«Դիմակահանդես»-ի երկրորդ եթերաշրջանն իր բուռն ընթացքի մեջ է Առաջին ալիքի եթերում: Երաժշտական-ժամանցային այս նախագիծն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենաքննարկվողներից է:
BRAVO.am-ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Դավիթ Ծերունյանի հետ՝ պարզելու, թե ինչու առաջին եթերաշրջանից հետո իրենց մեղադրեցին հեռուստադիտողին «խաբելու» համար, ինչու հենց Ռաֆայել Երանոսյանը միացավ թիմին՝ որպես հետախույզ, եւ ինչով է առանձնանալու այս եթերաշրջանը:
«Սա շոու է եւ ինտրիգներով լի մեծ խաղ. բոլորին հետաքրքիր է, թե ովքեր են թաքնված դիմակի տակ: Հետախույզները պետք է փորձեն գուշակել եւ օգնեն կանխատեսումներ անել նաեւ հեռուստադիտողին: Շոուի հաջողության գրավականն անսպասելիությունն է՝ անկախ եթերաշրջանից, որովհետեւ անգամ եթե մտածում ես, թե հարյուր տոկոսով գիտես՝ ով է, վերջին վայրկյանին դիմակը հանում են, եւ պարզվում է՝ սխալվել ես»,- ասաց պրոդյուսերը։
«Դիմակահանդես» հեռուստաշոուն
Կերպարներ ընտրելիս կարեւորում են բազմազանություն ապահովելը, մասնակիցները եւս կարող են տարբերակ առաջարկել՝ ելնելով իրենց բնավորության եւ գործունեության առանձնահատկություններից:
«Դիմակի առկայությամբ, երբ չկա դիմախաղ, արտիստին շատ դժվար է կյանք տալ կերպարին: Տարբեր քննարկումների արդյունքում են ի մի բերվում բոլոր կերպարները: Երկու եթերաշրջանում էլ շատ մեծ թիմ է աշխատել՝ մասնավորապես Հանրային հեռուստաընկերությունից, բայց կան նաեւ այլ գործընկերներ. այս անգամ պրոդյուսեր Ռուդիկ Տեր-Գալստյանը, ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը եւ Գրիգոր Վահրամյանն են միացել մեր թիմին»,- նշեց Ծերունյանը։
Նրա խոսքով՝ եթե առաջին եթերաշրջանում նպատակ ունեին հեռուստադիտողին ծանոթացնել այս նախագծին ու ձեւաչափին, եւ մասնակիցները մեծամասամբ հայտնի արտիստներ էին, հիմա արդեն ամբողջովին մոտենում են ձեւաչափի սկզբունքին՝ պարտադիր չէ, որ մասնակիցը շատ հայտնի երգիչ կամ երգչուհի լինի։
Իվետա Մուկուչյանը
Նախորդ անգամ հաղթեց Էրիկ Կարապետյանն՝ այլմոլորակայինի կերպարով: Հեռուստադիտողի արձագանքից տպավորություն էր, որ այս անգամ հենց նրան կտեսնենք ժյուրիի կազմում, բայց Սոնային, Գարիկ Պապոյանին եւ Իվետա Մուկուչյանին միացավ դերասան Ռաֆայել Երանոսանը, որը նախորդ անգամ առաջինն էր լքել շոուն: BRAVO.am-ին Ռաֆայելը խոստովանեց, որ դուրս գալու պատճառով, բնակաբար, նեղսրտել էր:
«Լավ մտքեր կային, որոնք պետք է իրականացնեինք, եւ ոչ հաճելի անակնկալ եղավ, բայց միեւնույն ժամանակ գիտակցում էի, որ մրցույթ է եւ ամեն բան էլ կարող է պատահել: Առաջարկեցին լինել հետախույզներից մեկը, կրկին հաճույքով մասնակցեցի, քանի որ սիրում եմ նոր հարթակներ, բացի այդ, հանդիսատեսն ինձ նոր ձեւաչափում է տեսնում: Մասնակից լինելուց հետո հետախույզ լինելը հեշտ չէ: Ընդհանրապես հեշտ բան չկա, քանի որ շատ գաղտնի է արվում ամեն ինչ. մենք իսկապես չգիտենք՝ ովքեր են մասնակցում: Հաճելի է հետեւել, հիշել, խորանալ, քննարկել, թե ովքեր կարող են լինել»,- ասաց դերասանը:
Նա հավելեց, որ հրեշի կերպարը հետաքրքիր չէր, դրա համար էլ իրեն շուտ հանեցին, իսկ եթե այս անգամ մասնակցեր, ապա շատ կուզեր լինել մումիայի դերում, քանի որ այն հետաքրքիր ու յուրահատուկ է, իսկ ինքը սիրում է արկածներ:
«Դիմակահանդես» հեռուստաշոուն
Շոուից դուրս գալիս նա Առաջին ալիքին խոսք էր տվել՝ վերադառնալու է եւ իր վրեժը լուծելու. «Շատ կանխատեսելի կլիներ, եթե Էրիկը դառնար ժյուրիի անդամ, իսկ Ռաֆայելը դուրս գալու պահին ասում էր, որ պետք է իր «մուռը հանի», մենք էլ մտածեցինք՝ գա, նստի հետախույզների հետ ու փորձի բոլորին բացահայտել եւ հեռացնել նախագծից այնպես, ինչպես իրեն հանեցին»,- կատակեց Դավիթ Ծերունյանը:
Նախածի երաժշտական պրոդյուսերն Անուշիկ Տեր-Ղուկասյանն է։ Շոուն պետք է ձանձրալի չլինի հեռուստադիտողի համար, եւ նույն հաղորդման ժամանակ երեք-չորս բալլադ իրար հետեւից չենք լսի, քանի որ պահվում է ժանրի ու բովանդակության հավասարակշռությունը:
«Դիմակահանդես»-ի ամենակարեւոր հատկանիշներից մեկը գաղտնիությունն է, իսկ այն հնարավո՞ր է պահել Հայաստանում
«Մեծ ու ծանր աշխատանք է: Նախ այդ դիմակներն են մեծ ու շատ ծանր: Գաղտնիությունն ապահովելու համար մասնակիցները երգի կամ պարի փորձերին չեն գալիս։ Նախապես այդ ամենը ձայնագրվում եւ տեսագրվում է, ուղարկում ենք իրենց, որպեսզի պարապեն, սովորեն, ու հետո բեմում մի անգամ կարողանում են դիմակով փորձ անել։
Մեր անձնակազմում ընդամենը 5-6 հոգի պետք է իմանա, թե ովքեր են մասնակիցները։ Ենթադրենք՝ հնչյունային ռեժիսորը, որն այդ երգերը ձայնագրում է ստուդիայում։ Բայց մնացածը, անգամ ռեժիսորները, պարուսույցներն էլ չգիտեն, թե ում համար են բեմադրություն անում»,- ասաց Ծերունյանը:
Նախագծի պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը
Հուշումներում կա՞ արդյոք սխալ տեղեկություն
«Չկա, երբեք: Հիշում եմ՝ առաջին եթերաշրջանում շատ էին մեկնաբանություններն այդ մասին, հետախույզներն էլ երբեմն չէին հասկանում, բայց դա ձեւաչափի կանոն է։ Հուշումներում երբեք սուտ տեղեկություն չի տրվում շփոթելու համար։ Մասնակիցը, երբ ժյուրիի հարցերին է պատասխանում, կարող է ստել, իր ընտրությունն է, բայց դա չի կարող վերաբերել հուշմանը: Բնականաբար, այդ տեղեկությունն այնպես է քողարկված, որ միանգամից մի քանի մարդու հիշեցնի»,- նշեց Դավիթը:
Նախորդ եթերաշրջանը նաեւ լի էր քննարկումներով. Առաջին ալիքին հեռուստադիտողը մեղարդեց իրեն «խաբելու» համար, քանի որ Միհրան Ծառուկյանը հանդես էր գալիս երկու կերպարով՝ ցուլ եւ լուսին, իսկ առաջին կերպարի հեռացման ժամանակ բեմում կանգնած էր նաեւ նրա մյուս կերպարը:
«Դիմակահանդես» հեռուստաշոուն
«Այս ձեւաչափը պատկանում է «Ֆրիմենթալ» ընկերությանը, որից էլ գնել ենք իրավունքը: Իրենց չափորոշիչներով մեկ մարդը կարող է երկու կերպարում հանդես գալ: Տարբեր երկրներում այդ փորձը կիրառվել է ու ավելի հետաքրքիր դարձրել շոուն, լավ ընդունվել, բայց չեմ կարող ասել, որ միանշանակ լավ ընդունվեց Հայաստանում. կարծիքները տարբեր էին: Շատերը մտածում էին, որ այդպես չի կարելի անել։ Իրականում խաբելու ոչինչ չկար։ Դա ձեւաչափի մաս է ու անգամ մեկ մասնակցից ավելի կարող են կրկնվել՝ խաղն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Երբ նույն մասնակիցը երկու կերպարով պետք է լինի բեմում, նրա մի կերպարով այլ մարդ է լինում քվեարկությանը, բայց ելույթների ժամանակ երկու դեպքում էլ ինքն է հանդես գալիս։ Ձեւաչափն է այդպես է պահանջում»,- հավելեց Ծերունյանը:
Հարցին՝ հնարավոր է նախորդ եթերաշրջանում հանդես եկած մասնակից հանդիպենք այս անգամ, պրոդյուսերը պատասխանեց. «Այս նախագծում ամեն ինչ հնարավոր է»։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանակարները տրամադրել է Առաջին ալիքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: