով ճամփորդության ժամանակի եւ տարածության մեջ»,- ասում է Ջոնը։


Նա նաեւ ընդգծում է, որ իրենց փիլիսոփայության հիմքում 1440 թիվն է, որը խորհրդանշում է օրվա 24 ժամը րոպեներով։ Միտքն այն է, որ BANDEREGO-ում կարեւորվում ու գնահատվում է մարդու անցկացրած յուրաքանչյուր րոպեն, որն իզուր չպիտի անցնի․ «Այստեղ ամեն ինչ կառուցված է ժամանակի ճիշտ օգտագործման վրա՝ սկսած սպասարկումից մինչեւ կառավարում։ Յուրաքանչյուր պահը կարեւորագույն արժեք է մեր ընկերության համար, որն ամեն ինչ անելու է հյուրերի լավ ժամանակի, հետաքրքիր ու անմոռանալի օրվա համար»։


BANDEREGO-ում, իհարկե, շեշտը դրված է բարի ու ամենաինքնատիպ կոկտեյլներ ստեղծելու վրա։ Դրանք միավորում են աշխարհի ավելի քան 15 մշակույթ, որոնց առանձնահատկությունները կարելի է գտնել ներկայացված բաղադրատոմսերում։ Հատուկ ուշադրություն է դարձված նաեւ հայկական համերին․ այստեղ կարող եք փորձել Մատենադարանում պահվող հին հայկական ձեռագրերից հանված բաղադրատոմսերով խմիչքներ, ինչպես նաեւ այդ ձեռագրերից են վերցված տարածքի բույրի, օճառի եւ ձեռքի կրեմի բաղադրատոմսերը։


«Մեր նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել բարային մշակույթն ու բարելավել սպասարկման ոլորտը՝ նոր մոտեցումներով։ Մեր թիմում, օրինակ, չկան մատուցողներ, կան միայն պրոֆեսիոնալ բարթենդերներ, որոնք հյուրերին սիրով կպատմեն կոկտեյլների մասին, կհասկանան նրանց նախասիրությունները, կծանոթացնեն տարածքին ու կզրուցեն նախագծի առանձնահատկությունների մասին։ Ողջ թիմը վերապատրաստվել է աշխարհի 8-րդ լավագույն բարի՝ «El Copitas»-ի կողմից, բացի այդ՝ մշակվել է հստակ կրթական ծրագիր, որի շրջանակում մեր թիմակիցներն ուսումնասիրելու են իրենց մասնագիտությանն առնչվող տարբեր ոլորտներ՝ բուսաբանությունից սկսած մինչեւ գաստրոֆիզիկա, օտար լեզուներ եւ այլն։ Ի դեպ, մեզ մոտ տարբերվում է նաեւ բարի կայանի մոտ նստելու, տեղում որեւէ խմիչք պատվիրելու եւ փորձելու ընդունված ձեւաչափը. այդ ամենը տեղափոխված է սեղանների շուրջ»,- մանրամասնեց հիմնադիրը։


Աշխարհի տարբեր մշակույթներից վերցված հետաքրքիր տարրերով ստեղծված ինտերիերը, դիզայնը, համապատասխան լուսավորությունը եւ էթնո երաժշտությունը հյուրերին միանգամից տեղափոխում են մեկ այլ իրականություն, որտեղ ամեն ինչ ներդաշնակ է, կարող ես ազատություն տալ էմոցիաներիդ ու վայելել լավագույն համերը թե՛ բարի, թե՛ խոհանոցի։ BANDEREGO-ի ինտերիերի դիզայներ Կարեն Աղաջանյանը մեր զրույցում խոստովանեց, որ իր քսան տարվա աշխատանքային փորձի ընթացքում սա ամենաբարդ նախագիծն է եղել, որն իրականացրել է, բայցեւ ամենահետաքրքիրն ու հաճելին․ «Ջոնի հետ փորձել ենք ստեղծել մի այնպիսի միջավայր, որը չունի իր կրկնօրինակը։ Ինչպես տեսնում եմ, մարդիկ հավանում են, կարծում եմ՝ ստացել ենք այն, ինչ ուզում էինք ստանալ։ Մեծ հաճույքով ենք աշխատել առավոտից մինչեւ ուշ գիշեր, չեմ վախենա ասել՝ ամեն մի հատվածը մի քանի անգամ ենք արել, անընդհատ սարքել-քանդել, մինչեւ ունենայինք մեր ուզած արդյունքը»։


Հավելենք, որ BANDEREGO կոկտեյլ-բարն աշխատում է չորեքշաբթիից կիրակի օրերին՝ երեկոյան ժամը 7-ից սկսած։ Մուտքը միան վավերացումն անցնելու դեպքում է հնարավոր, այսինքն՝ https://banderego.com/ կայքում գրանցվելուց, որեւէ սոցցանցի Ձեր էջի հղումը տեղադրելուց հետո կուսումնասիրվի ձեր հայտը եւ հաստատվելուց հետո միայն կդառնաք տարածքի հյուրերից մեկը։ Բարի հասցեն է՝ Ալեք Մանուկյան 12/6։ Նախագծի մյուս մանրամասներին եւ հետագա նորություններին կարող եք հետեւել նաեւ BANDEREGO-ի ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում՝

https://www.facebook.com/banderego

https://www.instagram.com/banderego/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW